ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգի այցը Հայաստան նշանավորվեց արցախյան հիմնախնդրի Հայաստանի հերթական ուրացմամբ։
Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը ԵԱՀԿ գործող նախագահին է փոխանցել արցախյան ավելի քան 200 քաղաքական ու հասարակական կազմակերպությունների՝ միջազգային կազմակերպություններին ուղղված կոչի տեքստը։ Հարցին՝ “ԵԱՀԿ-ն փակե՞լ է Արցախի հարցը. Եթե ոչ, ապա ինչպե՞ս է ԵԱՀԿ-ն պատկերացնում վերադարձը”, Յան Բորգը նշել է, որ իրենք մտադիր են զբաղվել Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար խնդիրներով, սակայն «ԵԱՀԿ-ն չի կարող միջամտել մի գործընթացի, որում ինքը ներգրավված չէ, և ԵԱՀԿ-ն հարգում է երկու երկրների դիրքորոշումը»։
Գործող նախագահը չխոսեց Մինսկի խմբի մանդատի մասին, բայց ամենակարեւորն այն է, որ Արարատ Միրզոյանն այս մասին չհիշեցրեց։
2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի ղեկավարությունը մի քանի անգամ կիսատ-պռատ հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա մանդատի ակտիվացման անհրաժեշտության մասին։ Բայց 2020 թվականի նոյեմբերի 9-ին Եռակողմ հայտարարությունը ստորագրած Նիկոլ Փաշինյանը չառարկեց, երբ Պուտինն ու Ալիևն ասացին, որ ժամանակն է Մինսկի խումբը “թոշակի ուղարկել”, և ամեն ինչ պետք է լուծվի “եռակողմ” ֆորմատով։ Իսկ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Մինսկի խմբի համանախագահներն ընդհանրապես դադարեցին հրապարակավ շփվել։
Եվ չնայած պնդում էին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն շփվում, սակայն 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության, ԵՄ-ի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների գաղտնի հանդիպումը, որում ձեռք բերվեց լիակատար կոնսենսուս՝ ագրեսիայի, օկուպացիայի եւ բնիկ բնակչության տեղահանման միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի «լուծման» մասին։
Անգամ այն ժամանակ Հայաստանի իշխանությունը չդիմեց Մինսկի խմբի և ԵԱՀԿ-ի մանդատին, չմեկնաբանեց Կոստանդնուպոլսում հանցավոր դավադրությունը և լռելյայն դարձավ դրա հանցակիցը։
Այն, որ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ չհիշեց Մինսկի խմբի մանդատի մասին, վկայում է, որ Հայաստանի իշխանությունն է արցախյան հիմնախնդրի «կարգավորման» վերաբերյալ հանցավոր կոնսենսուսի “տոն տվողը”՝ նույն սխեման Հայաստանի ողջ տարածքում ընդլայնելու հեռանկարով։ Արցախյան հիմնախնդրի «փակումն» ուղղակիորեն վկայում է Հայկական հարցը մեկընդմիշտ «փակելու» մտադրության մասին՝ միջազգային իրավունքի, ազգային ու պետական շահերի ոտնահարմամբ՝ հանուն ռուս-թուրքական ռազմավարության։
ԵԱՀԿ գործող նախագահը միայն ուսերը թոթվեց, երբ նրան փոխանցեցին Կոչը և զարմացած նայեց Արարատ Միրզոյանին, ով լռեց բերանը ջուր լցրած։
Իսկ Կոչում նշվում է, որ «1992 թվականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները ճանաչել են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների իրավունքը՝ մասնակցելու ԵԱՀԿ միջազգային համաժողովին, որը լիազորված է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»։ «Միջազգային հանրությունն արձանագրել է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ կան տարաձայնություններ՝ ընդունելով այդ տարածքի վիճելի բնույթը։ Այնուհետև Հայաստանն ու Ադրբեջանը դարձան ԵԱՀԽ/ԵԱՀԿ մասնակից երկրներ՝ պայմանով, որ կճանաչեն Լեռնային Ղարաբաղի հարցում տարաձայնությունների առկայությունը և կպայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կորոշվի խաղաղության կոնֆերանսում, որը կանցկացվի ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո։ Երկու պետություններն էլ միջազգային պարտավորություն են ստանձնել խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Այնուամենայնիվ, դառնալով ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ՝ Ադրբեջանը անմիջապես խախտեց վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու իր միջազգային պարտավորությունը։ Պաշտոնական Բաքուն ապօրինաբար ուժ է կիրառել ԼՂՀ-ի՝ որպես վիճելի տարածքի նկատմամբ՝ թույլ չտալու համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման միջազգային կոնֆերանսի անցկացումը»։
«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այսօր կանգնած է ընտրության առաջ՝ կամ վերականգնել միջազգային կարգը Լեռնային Ղարաբաղում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու այլ իրավունքների ու ազատությունների հիման վրա, կամ համաձայնել, որ շրջափակումը, զինված ագրեսիան, ցեղասպանությունն ու օկուպացիան կոնֆլիկտների լուծման օրինական ուղիներ են»,- ասվում է Կոչի մեջ։