Դա ապօրինի է։ ՀՀ անունից այդպիսի պարտավորություններ կարելի է ստանձնել միայն վավերացված միջազգային պայմանագրով

  • 13:14 16.05.2024

«Այդ արձանագրություններն ապօրինի են, որովհետեւ ՀՀ անունից միջազգային պայմանագիր չի կարող ստորագրել մի հանձնաժողով, որն ընդամենը կառավարությանը կից խորհրդատվական կառույց է»,- կառավարության շենքի մոտ լրագրողներին ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրությանը։ Նա հիշեցրեց, որ այս հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։

«Եթե այդ արձանագրության մեջ ՀՀ անունից լինի ինչ-որ պարտավորություն՝ զինված ուժերը հետ քաշել, սահմանն ինչ-որ տեղով տանել, ապա նորից ուզում ենք վերահաստատել մեր դիրքորոշումը՝ դա ապօրինի է։ ՀՀ անունից այդպիսի պարտավորություններ կարելի է ստանձնել միայն պատշաճ կերպով վավերացված միջազգային պայմանագրով։ Իսկ միջազգային պայմանագիրը պետք է վավերացվի ԱԺ կողմից, նաեւ քանի որ վերաբերում է տարածքին, պետք է ընդունվի ժողովրդական հանրաքվեի միջոցով։ Իսկ այն պաշտոնատար անձինք, որոնք այդ փաստաթղթերն ստորագրում են, ուզում եմ իրենց կրկին հիշեցնել՝ դուք օրենք ու Սահմանադրություն եք խախտում, վաղ թե ուշ պատժվելու եք, կանգնելու եք դատարանի առաջ»,- ասաց Չալաբյանը։

Նա ասաց, որ խորհրդարանական ընդդիմությունն անում է հետեւյալ առաջարկը՝ այդ արձանագրությունը պետք է շատ արագ կարգով բողոքարկել Սահմանադրական դատարան։ «Մեր խորհրդարանական ընդդիմությունը պետք է օգտվի իր իրավասությունից, դիմի ՍԴ, որպեսզի այդ արձանագրությունների սահմանադրականությունը կամ իրականում հակասահմանադրականությունն ապացուցվի ՍԴ-ում»,- հավելեց նա։

 

f