Սվետլանա Խաչատրյանը սկզբից չէր ուզում իր տարիքն ասել: Ծիծաղում է`«որ իմանաք աչքով կտաք»:
27 ծոռ ունի. վարդերի փնջերն անպակաս են սեղանից: «Թող ձեր ծոռներն էլ ձեզ համար ծաղկեփնջեր բերեն»,-Սվետա տատիկի ամենագլխավոր օրհնանքն է:
1935 թ. է ծնվել Իվանյան գյուղում, ադրբեջանցի տատմերի օգնությամբ: Այդ տարիներին հայերն ու ադրբեջանցիները դեռ իրար հետ «համերաշխություն էին խաղում», քիրվայություն անում:
Հայրը մահացել է 1942 թ. պատերազմի ժամանակ` թողնելով բազմաերեխատար ընտանիքը: Սվետա տատիկը նույնիսկ այս տարիքում է կարոտով սպասում հորը:
Բազմաթիվ դժվարություններ ու զրկանքներ է տեսել Արցախի այան մինչև պատկառելի տարիքի հասնելը: Մինչև մեծ բնակարան ստանալը 5 երեխայի, ամուսնու, սկեսրայրի հետ ապրում էին շատ սուղ պայմաններում: Տեսել է արցախյան բոլոր պատերազմները:
Երբեք չի վախեցել և չի պատսպարվել նկուղում` «սպանում են, թող սպանեն»:
1990-ականներին նկուղում ծնվել է թոռը` 1450 գ քաշով: Խելացի բժիշկների և հարսի ջանքերով երեխան նույնիսկ այդ պայմաններում քաշ հավաքեց:
2020թ. պատերազմի օրերին Սվետա տատիկն իր մեծ ընտանիքի անդամների հետ զինվորների համար հագուստ և անհրաժեշտ իրեր էին կարում, ճաշ պատրաստում, օգնում ինչով կարող էին: Հիմա էլ տատիկը չի սիրում պարապ նստել: Թոռներին խնդրում է իր համար աշխատանք գտնել: Անընդհատ տան գործերն է անում: Ինչպես ինքն է նշում` ուրիշի տան:
Արցախյան կյանքի մասին խոսում է ոգևորությամբ, աչքերի փայլով.«Իմ աղջիկներին ամուսնացնելիս միշտ ասել եմ, որ սիրելով ամուսնանան, ինքնուրույն ընտրեն իրենց կողակցին, չլսեն կողքիններին: Երբ գնում ես ուրիշի տուն, պիտի հանես քո շորերը, հագնես իրենց շորերը, խոնարհ ու հարմարվող լինես: Ամուր ընտանիքն է ազգի հիմքը, իսկ ամենակարևորն այն է, որ միշտ հիշես` հետդարձի ճանապարհ չկա: Հիմա ջահելները չեն ուզում ամուսնանալ, նախընտրում են ազատ կյանքը: Դա չէ արցախյան ձևը…»:
Ամեն օր իր հետ բերած լուսանկարներն է նայում: Ամուսնու` Ենոքի նկարը առանձին է պահում`միշտ աչքի առջև.«Իմ 52 տարվա ամուսնուն ոչ ոքի հետ չեմ փոխի»:
Իր երբեմնի ազատ ու անկախ Արցախի, իր մեծ ու համերաշխ գերդաստանի հավաքույթների միակ վկայությունն են այդ լուսանկարները: «Պատերազմի օրը ես իմ տան իրերը դասավորել եմ այնպես, կարծես թե էլի եմ գնալու: Մեքենայում նստած մտածում էի, թե ինչն եմ կիսատ թողել: Մեր մեծ տնից, խանութից, այգուց ոչինչ չենք բերել: Միայն այս լուսանկարները: Երբ ես արդեն չլինեմ, ուզում եմ, որ թոռներս սրանք պահեն և փոխանցեն մյուս սերունդներին»,- ասում է նա:
80-ամյակին զավակները անակնկալ նվեր էին մատուցել տատիկին: Հավաքվել էին և մեծ շուքով նշել նրա տարեդարձը: Շուտով 90 տարեկան է դառնալու: Փափագն է`Արցախում նշել ծննդյան օրը…
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: