Բնակարանային աջակցության ծրագիր․ սահմանափակումներն ու պահանջները չեն բխում նպատակից

  • 12:14 21.05.2024

Step1.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

-Պարո՛ն Ավետիսյան, Հայաստանի կառավարությունը հաստատեց բռնի տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը։ Ըստ այդմ՝ 2-5 մլն դրամ աջակցություն կտարամադրվի յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի՝ բնակարանային խնդիրները լուծելու համար։ Արդյոք այս փոխհատուցումը բավարա՞ր է, ինչպե՞ս եք գնահատում այս ծրագիրն ընդհանրապես։

-Ընդհանուր եթե գնահատենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող ծրագրերը, դրանք համարժեք չեն առկա իրական կարիքներին։ Եվ երկրորդը, այսօրվա կառավարությունն ավելի շատ ներկայացնում ու գովերգում է, քան իրականում այդ ծրագրերը կան։ Կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած տեխնիկական խնդիրներից մինչեւ իրավական անորոշություններ եւ ֆինանսական աջակցության անհամարժեքություն։ Այս ծրագիրը երկար ժամանակ գովերգում էին, սպասումներ էին առաջացնում, բայց ինքնին ծրագրի բովանդակությունը եւ նպատակը միմյանց չեն համապատասխանում։ Այսինքն՝ դրանով հնարավոր չէ լուծել ամենակարեւոր խնդիրը՝ պետական աջակցությամբ մեր հայրենակիցներին բնակարանով ապահովման հարցը։ Այդ ծրագրով դրված են սահմանափակումներ ու պահանջներ, որոնք անտրամաբանական են եւ բացառապես չեն բխում դրված նպատակի օբյեկտիվ հիմքից։ Հետեւաբար, շահառուների շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն։

Մի վտանգավոր թեզ էլ կա՝ այս իշխանություններն իրենց անգործությունը եւ պոպուլիզմը քողարկելու համար փորձում են նորից հակադրություններ ստեղծել եւ անուղղակիորեն այն թեզն են առաջ քաշում, որ Հայաստանում եւս կան բնակարանի խնդիր ունեցողներ։ Փորձում են հիմա էլ հակադրել արցախահայության կարիքները ՀՀ քաղաքացիների ունեցած կարիքներին։ Դա ինքնին բարոյական չէ, եթե ավելի կոպիտ չասեմ։

Արցախցիներին աջակցելու ծրագրերն իրականացվում են նաեւ միջազգային հանրության աջակցությամբ։ Այնպես չէ, որ միայն այս կառավարությունն է այդ ծրագրերը ֆինանսավորում, եւ մեծ հաշվով, իրենց հոր տանից չեն այդ գումարները բերում, դրանք մեր պետական բյուջեի հարկային եկամուտներից գոյացող միջոցներն են։ Եվ, այո, օբյեկտիվ հանրային ընկալումը կա, որ պետք է այդ ծրագրերն իրականացվեն։ Ի վերջո, մեր հայրենակիցները բառիս բուն իմաստով ամեն ինչ կորցրած՝ գտնվում են մեր աջակցության օբյեկտիվ կարիքի ներքո։

Սա է իրականությունը, բայց մենք գործ ունենք իշխանության հետ, որը նախորդ 6 տարիների ընթացքում բացառապես առաջնոդրվել է սեփական իշխանությունն ամեն գնով պահելու բացառիկ շահով։ Եվ դա այլեւս վաղուց հակադրված է մեր ժողովրդի ու երկրի ազգային ու երկարաժամկետ զարգացման ցանկացած շահի։

-Ընկալելի՞ է, թե ինչո՞ւ են բնակապահովման ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման սահմանել ՀՀ քաղաքացիություն ստանալը։

-Այստեղ կա անորոշություն։ Սկզբում իրենք փորձում էին ներկայացնել, որ քաղաքացիության անհրաժեշտություն չկա, եւ իրենք արցախահայության սոցիալական բոլոր իրավունքները համահարթեցրել ու հավասարեցրել են ՀՀ քաղաքացիների իրավունքներին։ Բայց հետո այս պահանջն է դրվել, հիմա էլ փորձում են բացատրել, որ դրանով է հնարավոր այդ ծրագիրն իրավական առումով իրականացնել։ Արցախցի մեր քույրերի ու եղբայրների հիմնական մտավախությունն այն է, որ իրենք հետագայում կկորցնեն իրենց հայրենիք վերադառնալու ու հատուցում պահանջելու իրավունքը։ Սա է մարդկանց հիմնական մտավախությունը։ Այս իշխանություններն իրարամերժ հայտարարություններ են անում, մի մասն ասում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը որեւէ կերպ չի ազդելու իրենց իրավունքների վրա, մի մասն ավելի անորոշ ձեւակերպումներ են անում։ Եվ մարդկանց մոտ օբյեկտիվորեն առաջանում են կասկածներ ու անորոշություն։ Եվ սա ըստ էության խանգարում է այդօրինակ աջակցության ծրագրերի՝ ամբողջ ծավալով ու արդյունավետ իրականացմանը։

Այսինքն՝ այս իշխանություններն այդպես էլ չկարողացան հստակ պատասխանել՝ բռնի տեղահանված արցախցին, ընդունելով ՀՀ քաղաքացիություն եւ օգտվելով այդ ծրագրերից, արդյոք հետագայում չի՞ կորցնելու իր՝ հայրենիք վերադարձի իրավունքը եւ նաեւ իրենից բռնազավթածը հետ ստանալու կամ դրա դիմաց որոշակի հատուցում ստանալու իր իրավունքը։

Խնդրահարույց է նաեւ այն, որ արցախցիները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ամիսներով սպասում են, արդյոք համակարգը կհասցնի՞ սպասարկել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձանց, թե՞ մարդիկ կհոգնեն ու կհեռանան Հայաստանից։

-Դա էլ հարցի մյուս կողմն է։ Այո՛, մենք բազմաթիվ հերթեր ենք տեսել պետական մարմիններում։ Եվ որքան շատ են իրենք խոսում այն մասին, որ գտնում են լուծումներ, այնքան խնդիրը խորանում է։ Չեն կարողանում աշխատանքն այնպես կազմակերպել, որ ովքեր ցանկություն ունեն, կարողանան հեշտացված ու արագացված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Երբ նմանատիպ ծրագրերն առաջանում են լրացուցիչ պահանջարկ, զուգահեռ նաեւ լրացուցիչ դժվարություններ են լինում։ Եվ ես վստահ եմ, որ այս իշխանությունը եւ այս առաջնորդությամբ կառավարումը նման հարցերը չեն կարողանա եւ մեծ հաշվով ցանկություն էլ չունեն արագ լուծել։

Արդեն կան կանխատեսումներ, որ Հայաստանից արտագաղթող արցախցիների թիվը կմեծանա, դուք նման միտում տեսնո՞ւմ եք։

-Դա ակնհայտ է, եւ այստեղ խորքային վերլուծության անհրաժեշտություն չկա։ Այն պրակտիկան ու վերաբերմունքը, որը կա այս խնդիրների նկատմամբ, ամբողջությամբ հանգեցնում է դրան։ Բայց այնպես չէ, որ ՀՀ քաղաքացիները չունեն արտագաղթի պատճառներ։ Մակրո իրավիճակը, որը մեր երկրում ստեղծվել է՝ անվտանգային հարցերից մինչեւ ներքին անկայունություն, այդ ամենը, ցավոք սրտի, արտագաղթի պատճառ են։ Եվ այսպես շարունակվելու պարագայում, այո, արտագաղթի մեծ ալիքի ականատեսը կդառնանք, եւ ոչ միայն արցախցիների շրջանում։

Ռոզա Հովհաննիսյան

f