44-օրյա պատերազմից հետո Երեւան էի մեկնել` իմ արտասահմանցի հյուրին դիմավորելու, ով հետաքրքրված էր Արցախում վավերագրական ֆիլմ նկարահանել հետպատերազմյան իրականության մասին:
Երեւանում հյուրս պատմեց, որ կատարել է Արցախի ԱԳՆ բոլոր կարգադրությունները, էլեկտրոնային նամակ է ուղարկել, հավատարմագիր ստացել: Այսպես համոզված, որ ամեն ինչ կարգին է, մենք Արցախ մեկնեցինք հաջորդ օրը:
Տեղ գյուղի մոտ անցակետ է տեղադրվել, որտեղ մեզ կանգնեցրին: Տարբեր համազգեստներով, զենքերով ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցներ են: Չնայած անցակետը հայկական էր, բայց որքան հիշում եմ, նաեւ ռուսներ էլ կային, եւ հյուրի անձնագիրը վերցնելով, ճանապարհի մի վրանից մյուսն են տանում, ասում, որ սպասենք, քիչ հետո վերադարձնում անձնագիրը եւ բարի ճանապարհ մաղթում:
Բերձորում կարմիր-սպիտակ ուղեփակոց է, կիսադատարկ մի խանութ, որի տերը ձախով բռած աջ դաստակը կանգնած է շղթայված Coca‑Cola-ի սառնարանի մոտ, կանաչ կոմուֆլյաժով զինվորներն այս ու այն կողմ են գնում:
Քիչ հետո չափազանց բարձրահասակ, չեչոտ ու խելացի դեպքով մի ռուս սպա է մոտենում մեզ. вы говорите по-русски? Паспорт, пожалуйста?
Սպան սպիտակ թղթերի մեջ նայելով, ասում է, որ հյուրի անունը ցուցակում չկա: Իմ պնդմանը, որ Արցախի ԱԳՆ-ից ասել են, որ պետք է լինի, նա հակառակն է պնդում եւ ասում, որ հրաման կատարելուց բացի ոչինչ անել չի կարող: «Չհանձնվելով» ես զանգում եմ Արցախի ԱԳՆ եւ «պարզաբանումներ պահանջում»: Ինձ վստահեցնում են, որ ամեն ինչ կարգին է եւ կարող ենք շարունակել ճանապարհը (չնայած Արցախի ԱԳՆ-ից շատ վստահ էին խոսում, սակայն նկատվում էր, որ տան տերն ուրիշ է այլեւս, համենայնդեպս, հոյուրերի մասով): Այդքանը ես փոխանցում եմ ռուս սպային, վերջինս ճիպոտի պես երկար օդալարով ռացիան բերանից մի քիչ հեռու պահելով (ձայնը դիտավորյալ բարձրացրած, որ մեզ լսելի լինի) կապվում է վերադասի հետ, ով հյուրին ռուսական հայտնի երեք տառանոց բառով ուղարկում է Ադրբեջանի ԱԳՆ. пошел он на ***, пусть просит разрешение в МИД Азербайджана, — լսում ենք մենք: Հյուրի շփոթված ժպիտից ես հասկացա, որ նա ռուսերեն չգիտի բարեբախտաբար:
Այդ ընթացքում յուղոտ ձեռքերում մի պտուտակ բանալի (разводной ключ) բռնած մի ռուս զինվոր է մոտենում, հետաքրքրվում, թե որտեղից ենք, ես էլ նույնն եմ անում, նա ասում է, որ Դաղստանից է եւ որ Ղարաբաղում շատ լավ է: Իմանալով որ հյուրը Բրիտանիաից է, ժպտում եւ հարցնում է, թե որ թիմինի երկրպագու է եւ որ ինքը Լիվերփուլի ֆանատ է:
Ինչեւէ, մի քանի ժամ սպասելուց եւ ԱԳՆ մի քանի զանգերից հետո մեզ հաջողվում է անցնել ռուսական առաջին անցակետը:
Դարձյալ ուղեփակոց ու հերթական ռուսական անցակետ: Պարզվում է Աղավնոն (Զաբուխ) եռակողմ համաձայնագրով անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղապահ զորամիավորման վերահսկողության տակ։ Այստեղ էլ նույն հարցերը, նույն պրոբլեմները, ինչ մի քանի ժամ առաջ:
Անցակետի մոտ բարեգործական հիմնադրամի լոգոյով մի մեքենա է կանգնած, որի ամերիկահայ տերն ասում էր, որ արդեն երկու օր է այստեղ սպասում են եւ որ ռուսները թույլ չեն տալիս Արցախ մեկնել: «Ձեզ էլ չեն թողնելու», – ասում էր նա եւ ճիշտ էր ասում: Նույնն այս անցակետում ենք լսում ռուսներից. имени нет в списке, мы только выполняем приказы.
Ստիպված մենք Գորիս վերադարձանք եւ չորս-հինգ օր Արցախի ԱԳՆ հետ «բանակցություններից» հետո կարողացանք Արցախ գնալ` հաղթահարելով ռուսական անցակետերը:
Հետո ես միայն մեկ դեպք գիտեմ, որ արտասահմանցի (Իսրայել) էր Արցախ եկել, ով տեսնելով ռուսական ուղեփակոցները գյուղեր տանող ճանապարհներին, ասում էր (մի տեսակ էլ չհանդուրժելով), որ «սա իսկական ռուսական օկուպացիա է»:
Ես վստահ չեմ, որ Պուտինը ֆեյսբուքում կարդում էր (չէ, մի հատ էլ պետք է լայքեր) Արայիկ Հարությունյանի ջերմ շնորհավորանքներն իր ծնդյան օրվա կապակցությամբ, դժվար թե Պուտինի էությունը տրորվեր, երբ Արցախի նախագահը ցավակցում էր Կեմերովոյի դժբախտ պատահարի համար, բայց ի տարբերություն ժողովրդի, ովքեր իրոք հավատում էին ռուսական երաշխիքներին, թերեւս Արցախի ղեկավարությունը ամենալավն էին հասկանում, որ ռուսները только приказы выполняют.
Ռուսների ներկայությունն իրոք խլացրել էր հրետանու հուժկու ձայներն Արցախում: Իրոք անվտանգության մի զգացում կար նրանց ժամանելու առաջին օրերին: Փոխվել էր Ստեփանակերտը: Քաղաքը դեռ կիսամութ էր: Պարկ հոթելում բորշի հոտ էր, մատուցողները հուզված հյուրասիրում են ռուս սպաներին, ապա ռուս գրականության երեկոներ ու Калинка. «Ի՞նչ հինգ տարի, ռուսն այստեղից դուրս չի գալու, դեռ մի քիչ սպասեք Ուկրաինայի հարցերը լուծեն», «Լսե՞լ եք, գեներալ Մուրադովը բուլդոզերով ադրբեջանական զրահամեքենան ձորն է գլորել Շուշիիում», այսպիսի խոսակցություններ էին շրջանառվում Արցախում:
Բայց կարող ենք հինգ տարի չսպասել եւ փորձել հիշել, թե ինչեր տեղի ունեցան երեք տարում: Փարուխ, Քարագլուխ, ոստիկանների սպանությունները, Կիչան, Ճանյաթաղ, Դրմբոն, Խրամորթ, ֆերմերների վրա կրակոցներ եւ ռուսական զորակազմին այդ մասին հայտնելու անիմստ հայտարարություններ Արցախից (իբր ռուսներն էլ այնտեղյակ էին), երիտասարդների առեւանգում Հակարիի կամրջին, Եվրատեսիլից վերադարձող երեխաներ, ուռալի մոտ հղի կանանց հերթ (օգնություն են բաժանում, հեռախոսով նկարում), «մեզ պետք են իրական խաղաղապահներ», պաստառներ օդանավակայանում, ուղղաթիռների արձագանքը դատարկ Ստեփանակերտի վերեւում, նորվեգական գներով մթերքների, ծխախոտի վաճառքը, Պուտինի բիլբորդ Մազի կամրջին, ի վերջո բլոկադա, դատարկ սուպերմարկետներ, միայն ալկոհոլ ու միայն ռուս հաճախորդներ եւ այլն… Դուք ավելին կհիշեք:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամարասի վանական համալիրր պետք է ռուս խաղաղապահների հովանավորությամբ գնալ, չնայած այն գտնվում էր հայերի վերահսկողության տակ: Հավատացյալները ուխտագնացության էին եկել Ամարաս, իսկ Դաշնության խաղաղապահ զորամիավորման մամուլի ծառայությությունը եկել է լուսաբանելու պրոցեսը: Լուսանկարիչը հրահանգում է, որ երկու խաղաղապահ կանգնեն եկեղեցու դռան մոտ, գլխաշորով կանանցից մեկին խնդրում, որ խաչակնքելով մտնի եկեղեցի, ասում, որ լավ չի ստացվել, եւ նորից պետք է նույնն անել, այդ ընթացքում զինորները զսպում եմ իրենց ծիծաղը, որոնց լուսանկարիչը հանդիմանում է կադրը փչացնելու համար: «Ա, հի՞նչ ըն է հավայի դերասանոթուն անում, ստէ թորք կա՞ յանի (ի՞նչ են ի զուր դերասանություն անում, այստեղ թուրք կա՞)», – հեգնում էր եկեղեցու բակում նստարանին պառկած պահակ:
Քիչ հետո նշխարը ձեռքին եկեղեցուց դուրս է գալիս գլխաշորով կինը, մեկնում ռուս զինվորին. «դուք մեզ պես քրիստոնյա եք, վերցրեք», – ասում է կինն ու հյուրասիրում: Մինչ ծեսը շարունակվում էր ներսում, ասիական արտաքինով մեր պես «քրիստոնյաները» բակում ոչ քրիստոնեական բառապաշարով զրուցում էին տարբեր բաների մասին, ձանձրանում եւ ասում, որ մի տաս րոպեից գնալու են:
Վերջին անգամ ես ռուս խաղաղապահ եմ տեսել Հակարի կամուրջ հասնելիս, 2023թ. սեպտեմբերի 25-ին: Մեզ ասել էին, որ մինչեւ ադրբեջանական անցակետ հասնելը ռուսական անցակետ ենք անցնելու: Արդեն գիշեր էր, երբ հասանք ռուսական անցակետ, որտեղ ճանապարհին ռուս խաղաղապահներ են կանգնել եւ «կարգավորում» են Արցախից եկող բեռնատարների, տրակտորների եւ ամեն տեսակ մեքենաների գետը: Իսկեւիսկ նույն բառապաշարով, ինչպես իմ հյուրի դեպքում, այս անգամ էլ Արցախի հայերին էին «ուղարկում»… Կորնիձոր:
Գուցե ոնանց թվա, որ ես միայն վատն եմ տեսել եւ կարող են չհամաձայնել: Օրինակ ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Եվգենի Նիկիֆորովը համարում է, որ պատվով են կատարել իրենց առաջադրանքը:
Մարութ Վանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: