Շոյգուի նշանակումը և նոր փուլ՝ հավերժական կյանք բոյարների և Կագանատի համար

  • 09:49 14.05.2024

Անդրեյ Բելոուսովի նշանակումը ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում բազմաթիվ վերլուծական կարծիքներ է առաջացրել․ որ շուտով պատերազմի բյույթը կփոխվի, և որ Պուտինը, նախքան «իրողությունների վրա հիմնված հաշտեցումը», ցանկանում է պաշտպանության նախարարությունում կոռուպցիայի ապացույցներ գտնել և անհաջող «СВО»-ի մեղքը բարդել զինվորականների վրա։

Չվիճարկելով այս բոլոր կարծիքները, միայն նկատենք, որ Սերգեյ Շոյգուի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում շատ ավելի «ծանրակշիռ» ցուցիչ է այն բանի, թե ուր կգնա պուտինյան Ռուսաստանը առաջիկա 6 տարում։

1994-ից 2012 թվականներին Շոյգուն եղել է Արտակարգ իրավիճակների նախարարը, և դա այն ժամանակաշրջանում էր, երբ Ռուսաստանը արտակարգ իրավիճակների իրական փորձադաշտ էր հիշեցնում։ Մի կողմից ջրհեղեղներ, բնական աղետներ, մյուս կողմից՝ բազմաթիվ ահաբեկչություններ, տների փլուզումներ, հարձակումներ։ Եվ ամենուր Շոյգուն հայտնվում էր որպես ազգի «փրկիչ»։ Չեչենական պատերազմների և «ներքին կայունության» հաստատման շրջանն անփառունակ ավարտ ունեցավ, երբ հայտնաբերվեցին «շաքարավազի պարկերը», և ակնհայտ դարձավ, որ ահաբեկչությունները ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն են։ Բայց արդեն ուշ էր. Ռուսաստանում հաստատվեց դասական «կուշտ տոտալիտարիզմ», որը բացառում էր այլընտրանքը։

Այն բանից հետո, երբ Պուտինը երրորդ անգամ դարձավ նախագահ 2012 թվականին, նա Շոյգուին նշանակեց պաշտպանության նախարար՝ նշանավորելով «արտաքին կայունության» հաստատմանն անցնելու քայլը։ Պուտինը, Ռուսաստանում տոտալիտար համակարգ հաստատելով և 2007-ին մյունխենյան ելույթով հանդես գալով, 2012-ին իրեն պատրաստ համարեց «հողերի հավաքմանը», իսկ Շոյգուն կրկին հայտնվեց Հորդայի ձիու վրա։ Դեռ այն ժամանակ պարզ էր, որ «հողը պետք է տեր ունենա», իսկ նախկին «կայսերական հողերը» չպետք է անտեր մնան։ Ոչ ոք լուրջ չէր վերաբերվում հանրապետությունների ինքնիշխանությանը։

Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանը ռազմատենչ քաղաքականություն է վարում իր հարեւանների նկատմամբ։ 2013-ին Հայաստանն առաջինն էր, որ զգաց այս քաղաքականությունը Արցախում։ Սկսվեցին դիվերսիաները, Ադրբեջանին զենքի մատակարարումները և Հայաստանի միտումնավոր թուլացումը, միջազգային բանակցությունների տորպեդահարումով՝ ցույց տալու, թե ով է տերը։

2014-ին Ռուսաստանը գրավեց Ղրիմը, իսկ 2015-ին զորքեր մտցրեց Սիրիա։ Միևնույն ժամանակ ստեղծվեցին ЧВК-ներ, որոնք գործում էին Աֆրիկայում, փոխում իշխանությունը և օգտագործում բազմաթիվ երկրների հանքային պաշարները, եւ ամենուր Շոյգուն ուներ իր “կալաշնիկովները”։

2020 թվականին Արցախի նկատմամբ իրականացվել է լայնածավալ ագրեսիա, որի արդյունքում այնտեղ հայտնվել են ռուսական զորքեր։ Շոյգուն ասել է, որ իրենք «Ղարաբաղում թուրքերի հետ համատեղ հաջող գործողություն են իրականացրել»։ Նույն տարում Ռուսաստանը օգնեց Լուկաշենկոյին պահպանել իշխանությունը և դառնալ Ռուսաստանի ամբողջական արբանյակը և միջուկային փորձարկման պոլիգոն:

2022 թվականի հունվարին ՀԱՊԿ-ի օգնությամբ Ղազախստանում «փոխվեց» իշխանությունը՝ ամբողջությամբ չեզոքացվեց անկախ Նազարբաևի գործոնը։ Իսկ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա և գրեթե հասավ Կիև։ Ուկրաինայում իշխանափոխությունը և ինչ-որ միութենական պետության ստեղծումը, ըստ երևույթին, պետք է նվեր լիներ Պուտինի 2024 թվականի ընտրությունների համար։

Բայց ամեն ինչ այնքան էլ այդպես չդասավորվեց: Եվ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարություններից հետո, թե Արևմուտքը չի վախենում Ռուսաստանի միջուկային շանտաժից և պատրաստ է ցամաքային զորքեր ուղարկել Ուկրաինա, պարզ դարձավ, որ Ռուսաստանի 10-ամյա ռազմական արշավը նախկին խորհրդային հանրապետությունների դեմ սպառվել է։ Ոչ ոք չի պատրաստվում հող տալ Պուտինին։

Պուտինը անցնում է «Օպերացիան N3»-ին՝ պայմաններ ստեղծելով իշխանության անփոփոխելիության համար և իր շրջապատը վերածելով ռուսական նոր ազնվականության՝ իշխանության ժառանգական փոխանցումով։ Դրա համար նրան պետք է Անվտանգության խորհրդում մարդ, ով պատրաստ է ամեն ինչի, որպեսզի դառնա ռուս-հորդայական արիստոկրատիայի մաս՝ խան: Եւ այդ անձը Շոյգու Կուժուգեթ-օղլուն է։

Ռուսաստանի կողմից չվերագրավված նախկին խորհրդային հանրապետությունները որոշ ժամանակ կքայքայվեն արևի տակ՝ ստեղծելով անտեր մոխրագույն «անվտանգության գոտի» Ռուսաստանի համար, իսկ Կրեմլում կսկսվի նոր բոյարների ձևավորումը՝ շեշտը դնելով գենետիկական հետազոտությունների և նոր արիստոկրատիայի և կագանատի հավերժական հավերժական կյանքի համար դեղամիջոցների ստեղծումը։