Արարատ Միրզոյանը խարխլում է եվրոպական անվտանգության հիմքերը և կստանա Լուկաշենկո-Ալիևի անվան շքանշան

  • 21:18 17.05.2024

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 133-րդ նիստում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ուժի չկիրառման նորմը խախտելու շեմը տագնապալի բարձր է»։

«Ռեյկյավիկի գագաթնաժողովից հետո Եվրոպայի խորհրդի աշխարհագրական տարածքում, մասնավորապես, Հարավային Կովկասում էական փոփոխություններ տեղի ունեցան մարդու իրավունքների և հումանիտար ոլորտում։ 2023 թվականի սեպտեմբերին իննամսյա շրջափակումից հետո Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով  աշխարհը ականատես եղավ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, որն արձանագրվել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի փաստահավաք այցի ժամանակ 2023 թվականի հոկտեմբերին»,- ասաց նախարարը։

Թվում էր, թե այսքանից հետո մի մարդ, որի անվան վրա Հայաստանում տաբու է դրված, կդատապարտի արցախյան հիմնախնդրի ուժային լուծումը, որը գտնվում է Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի պատասխանատվության գոտում։ Թվում էր, թե նա կպահանջի պատժել Ադրբեջանին և Ռուսաստանին, որոնք, խախտելով ԵԱՀԿ մանդատը, անօրինական ուժով «լուծեցին» արցախյան հակամարտությունը 2020-23 թթ.։ Թվում է, թե նա կասի, որ նման «կարգավորումը» խարխլում է եվրոպական անվտանգության հիմքերը, քանի որ դա նախադեպ է դառնում տարածքային վեճերի ուժային լուծման համար, և եթե նման լուծումը ճանաչում ստանա, Եվրոպան կհայտնվի արյունալի հակամարտությունների անդունդում։ Սլովակիայի վարչապետի վրա կրակոցը շատերի մոտ անալոգիա առաջացրեց Դանիլո Պրինսիպի կրակոցի հետ:

Թվում է, թե ՀՀ ԱԳՆ ղեկավարը պետք է հիշեցներ, որ աշխարհում չկա որևէ փաստաթուղթ, որը կվկայի իբր վերականգնված «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին, և որ Թուրքիան և Ադրբեջանը հիմա փաստաթղթեր են մուրում Հայաստանից, որ “հաստատեն” իրենց «ամբողջականությունը»։ Եւ եթե Հայաստանը համաձայնի, ապա Եվրոպայում Պոստդամի համակարգը կփլվի։

Բայց ո՛չ, Արարատ Միրզոյանն ասաց, որ «ապրիլին Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես սկսեցին սահմանների սահմանազատման աշխատանքները՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչը ողջունվեց բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի»:

Արարատ Միրզոյանի այս ելույթը ոչ միայն ոտնձգություն է եվրոպական անվտանգության հիմքերի վրա, այլև փորձ՝ ԵԽ-ն դարձնել մեղսակից հայոց պետականության և եվրոպական քաղաքական համակարգի վերացման գործում։

Եվրոպայի փլուզմամբ շահագրգիռ ուժերը մի օր Արարատ Միրզոյանին կպարգևատրեն Լուկաշենկո-Ալիևի անվան շքանշանով՝ Շուշիի ավերված քրիստոնեական եկեղեցու ֆոնին։

Նաիրա Հայրումյան