Հայաստանի համար աղետալի սխեմայի «հաջողությունը» կորոշվի Կիրանցում

  • 08:37 20.05.2024

Բագրատ Սրբազանն այսօր կլինի Կիրանցում: Աշխարհը ուշադիր հետևում է Իրանում տիրող իրավիճակին՝ գիտակցելով, որ իրանական ուղղաթիռի կործանումը և, ինչպես արդեն հաղորդվել է, նախագահի մահը շատ բան կփոխի տարածաշրջանում։ Բայց Կիրանցը ևս մեկ կետ է, որից կախված է համաշխարհային կարգերի փոփոխության պարադիգմը։

Հայկական Կիրանցը դարձավ արցախյան սխեմայի նոր էպիկենտրոն․ սխեմայի էությունը՝ տարածքային հակամարտությունների ուժային լուծումն է, որը դետոնատոր ծառայեց Ուկրաինայի և Պաղեստինի պատերազմների համար։ Այժմ անցում է կատարվել սխեմայի երկրորդ մակարդակին՝ Հայաստանի ինքնիշխան իրավունքների և պետական ​​իրավասության օտարում։ Եւ այս ռազմավարության «հաջողությունը» կախված է Կիրանցից։

Սրբազանի` Կիրանց գնալը նշանակում է, որ նման ըմբռնում կա։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն անկյուն է քշված, նա մինչև վերջ “կպայքարի” և հրաժարական չի տա, իսկ իմպիչմենտը երկար ու կասկածելի ձեռնարկ է։ Կիրանցի “ճակատամարտը”՝ քաղաքացիական կուռ դիմադրությունը և Փաշինյանի իշխանության կամայականության դեմ իրավական պահանջները կարող են դառնալ շատ ավելի առարկայական։

Քաղաքացիական պայմանագրի պատգամավորները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ նրանցից ամենահամարձակը՝ Վահագն Ալեքսանյանը, ասում է, որ Բագրատ Սրբազանի շարժումը չի հաջողվի։

Պատգամավորները չեն հասկանում, որ այս հայտարարություններով հակառակն են պնդում՝ Բագրատ Սրբազանի շարժումն արդեն հասել է հաջողությունների, քանի որ

  1. Շարժումը ցույց տվեց, որ իշխող Քաղաքացիական պայմանագիրը կորցրել է նույնիսկ իր կողմնակիցների եւ ճնշող մեծամասնության աջակցությունը, այն արդեն համարվում է ոչ լեգիտիմ և եւ, ըստ էության, իշխանությունը յուրացրած։
  2. Շարժումն ապացուցեց, որ որպես ժողովրդավարության դրոշակակիր իշխանության եկած Քաղաքացիական պայմանագիրը ոչ մի ընդհանրություն չունի ժողովրդավարության հետ, դա ապացուցվեց թե՛ Freedom House-ի վերջին զեկույցով, թե՛ իշխող պատգամավորների հայտարարություններով, որ Քաղաքացիական պայմանագիրը երբեք չի հրաժարվի իշխանությունից։
  3. Շարժումը ցույց տվեց, որ Քաղաքացիական պայմանագիրը հրաժարվել է և՛ իր նախընտրական ծրագրից, և՛ կառավարության ծրագրից, և՛ Սահմանադրությունից ու օրենքներից։ Շարժումը եւ Կիրանցը ստիպեցին Փաշինյանին ընդունել, որ հակասահմանադրական զիջումների միակ փաստարկը վախն է՝ պատերազմի սպառնալիքը, և որ իր կառավարությունը ոչ թե նախընտրական ծրագիր է իրականացնում, այլ «երկիրը հարմարեցնում է փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններին»։
  4. Շարժումը ցույց տվեց, որ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները գործող վարչակազմի քաղաքականությանը կոնկրետ այլընտրանք չեն առաջարկում, նրանց անիմաստ է ապավինել, և որ ընդհանուր նպատակի շուրջ քաղաքացիական և քաղաքական կոնսենսուս է անհրաժեշտ:

Կիրանցը կարող է դառնալ Հայաստանի Սարդարապատը։