Պատմում է Տեր Դերենիկ Սահակյանը
2022 թվական: Երկու տարի էր անցել սարսափելի պատերազմից հետո: Ադրբեջանցիներով շրջապատված Դադիվանքում, որտեղ հայ հոգևորականներն էին հերթափոխով ծառայում, առանձնահատուկ իրադարձություն էր՝ հայ ուխտավորներ են գալիս: Տեր Դերենիկ Սահակյանն իր սարկավագների հետ, բառի ամենաուղիղ իմաստով, սրտատրոփ սպասում էր: Ուխտավորներն ուշանում էին, քանի որ ճանապարհին ադրբեջանցիները երկար ժամանակ կանգնեցրել էին մեքենան, ուխտավորներին մեքենաներից հանել, ստուգել պայուսակները: Վիրավորանքն ու ցավը կուլ տալով՝ ուխտավորները վերջապես հասնում են վանք: Գրկախառնումի և ուրախության իդիլիա: Բնությունն էլ, որ մի օր առաջ դեռ փոթորկվում էր, խաղաղվել էր, նույնիսկ արևն էր ծագել: Դադիի գերեզմանի վրա մատուցվեց ամենահիշվող բաց Պատարագը: Ադրբեջանցիների տրակտորների աղմուկը նույնիսկ չկարողացավ խլացնել Հայր Սուրբի զրնգուն ձայնը: Պատարագից հետո կարևորի ու անկարևորի մասին խոսելու պահն էր: Ցավն ու ուրախությունը դեռ այսքան կողք կողքի չէին եղել: Հրաժեշտը միայն մեկ բառով է նկարագրելի՝ ծանր, բայց սա Դադիվանքի, նրա հոգևորականների և ուխտավորների համար այն հազվադեպ երջանիկ օրերից մեկն էր:
Ծառայություն Դադիվանքում
2020 թվականի ցավալի պայմանագրից հետո Արցախը հայտնվեց մի կարգավիճակում, երբ ամբողջությամբ այլ իրականություն էր ստեղծվել։ Այդքան պայքարից հետո հասանք մի իրավիճակի, երբ այդ ծանր օրերում գտանք մի նշույլ հույս, հավատ, որով խարսխեցինք մեր մնայուն ներկայությունը հայոց հողի վրա։ Արդեն նոյեմբերին, երբ առանց կրակոցի հանձնվեց Քարվաճառը, որտեղ և Դադիվանքն էր, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսիո Ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլին, որպեսզի միջնորդեն, և Դադիվանքը մնա ու գործի որպես հայկական վանք, հայ հոգևորականներն էլ այնտեղ կատարեն ծիսապաշտական արարողություններ։ Հուրախություն բոլորիս՝ այդպես էլ եղավ, Դադիվանքը վերադարձվեց մեզ։
Մինչև իմ Դադիվանք գնալը հոգևորականները հերթափոխով կատարում էին իրենց ծառայությունը։ Այդ շնորհն ինձ էլ հասավ։ Մինչ այդ Եգիպտոսում էի ծառայում։ Մենք ունենք բավականին հին արմատներ ունեցող թեմ այնտեղ։ Համայնքային կյանքը հետաքրքիր էր՝ նոր աշխարհ, նոր մարդիկ, բայց հայրենիքի կարոտը մեծ էր։ Հայրենիքն էլ է կարոտ քո ֆիզիկական ներկայությանը։ Կարևոր չէ, թե նրա որ հատվածում ես, տեղային շեշտադրում չկա։ Սա վերացականի ու աներևույթի մասին չէ, սա իրականի ու շոշափելիի մասին է։ Թեև այս պահին Արցախը մեր ձեռքին չէ, բայց այն վերացական չէ։ Թղթերով չես համոզի, քանի որ մեր նախնիների շիրիմներն այնտեղ են։ Սա միամիտ ու թրթռացող հույս չէ։ Ամեն ինչ, ի վերջո, վերադառնում է ի շրջանս յուր։ Սա կյանքի փիլիսոփայությունն է, դրա համար, որքան էլ ժամանակ անցնի, ակունքը չի մոռացվում։
Առօրյա
Դադիվանքի օրերը չվերջացող օրեր են։ Գիշերով չի ավարտվում օրը։ Ամեն օրը նոր էր, հետաքրքիր, այն քեզ ապրեցնում էր։ Տարուց ավել այնտեղ էինք, բայց ոչ մի օր չենք ձանձրացել։ Դադիվանքը տալիս էր ապրելու, աղոթելու, հույս ունենալու մի նոր ձև։
Թեև ընդամենը երկու անգամ են ուխտավորներ եկել, ու մեկ տարի ընդհանրապես մարդ չի եկել, բայց ես և երկու սարկավագները օրվա մեջ երկու-երեք անգամ կատարում էինք ժամերգություն, կիրակիներին՝ Պատարագ։ Երբևէ չի եղել, որ ուղղակի գնանք ժամերգության, միշտ մանրակրկիտ պատրաստվում էինք։ Նաև եկեղեցու բարեկարգման գործերով էինք զբաղվում, ծաղիկներ էինք ցանում, խնամում։ Շրջափակման ժամանակ, երբ սննդամթերքի խնդիր կար, մի փոքր հողակտոր մշակում էինք։
Դադիվանքի ողջ օրերի ընթացքում մշտապես գտնվել ենք Վեհափառ Հայրապետի հայրական հոգածության ու ուշադրության ներքո: Իսկ թեմն ամեն ինչ անում էր մեր կարիքները հոգալու համար։ Շնորհակալ ենք Վրթանես արքեպիսկոպոս Աբրահամյանին, հոգևորաց դասին՝ ի դեմս Տեր Անդրեասի, ով ջանք ու եռանդ չէր խնայում մեզ օգնելու համար։
Դադիվանքում լինելու օրերին օրագիր էի պահում։ Ու հիմա, երբ կարդում եմ գրառումներս, հասկանում եմ, թե այդ դժվարությունների ու պակասի մեջ որքան երջանիկ էինք։ Այն, որ քո ֆիզիկական ներկայությամբ մի ամբողջ վանք պաշտպանված ու պահված է, դա էր արժեքավորը։ Մնացածը ստորադասվում է։ Աստված պետք է լինի առաջինը։ Բոլոր տեսակի մարմնական դժվարությունները երկրորդական են, դրանք չպետք է վնասեն գաղափարն ու առաջնայինը։ Մեր կյանքի խնդիրներից մեկն էլ այն է, որ առաջնայինը և երկրորդականը շփոթում ենք։
Ուխտավորներ
Մեծագույն ուրախություն էին ուխտավորների այցելությունները, որ, ցավոք, ընդամենը երկու անգամ տեսանք՝ 2020 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներ։ Այդ օրերն իսկական տոն էին դառնում։ Անհամբեր սպասում էինք, որովհետև ամիսներով մարդ չէինք տեսնում։ Մաքրություն էինք անում, ամեն բան անում էինք ներկայանալի լինելու համար։ Ուրախություն էր։ Չէինք ցանկանում, որ ուխտավորները գային ու տեսնեին սահմանափակված իրականության մեջ ապրող տխուր մարդկանց։ Մարդիկ երբեմն հարցնում էին, թե ինչպես ենք մեն-մենակ, չորս կողմից շրջապատված, մնում այնտեղ։ Բայց մենք երջանիկ էինք, որովհետև հայոց հողի հետ ապրումակցում էր, ոչ թե սոսկական կյանք: Այդ ուրախությունը, հույսն ուզում էինք ուխտավորներին փոխանցել։
Ռուս խաղաղապահներ
Ռուս խաղաղապահները մշատապես ներկա էին և Դադիվանքի անվտանգությունն էին ապահովում։ Նրանց հետ ջերմ փոխհարաբերություններ ունեինք։ Շատերը պատարագներին մասնակցում էին, քանի որ իրենք էլ քրիստոնյա են։ Ամեն կիրակի՝ Պատարագից հետո, հայկական ուտեստներ էինք պատրաստում, հյուրասիրում։ Դրանով նաև մեր մշակույթն էինք ներկայացնում։ Ռուս զինվորներից շատերը Արցախի և Դադիվանքի մասին ամբողջական տեղեկություն չունեին, և այդ ամենը նրանց հետ խոսելու, պատմելու առիթ էր: Նաև շատ զրույցենր էինք ունենում հոգևոր թեմաներով, մեր պատմության մասին:
Սևուկը
Ինչպես ասացի, օրեր շարունակ նույն մարդկանց դեմքերն էին, նոր մարդիկ չէինք տեսնում։ Այդ ընթացքում սկսում էինք կապվել կենդանիների հետ։ Թվում էր՝ մարդկային լեզուն նրանք էլ են ընկալում։ Կատուներ ունեինք, իսկ ես՝ նաև Սևուկին:
Մի մութ ու մռայլ գիշեր ձայներ լսեցինք, պարզեցինք, որ շուն է, որն օգնության կարիք ուներ։ Թույլ տվեցի, որ մոտենա։ Հասկացա, որ այդ շանը պետք է պահեմ։ Հետո պարզվեց, որ դա «այն կողմից» եկած շունն է։ Եկան ու տարան շանը։ Հաջորդ օրը Սևուկը փախավ ու նորից եկավ մեզ մոտ և այլևս չհեռացավ մեզանից։ Մնաց որպես պահապան Դադիվանքին:
Պահպանել Դադիվանքը
Արցախի մշակույթի պահպանության գրասենյակ ունենք՝ հաստատված Վեհափառ Հայրապետի կողմից։ Բավականին մեծ աշխատանքներ են տարվում միջազգային հարթակներում՝ ներկայացնելով մեր սրբությունները, պատմականությունը, հայկական ծագումնաբանությունը։ Թեև ցավալի է, որ դու ստիպված ես ապացուցել, որ քո սեփականն իսկապես քոնն է։ Դադիվանքի մասին էլ փորձում են կեղծ պատմություններ ներկայացնել։ Նրանց կողմից ձևակերպված որևէ «պատմական փաստ» անգամ փոքր քննության չի կարող դիմանալ: Տեսնում ենք, թե ինչպես են պղծում սրբությունները, շիրիմները։ Մեկը, ով մայր ու մանուկ սովամահ է անում, ի՞նչ պետք է ակնկալես նրանից։ Պետք է անընդհատ ասել ու ներկայացնել, բարձրաձայնել, որ սա քո ստեղծածն է, քո արժեքն է։ Գալիս է մի ժամանակ, երբ ճշմարտությունը կարիք ունի ճշմարտության, արդարությունը՝ արդարության։ Հիմա այդ ժամանակներում ենք։
Մտքեր
Ամենաառանցքային միտքը, որ վերջնականապես ձևակերպվեց իմ մեջ Դադիվանքում, այն է, որ Աստված է քո միակ հույսը, և երկրորդ, որ երբեք չպիտի հանձնվես։ Կամային խորը զգացմունքներ է ինձ տվել Դադիվանքը, սկսել եմ ավելի սիրել եկեղեցիս ու հայրենիքս։ Երբեք վախի զգացում չեմ ունեցել Դադիվանքում, որովհետև վախը մարդուն չսիրելու, չօգնելու, չգործելու պատճառ է դառնում։ Որտեղ կա վախ, այնտեղ կա ձախողում, նահանջ։
Չարը հաղթե՞լ է
Ցավ ի սիրտ, երբեմն մեր ազգն իր ընկալումներում, պատկերացումներում միաբան չէ։ Ամեն մեկն իր փրկության ծրագիրն է ներկայացնում։ Հիմնականում խոսքեր են՝ առանց գործերի։ Մեր ազգի միասնությունը կլինի եկեղեցով՝ որպես հիմնասյուն։ Այստեղ-այնտեղ փրկիչներ մի փնտրեք։ Մենք միայն մի փրկիչ ունենք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ի՞նչ է նշանակում գալ հասնել 21-րդ դար և խոսել հայրենիք ու պետություն ունենալ-չունենալու մասին։ Կկվի նման պատմության ընթացքում Նախիջևանը տվեցինք, այսօր Արցախը, հիմա ի՞նչ՝ երրորդը Սյունի՞քը պետք է տանք։ Ի վերջո, եկեք մի օր նայենք ճշմարտության աչքերի մեջ՝ երեկը տեսնելով, ճիշտ կառուցենք ապագան: Եվ այսօր ասենք՝ այլևս երբեք: Հաստատուն կամքով ամուր մնանք մեր հայոց հողում, մեր հայոց սրբությունների հետ: Գործելու ժամանակն այսօր է: Եվ գիշեր-ցերեկ անձանձիր կերպով աշխատենք, որպեսզի մեր հայոց ազգի Գողգոթայի չարչարանքներն ավարտվեն, որ շուտ հասնի Հարությունը՝ լցված հույսով ու հավատով:
Խոսք՝ արցախցիներին
Հոգով, սրտով ես էլ այլևս արցախցի եմ։ Այս ցավի ու դժվարությունների մեջ եկեք ձեռք-ձեռքի ու սիրտ-սրտի քայլենք։ Ցավի մեջ էլ կա շնորհ, այն, ի վերջո, կարող է ուժ դառնալ՝ հաղթահարելու ցավն ու դժվարությունները։ Կհորդորեի, որ մարդիկ հաճախ եկեղեցի գնան, աղոթեն, մկրտվեն, քանզի Աստծուց է զորությունն ու մխիթարությունը տրվում։
Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: