Կարեւոր․ ի՞նչ ժամկետում արցախցիները քաղաքացիություն կստանան, որ մասնակցեն բնակապահովման ծրագրին

  • 13:48 20.05.2024

Step1.am-ի հարցերին պատասխանել է ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։

Կառավարությունը հաստատեց Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագիրը, որի հիմքում դրված է ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր պահանջը։ Մինչ օրս բռնի տեղահանված քանի՞ արցախցի է ՀՀ քաղաքացիություն ստացել։

-Մայիսի 15-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից ստացվել է քաղաքացիության 1942 դիմում, 1274 մարդ ստացել է քաղաքացիություն։

-Նախորդ ամիսների փորձը ցույց տվեց, որ անձնագրային համակարգը պատրաստ չէ նման ծանրաբեռնվածությամբ աշխատելու։ Համակարգի հզորությունը բարձրացվելու է, ինչպե՞ս եք կարողանալու սպասարկել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձանց։

-Ծրագրի առաջին փուլին մասնակցելու են 4000-ից մի փոքր ավելի թվով ընտանիքներ, որոնք ունեն 3 եւ ավելի անչափահաս երեխա։ Անչափահասների համար առանձին քաղաքացիության դիմումներ չենք ընդունում, իրենց քաղաքացիությունը հաստատվում է միայն անձնագրավորման միջոցով։ Այնուամենայնիվ անձնագրային ծառայության ծանրաբեռնվածությունն ավելանալու է, բայց այդ հոսքին դիմագրավելու համար քայլեր են արվում։ Ընտանիքի մեծահասակների թվով մենք հաշվել ենք, որ բնակապահովման ծրագրի շահառու դառնալու նպատակով առաջին փուլում մոտ 20 հազար դիմում է սպասվում։ Եվ այդ ծանրաբեռնվածությանն արձագանքելու համար մենք ամբողջ հանրապետության տարածքում հիմա էլ անձնագրային ծառայությունները վերապատրաստում ենք։

Երբ քաղաքացիության համար դիմող անձը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձ չէ, մենք դիմումներն ընդունում ենք միայն Երեւանի վարչական գրասենյակում։ Իսկ ԼՂ-ից բռնի տեղահանվածների պարագայում բոլոր անձնագրային ծառայությունները դիմումներ ընդունում են։

Երեւանում դեռ կենտրոնացված է վարչական շենքում, բայց պահանջարկի աճին զուգահեռ Երեւանում եւս նույն մոդելը կկիրառենք, այսինքն՝ մայրաքաղաքում եւս ցանկացած անձնագրային ծառայությունում դիմում կվերցնենք եւ արտահերթ։ Հիմա նաեւ արտահերթ ենք սպասարկում տեղահանված անձանց առաջին անձնագրավորումը, բայց այդտեղ հերթ չունենք, էլեկտրոնային հերթագրման պարագայում անձն այսօր հերթագրվում է, վաղը հերթը հասնում է, այս պահի դրությամբ պատկերն այդպիսին է։

Հիմա մենք փորձում ենք դա դնել նորից հերթագրման սկզբունքի վրա, որպեսզի մարդկային կուտակումները տեղահանված անձանց նեղություն չտան։ Այսինքն՝ այս պարագայում հերթագրվել նշանակում է ընդամենը ժամերի միջեւ բաշխել պահանջարկը, որովհետեւ որպես կանոն բոլորը գալիս են առավոտյան, մեծ կուտակում է լինում, բայց օրվա կեսից մարդ չի մնում։ Մենք ներդնում ենք հերթագրման սկզբունքը, որպեսզի յուրաքանչյուրն իրեն հարմար ժամ վերցնի։ Եվ չենք թողնելու, որ այդ հերթը ձգվի 2-3 աշխատանքային օրից ավելի։ Այս պահի դրությամբ այդ պատկերն ունենք։ Արդեն պահանջարկի աճին զուգահեռ սպասարկող անձնակազմի թիվն էլ կավելացնենք։

Ասացիք, որ ավելի քան 4000 ընտանիք է օգտվելու ծրագրի առաջին փուլից, ունե՞ք հաշվարկ, այդ անձինք եթե դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, որքա՞ն ժամանակ կպահանջվի։

-Սպասարկումը երկու մասից է բաղկացած, մեկը դիմումների ընդունումն է, որը համակարգի համար մարտահրավեր է։ Եվ դրան դիմակայելու միակ միջոցը սպասարկող անձնակազմի թվի ավելացումն է։ Երկրորդ հատվածն արդեն այդ ընդունած դիմումների վարումն է, որը տարբեր ստուգումներ, միջգերատեսչական համագործակցություն է ենթադրում, հարցումներ են արվում, պատասխաններ են ստացվում, համադրվում են, եւ կազմվում է եզրակացություն։ Եզրակացություն կազմելուց հետո ուղարկվում է նախագահի աշխատակազմ, սահմանված ժամկետում նախագահի հրամանագիրը ստացվում է։ Այստեղ պրոցեսն արագացնելու համար արդեն համալիր մոտեցում է պետք, դա ոչ միայն Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունից է կախված, այլ նաեւ ոլորտին առնչվող այլ գերատոսչություններից։ Ըստ էության, կլինի համապատասխան հանձնարարական եւ այդ պորցեսներն ավելի կխտացվեն։

-Անձը որքա՞ն ժամանակահատվածում է կարողանում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել հիմա, եւ ի՞նչ է ենթադրում ձեր ասածը՝ կկրճատվի՞ այդ ժամանակահատվածը։

-Օրենքով սահմանված է 90 աշխատանքային օր, որը գործնականում ստացվում է 4,5 ամիս։ Այս պահի դրությամբ մեր պահանջարկի պայմաններում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձի քաղաքացիության ստացումը ձգվում է մինչեւ 2 ամիս, այսինքն՝ 4,5 ամսվա համեմատ այնուամենանայիվ կրկնակի արագացված է։ Բայց եթե բնակապահովման ծրագիրը ենթադրի սեղմ ժամկետներ, քաղաքացիության դիմումների ընդունումը գործընթացին կհամապատասխանեցվի այնպես, որ քաղաքացիության դիմումի պատճառով ծրագրի շահառու դառնալու խնդիր չառաջանա։

Ռոզա Հովհաննիսյան

f