Միայն Հայրենիքի ու անմեղ տղաների կորուստների ցավն է, որ երբեք չի անցնի։
Աննան Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից է հարս գնացել Արցախ աշխարհ։ Անմիջապես հարմարվել է նոր միջավայրին ու ստեղծել իր գեղեցիկ ընտանիքը։ Բռնատեղահանվելոց հետո ապրում է Կապան քաղաքում։ Երեք աղջիկ ունի, և այսօր մտածում է անել հնարավորը, որ կարողանա ոտքի կանգնել ու երեխաներին հասցնել իրենց նպատակներին։
Որպես դասվար Արցախում Աննան աշխատում էր Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ ) Ասկերանի “Շող” ցերեկային կենտրոնում։ Աշխատանքին զուգընթաց նա զբաղվում էր նաև հելունագործությամբ։ Դեռևս փոքրուց էր նրա մոտ նկատվում սեր դեպի թելերն ու գեղեցիկ իրերի ստեղծումը։
-Երբ բռնի տեղահանվեցինք Արցախից, որոշեցինք մեկնել Ռուսաստան, քանի-որ այստեղ չէինք կարողանում աշխատանք գտնել, իսկ տների վարձավճարները շատ բարձր էին։ Սակայն երեխաներս, առանձնապես ավագ դուստրերս, չկարողացան հարմարվել այնտեղի բարքերին, նրանց համար ամեն ինչ օտար ու խորթ էր։ Վերադարձանք ու բնակություն հաստատեցինք Կապան քաղաքում։ Երեխաներս հաճախում են դպրոց, լավ են սովորում, ինտեգրվել են միջավայրին, ու վերջապես նրանց աչքերում ես ուրախություն եմ տեսնում։ Իմ մասնագիտությամբ դեռևս չեմ աշխատում, քանի-որ փոքր աղջիկս դեռ 8 տարեկան է։ Սակայն պարապ նստել ևս չեմ կարող և զբաղվում եմ հելունագործությամբ ու կարուձևով։
Իհարկե, դժվարություններ շատ կան, սակայն ԱՀԱ ընկերակցության աջակցության շնորհիվ կարողանում եմ հաղթահարել դրանք,-պատմում է Աննա Սարգսյանը։
Աննան ԱՀԱ ընկերակցության կողմից նյութական աջակցությունների հետ մեկտեղ, ստանում է նաև բարոյահոգեբանական օգնություն։ Ինչպես Արցախում, այստեղ ևս ընկերակցության անդամները շարունակում են միասնական ու առողջ թիմ լինել։
Օրերս նա մասնակցել է ԱՀԱԸ- կողմից Վարդենիս քաղաքում կազմակերպված “Կեցություն և կենսաապահովություն” ծրագրին, որը նպատակ ունի աջակցելու Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին՝ վերսկսելու իրենց բնականոն կյանքը և հոգալու երկարաժամկետ կարիքները Հայաստանի տարբեր մարզերում։ Ծրագիրն իր մեջ մի քանի բաղադրիչներ է ներառում՝ սոցիալական, առողջապահական, տնտեսական և այլն։ Եռօրյա բիզնես-դասընթացից հետո Աննան կունենա եկամտի հիմնական և մշտական աղբյուր ու կկարողանա ապահովել ընտանիքի կարիքները։
-ԱՀԱԸ աջակցությամբ շատ շուտով ձեռք կբերեմ կարի մեքենա և հելունագործության համար համապատասխան հումք, ինչը շատ կհեշտացնի իմ աշխատանքը։ 2023 թվականի օգոստոս ամսին Արցախում պահանջարկ կար նաև պայուսակների։ Ես կարում էի, իսկ աղջիկս պատվիրատուների ցանկությամբ նկարում էր պայուսակների վրա։ Մտադիր եմ նորից վերսկսել, ինչպես նաև կզբաղվեմ դերձակությամբ։ Ուսումնասիրում եմ հելունագործության նրբությունները, գրականություն եմ ընթերցում և ցանկանում եմ սովորել ավելին։
Կարծում եմ՝ երբեք ուշ չէ սովորել, և սիրով եմ մասնակցում բիզնես-դասընթացներին, – ասում է Աննան և ավելացնում,-ամուսինս դեռևս աշխատանք չի գտել, իսկ իմ աշխատած գումարը բավարար չէ ընտանիքի կարիքները հոգալու համար։
Այն փաստը, որ ես ծնվել եմ Հայաստանի Հանրապետությունում և հայրական տանս ունեմ փոքրիկ բաժնեմաս, խոչընդոտում է պետության կողմից աջակցություն ստանալուն։ Ես ու երեխաներս ստանում ենք ընդամենը կոմունալ ծախսերի համար նախատեսված 10000-ական դրամ հատուցումը։ Չգիտեմ, թե երբ կլուծվի այս հարցը ու կարծում եմ՝ շատերն են կանգնած այս խնդրի առաջ։ Գիտեմ միայն այն, որ պետք է աշխատես ու ինքդ հոգաս քո կարիքները․ չէ՞ որ արցախցին ուժեղ ու ստեղծող է։ Մենք, որ հաղթահարել ենք 9-ամսյա շրջափակումը, դժոխային ճանապարհը, պարտավոր ենք հաղթահարել նաև այս դժվարությունները։ Միայն Հայրենիքի ու անմեղ տղաների կորուստների ցավն է, որ երբեք չի անցնի։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: