Ակնհայտ է, որ Արցախի խնդիրը փակ չէ, եւ Մինսկի խմբից հնարավոր չէ ուղղակի հրաժարվել

  • 22:32 14.05.2024

Step1.am-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Պարո՛ն Ղուկասյան, ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում նրան փոխանցվեց արցախյան ավելի քան 200 կազմակերպությունների կոչը։ Հարցին, թե ԵԱՀԿ-ն փակե՞լ է Արցախի հարցը, հստակ պատասխան չհնչեց։ Ի՞նչ եք կարծում՝ ԵԱՀԿ-ն կարո՞ղ է ուղղակի հրաժարվել իր մանդատից ու փակել Արցախի հարցը։

-Ես չեմ կարծում, թե ԵԱՀԿ-ն կարող է այդ մանդատից հրաժարվել։ ԵԱՀԿ-ն մանդատ է տվել Մինսկի խմբի համանախագահող պետություններին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Ռուսաստանին, Արցախի հարցի կարգավորման համար։ Բացի այդ, Մինսկի խմբի մյուս անդամ պետությունները նույնպես ունեն մանդատ՝ Արցախի հարցին լուծում տալու եւ Մինսկի կոնֆերանսում այդ լուծումը հաստատելու։ Այսինքն՝ դա այնպիսի բան չէ, որից կարող են ուղղակի հրաժարվել։ Այս իրավիճակը Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետեւանքն է։ Բայց քաղաքակիրթ աշխարհը չի կարող ընդունել ո՛չ ցեղասպանությունը, ո՛չ ուժի կիրառումը՝ որպես ինքնորոշման իրավունքը ճնշելու կամ վերացնելու գործիք։ Եվ ակնհայտ է, որ Արցախի խնդիրը փակ չէ։

-Եթե Հայաստանում լինի իշխանություն, որը կփորձի վեր հանել այս հարցերը, վերականգնել Մինսկի գործընթացը, դուք Արցախի հարցի լուծման համար ի՞նչ հնարավորություն եք տեսնում։

-Հայաստանն ու Ադրբեջանն ունեն պարտավորություն՝ կարգավորելու Արցախի խնդիրը։ Եվ դա Հայաստանի միջազգային պարտավորությունն է։ Հիմա պատասխանատու պահ է, որովհետեւ միջազգային լեգիտիմ որոշումներից շեղում տեղի ունեցավ 2020 թվականին, երբ Արցախի վրա տեղի ունեցավ հարձակում, դրանից հետո որոշում կայացվեց այնտեղ տեղակայել ռուսական զորքեր։ Հիմա ռուսական զորքերը դուրս են եկել Արցախից, եւ խնդիրն սպասում է իր լուծմանը։

Արցախում պետք է տեղակայվեն բազմազգ միջազգային զորքեր, պետք է տեղակայվի ՄԱԿ-ի վարչակազմը, այդ վարչակազմի ու միջազգային խաղաղապահ ուժերի հսկողության տակ պետք է լինի Լաչինի միջանցքը։ Եվ պետք է պայմաններ ստեղծվեն՝ հանրաքվե անցկացնելու համար, որպեսզի մարդիկ իրենք ազատ ու առանց որեւէ սպառնալիքի ազդեցության որոշեն իրենց կարգավիճակը՝ իրենք Հայաստանն ու Արցախը տեսնում են միասի՞ն, Արցախը տեսնում են որպես անկախ պետությո՞ւն, թե՞ ցանկացած այլ ձեւաչափ պետք է լինի։ Դա Արցախի ժողովրդի իքնուրույն որոշման հարցն է։

Այն, ինչը սա մերժում է, որ լեգիտիմ է։ Եվ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում, իհարկե, մեծ նշանակություն ունի Արցախի շուրջ հիմա ստեղծված իրավիճակի համար։ Ցավոք սրտի, օրվա իշխանությունները շարժվում են Թուրքիայի ու Ադրբեջանի տեսլականով եւ փորձում են այդ հարցն օրակարգից դուրս բերել։ Դա վնասում է Արցախի հարցի խաղաղ կարգավորմանը եւ Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության  հաստատմանը։

Ռոզա Հովհաննիսյան