Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ մի խումբ իրավապաշտպաններ եւ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել արցախցիներին հայրենիք վերադարձը ապահովելու պահանջով։ Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ԵԱՀԿ-ն պարտավոր է լուծել արցախցիների վերադարձի հարցը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղիներ գտնելու բացառիկ մանդատ։ Նրանք նաեւ պահանջում են, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» չկնքվի առանց Արցախի հարցը հաշվի առնելու։
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչ միայն ԵԱՀԿ գործող նախագահին, այլ նաեւ Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը ուզում է տեղյակ պահել, որ «Իլհամը բնակեցնում է Շուշին»։
«Եվ որեւէ ընդվզում նույնիսկ ընդդիմադիր դաշտից չկա։ Տպավորություն է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը վաղուց կոնսենսուսի մեջ է Իլհամի հետ, որ օկուպացված Արցախում պետք է թուրքեր ապրեն։ Եվ որեւէ խոսք անգամ չկա Արցախ հայ փախստականների վերադարձի մասին։ Նոյեմբերի 9-ի ցեղասպանության այդ մոդելի տակ ստորագրեցին երեք հոգի, հանձինս նաեւ ՌԴ նախագահի։ Այդ ցեղասպանության մոդելի մեջ մի կետ կար, որը մեզ գոնե մի փոքր պետք է փրկեր, կանխեր ցեղասպանությունը հայության դեմ, դա փախսատականների վերադարձն էր։ Բայց եկեք ու տեսեք, որ այդ կետը հանգիստ իրացնում է Իլհամը, իսկ հայկական կողմը լուռ է, ոչինչ չի տեսնում։ Եթե տեր չունենք երկրի ներսում, որպեսզի հուսանք, որ ինքը գոնե տիրություն կանի իր ստորագրությանը, մենք ստիպված դիմում ենք դրսի ուժերին՝ ԵԱՀԿ գործող նախագահին՝ այն ակնկալիքով, որ իրենք տիրություն կանեն միջազգային իրավունքին, միջազգային նորմերին, գոնե ձեւական եւ կոչ կանեն կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, քանի դեռ չկա այդ հարցի շուրջ փոխադարձ պայմանավորվածություն, որով առաջին հերթին պետք է այնտեղից բռնի տեղահանված հայ մարդը վերադառնա»։
Ակցիայի մասնակցիները նամակ են փոխանցել ԱԳՆ՝ պահանջով, որ այն հանձնեն ԵԱՀԿ գործող նախագային։ Այս նամակն ավելի քան 200 կազմակերպություններից անունից տարածվել էր ամիսներ առաջ։ Մարիամ Ավագյանի խոսքով՝ այնտեղ փախստականների վերադարձի իրավունքի իրացման հարցն է դրված։
Հարցին, թե ի՞նչ պայմաններ պետք է ապահովվեն արցախահայության վերադարձի համար, Մարիամ Ավագյանը պատասխանեց․ «Քանի որ ես ցանկացած գործողության մեջ տեսնում եմ ցեղասպանություն, ապա մենք պետք է կանխենք այդ ցեղասպանությունը։ Իսկ դա կանխելու հայտնի մեկ մեթոդ կա՝ անջատում հանուն փրկության։ Եթե մեր քաղաքական վերնախավը բանակցային ողջ գործընթացում տարել է մի բան, որ Արցախը պետք է այսպես կոչված ինքնավար կարգավիճակ ունենա միգուցե Ադրբեջանի տարածքային ամբողջականության այդ կեղծ թեզի շրջանակներում, ապա անջատում հանուն փրկությանը ենթադրում է, որ Արցախը եւ նրա հայությունը պետք է ապրեն Ադրբեջանի ցանկացած տիպի վերահսկողությունից դուրս՝ միջազգային ուժերի ուղիղ աջացությամբ ու պաշտապնությամբ։ Թուրքի հետ անհնար է»,- հավելեց Մարիամ Ավագյանը։
Մարիամ Ավագյանը նաեւ ասաց․ «ԵԱՀԿ-ն նայում տեսնում է՝ հայությունը մղում, ցանկություն ունի՞ վերապրելու։ Եթե այո, ապա ինչո՞ւ է նրա քաղաքական վերանախավն ամբողջ 30 տարիներ դավադիր։ Այսինքն՝ ԵԱՀԿ-ին հարց տալուց առաջ հարցը տանք մեր քաղաքական վերնախավին, քանի որ քաղաքական վերնախավն է դիվանագիտական դաշտում խոսակցություն վարելու ԵԱՀԿ-ի հետ։ Այո, սա մի փոքր ակցիա է՝ մեր ձայնը հասցնելու ԵԱՀԿ-ին, բայց սա առաջին հերթին ակցիա է՝ ընդդեմ մեր քաղաքական վերնախավի։ Չորս գլխանի հրեշը նստած մեր երկրի մեջ, երկիրն ավերում է, պետք է կասեցնել։ Հայությունը պետք է ոտքի կանգնած լինի, պետք է լինի հայության որոշակի շերտ, որն անընդհատ հայության գոյության եւ Արցախի հարցը կենդանի կպահի»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: