Դժգոհությունը ինչ-որ պահի դրսեւորվելու էր, հավանաբար հենց դրանից են վախենում իշխանությունները

  • 16:56 14.05.2024

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ ոստիկանության բռնի գործողություններին, որոնց միջոցով փորձում են ճնշել հանրության ընդվզումը։

«Սա շատ սպասելի էր, չբարեփոխված ոստկանությունը պիտի նույն գործիքակազմով աշխատեր, որով աշխատել է նախկինում։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ սա քաղաքական որոշում է, որովհետեւ մենք ունեցել ենք ժամանակահատված, երբ նույն չբարեփոխված ոստիկանությունը շատ ողջամիտ, պրոֆեսիոնալ ու զարմանալիորեն շատ ադեկվատ վարքագիծ է դրսեւորել։ Այսինքն՝ եթե նույն ելակետային տվյալների պայմաններում փոփոխություն է տեղի ունենում, դա նշանակում է միայն մեկ բան՝ բռնություն կիրառելու քաղաքական որոշման բացակայություն կամ արտահայտում։ Հիմա այլեւս որպես հաստատված փաստ կարելի է ասել, որ կա քաղաքական հրահանգ, այսինքն՝ քաղաքական իշխանության կողմից ողջունվում է այսպիսի վարքագիծը»,- ասաց Նինա Կարապետյանցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ իշխանության այս գործողությունները մեկ նպատակ ունեն՝ երկարացնել իրենց իշխանությունը, մեկ օր ավելի մնալ իշխանության։ Բայց մայիսի 9-ի հանրահավաքը, նրա խոսքով, ցույց տվեց, որ հասարակության մեջ լարվածությունը մեծ է։ «Ես բոլոր մեծ միջոցառումներին մասնակցում եմ՝ դիտարկելու ու հասկանալու համար նախ տրամադրությունները, ոստիկանության քանակը, գործողությունները։ Այսինքն՝ մոնիթորինգ եմ իրականացնում բոլոր խոշոր միջոցառումների ժամանակ, եւ վատ լուր ունեմ իշխանությունների համար՝ տրամադրությունները շատ ավելի լարված են, քան իշխանություններն ի վիճակի են պատկերացնել։ Շատ տեղին կլիներ այստեղ ասել՝ պարոն վարչապետ, դուք չեք տիրապետում իրավիճակին կամ ձեզ ճիշտ չեն զեկուցում։ Եթե փորձեն իրական հարցումներ կատարել, ապա կտեսնեն, որ անկախ կուսակցական պատկանելությունից կամ սոցիալական դիրքից, եկեղեցուն դավանել-չդավանելուց, Հայաստանում, թերեւս շատ քիչ մարդիկ կան, ովքեր կողմ են վարվող քաղաքականությանը։ Մեծ մասն իսկապես դժգոհություն ունեն, եւ այդ դժգոհությունը վստահաբար ինչ-որ պահի դրսեւորվելու է։ Հավանաբար հենց դրանից են վախենում իշխանութունները»,- նշեց Նինա Կարապետյանցը։

Ռոզա Հովհաննիսյան

f