Step1.am-ի զրուցակիցն է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
-Ինչ կասեք օրակարգում շրջանառվող իմպիչմենտի` վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի իրավական կողմերի եւ հնարավորությունների մասին:
-Մասնավորապես այս հարցին անդրադառնում է Ազգային ժողովի մասին սահմանադրական օրենքը: Օրենքի շրջանակներում Ազգային ժողովի որոշման նախագծով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվում: Կան իրավական ակտի տեսակներ, որոնցից է Ազգային ժողովի որոշումը և համապատասխան պատգամավորների 1 ⁄3-րդի դիմումը, որը այսօրվա դրությամբ կազմում է 36 պատգամավոր: Նախագծի մեջ պետք է անպայման նշվի վարչապետի թեկնածուի անունը: Այնուհետև 48-50 ժամվա ընթացքում կազմակերպվում է այդ նախագծի քննարկումը: Դրանից հետո ոչ շուտ, քան 45, ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում իրականացվում է քվեարկությունը և նախագիծը համարվում է ընդունված, եթե ընդհանուր թվի մեծամասնությունը կողմ է քվեարկել: Այսինքն` մեր դեպքում 54 պատգամավոր:
-Շատ արդիական և քննարկվող հարցադրում է պատգամավորների երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից մանդատները վայր դնելու հարցը: Ի՞նչ կասեք դրա մասին:
-Ես ի սկզբանե, երբ օրակարգ դարձավ պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցը, դեմ եմ եղել այդ գործընթացիներին, որովհետև, նախ, իրավական թվացյալ այդ միֆը տարածվեց. եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները, պետք է նորից ընտրություններ կազմակերպվեն: Ո’չ, այդպիսի իրավական ընթացք չկա և մանդատների վայր դնումը մեր սահմանադրությամբ` որպես Ազգային ժողովի արձակման հիմք նախատեսված չէ:
Երկրորդը, շատ կարևոր գործառույթներ ու հնարավորություն է տալիս այս մանդատը ընդդիմադիր պատգամավորներին և՝ ի դեմս ընդդիմադիր պատգամավորների` նաև մեր հանրության ողջ զանգվածին, որը օրերս գերակշիռ է դարձել: Սրբազան պայքարը, որը լայնամասշտաբ է և լայն աջակցություն ունի, առաջին պայքարը կամ շարժումը չէ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայով նախատեսված` մարդն անհնազանդության ակցիաի իրավունք ունի: Ոստիկանը իրեն կարող է թույլ տա ուժ գործադրել, երբ օրենքին հավասար պահանջները չկատարվեն: Եւ ընդդիմադիր պատգամավորը հնարավորություն է ունենում պրոցեսներին միջամտել: Այսինքն, իր մանդատով, անձեռնմխելիությամբ պատգամավորը կաշկանդում է ոստիկանության հակաիրավական քայլերը:
Բացի այդ, Ազգային ժողովի բարձր ամբիոնը այն միակ հարթակն է այսօրվա դրությամբ, որը Հանրային հեռուստաընկերությունը լուսաբանում է, պարտավորված է լուսաբանելու և չի կարողանում ֆիլտրել: Տեսնում ենք` ինչպես են պայքարի հետ կապված իրողությունները իշխող ուժի հայացքներով համեմված ներկայացվում, ինչը հարիր չէ որևէ պետության Հանրային Հեռուստաընկերության: Այս ամբիոնը միջոց է, որ քաղաքացին ունենա հնարավորություն ընդդիմադիր հայացքներ ունեցող գործչի դիրքորոշումը լսելու: Ընդդիմադիր պատգամավորները, այնտեղ գտնվելով, հնարավորություն ունեն սուր հարցերի վերաբերյալ լսումներ հրավիրելու:
Տաթև Ազիզյան