ՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ն Հարավային Կովկասի երկրների տարանցիկ ուղիների բարելավմանն ուղղված հուշագիր են ստորագրել

  • 11:59 16.05.2024

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման վերաբերյալ, որը նաև հայտնի է որպես «Միջին միջանցք»՝ Հարավային Կովկասի միջոցով Ասիայի և Եվրոպայի միջև կապի հետագա բարելավման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ գործընկերությունը կկենտրոնանա առևտրի ընդլայնման, կանաչ էներգետիկայի, արդյունաբերության նոր ճյուղերում ներդրումների, ինչպես նաև տրանսպորտային և թվային ենթակառուցվածքների վրա Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:

««Միջին միջանցք»-ի ամրապնդումը կստեղծի նոր, տնտեսությունը վերափոխող հնարավորություններ ամբողջ տարածաշրջանում և այլընտրանքային տրանսպորտային ուղի կապահովի առկա առևտրային միջանցքներին:

Փոխըմբռնման հուշագիրն ուղղված է տարածաշրջանում էներգետիկ, տրանսպորտային, թվային և գյուղատնտեսական ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտների պլանավորման, նախագծման և կառուցման կատարելագործմանը: Այն նաև ուղղված է մաքսային, սակագնային եւ սահմանային գործողությունների արդյունավետության բարձրացմանը, Միջին միջանցքի զարգացման համար Հարավային Կովկասի երկրների տնտեսություններում մասնավոր ներդրումների ներգրավմանը, Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրների միջև տնտեսական փոխգործակցության խթանման համար միջազգային ամենաբարձր չափանիշների ներդրմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Համագործակցության մյուս առաջնահերթությունները կենտրոնացած են ածխածնի ազատ էներգիայի օգտագործման հնարավորությունների մեջ ներդրումների ընդլայնման և կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության ընդլայնման քաղաքականության և կառավարման բարեփոխումների խթանման վրա:

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է ՎԶԵԲ-ի բանկային հարցերով փոխնախագահ Մատեո Պատրոնեի և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպական և Եվրասիական բյուրոյի ադմինիստրատորի օգնական Էրին Էլիզաբեթ Մակքիի կողմից՝ Հայաստանում անցկացվող ՎԶԵԲ-ի ամենամյա հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում:

f