Կարինան քիմիկոս է, աշխատում էր իր մասնագիտությամբ: Սիրում է արվեստը և նորարարությունը, բայց առավել սիրում է նորարար արվեստը, իսկ երբ ծնվել էր հետաքրքրասեր աղջիկը` Տաթևը, Կարինան գտավ իր սիրելի գործը, որը հետագայում վերածվեց բիզնեսի` գիպսե արձանիկների պատրաստում:
«Տաթևը շատ հետաքրքասեր էր, ես էլ փորձում էի նրա համար հետաքրքրություններ ստեղծել: Այդպես մի օր խանութում գիպսե թութակ նկատեցի և ներկեր, այդ ժամանակ դա հազվադեպ էր և բավականին թանկ` 2011-2012 թվականներն էր: Տաթևին բնականաբար շատ էր դուր եկել, անընդհատ նորից էր ուզում, և այդպես ես որոշեցի, որ ինքս կարող եմ պատրաստել: Դա, կարելի է ասել, հեշտ էր, քանի որ քիմոկոս եմ: Հիշում եմ, որ սպասում էի աշխատավարձիս, որպեսզի գնեմ անհրաժեշտ նյութերը: Գնեցի, եկա տուն, պատրաստեցի ու կես ժամից ունեցա մի քանի փոքրիկ գիպսե արջուկներ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ դա ընդամենը երեխաներին զվարճացնելու համար ինչ-որ խաղ է, բայց իրականում այն իր մեջ ներառում է լուրջ ուսուցողական մոտիվներ` մանր մատորիակայի զարգացում, գույների ճանաչում, 3D պատկերների հետ շփում, որը կարելի է վերածել իսկական հեքիաթի»:
Հենց այսպես Կարինան սկսեց իր առաջին քայլերը` սկզբում Տաթևիկի, ընկերների, համար, իսկ հետո արդեն մանկական սրճարանների, կենտրոների համար:
«Սկզբում Տաթևիկի համար էի պատրաստում, հետո արդեն հետաքրքրություն առաջացրեց ընկերներիս, կոլեգաներիս մոտ, հետո արդեն մանկապարտեզները, մանկական սրճարանները ևս սկսեցին հետաքրքրվել: 2020թ. պատերազմի ժամանակ ժամանակավոր Երևանում էինք, ամեն ինչից մի պահ կտրվելու համար նորից գնեցի համապատասխան նյութերը և սկսեցի պատրաստել: Մեր փողոցի խանութին առաջարկեցի, և կարող եմ ասել, որ բավականին լավ էր վաճառվում»:
Կարինան անվան մասին շատ չի մտածել, ամեն ինչ պարզ էր` Տաթև է լինելու։
«Տաթևն իմ ոգևորության աղբյուրն է, անվան մասին չեմ էլ մտածել, պարզ էր, որ Տաթև էր լինելու: Թե՛ այս անվամբ, թե՛ իմ գործով ցանկանում եմ ուղերձ հղել, որ յուրաքանչյուր կին, աղջիկ պետք է ունենա իր անձնական տիրույթը, գործը, բիզնեսը, կամ թե ուղղակի հոբբին, պետք է կատարելագործվի, առաջ գնա»:
Ցավոք, տեղահանման ժամանակ նյութերի մի մասը չեն կարողացել բերել, եւ չնայած այժմ կարողացել է նորից ձեռք բերել անհրաժեշտ գրեթե բոլոր նյութերը, բայց հաշվի առնելով, որ հաճախորդների զգալի մասը Արցախից էին, վաճառքը այդքան էլ ակտիվ չէ: Բայց Կարինան կանգ չի առնում՝ իր անհատական դիզայնով պատրաստել է տատիկ պապիկի սիլիկոնե կաղապարը և այժմ նաև տարոսիկներ է պատրաստում:
Քրիստինա Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: