Բելգորոդում փլուզվել է բազմահարկ բնակելի շենքի մի ամբողջ մուտք

  • 15:23 12.05.2024

Բելգորոդում կիրակի՝ մայիսի 12-ի առավոտյան, փլուզվել է բազմահարկ բնակելի շենքի մի ամբողջ մուտք։ Սրանից քիչ առաջ քաղաքում հրթիռային տագնապ է հայտարարվել։ Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ մուտքը փլվել է «հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով»։

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ուկրաինական կողմը գնդակոծել է Բելգորոդը՝ օգտագործելով «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրը, «Վիլխա» և «ՌՄ-70 Վամպիր» բազմակի արձակման հրթիռային համակարգերը։ Հարձակումը հետ մղելիս ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են վեց «Տոչկա-Ու» հրթիռ, չորս «Վամպիր MLRS» հրթիռ և երկու «Վիլխա MLRS» հրթիռ։ Խոցված «Տոչկա-Ու» հրթիռներից մեկի բեկորները վնասել են Բելգորոդ քաղաքի բնակելի շենքը։

Ռուսական Telegram ալիքները հրապարակել են կադրեր, թե ինչպես է արկը հարվածում Բելգորոդի ծայրամասում՝ Շչորսի փողոցի թիվ 55 բնակելի շենքին։

Լուսանկարներից և տեսանյութերից երևում է, որ փլուզվել է պանելային տան ողջ մուտքը՝ առաջինից տասներորդ հարկ։ Ռուսաստանի Քննչական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ մահացել է մի կին, եւս 28 մեծահասակ և մեկ երեխա ստացել են բեկորային վնասվածքներ։ Mash Telegram ալիքը հայտնում է, որ փլուզված մուտքի փլատակների տակ մարդիկ ճչում են։ Փրկարարական աշխատանքների ընթացքում փլուզվել է տան տանիքը, իսկ շտապօգնության աշխատակիցներից մի քանիսը թաղվել են փլատակների տակ։

Ռազմական փորձագետները վստահ են, որ նշված զինատեսակներն ի վիճակի չեն նման լայնածավալ ավերածությունների պատճառ դառնալ։ Նրանք կասկածում են, որ կա՛մ ռուսական բանակի հերթական ավիառումբ է ընկել տան վրա, կա՛մ ներսում պայթյուն է տեղի ունեցել։