Ո՞վ է ասում, որ այդ ամրացված գիծը կարող է 100 տոկոսով մեզ պաշտպանել, բայց մենք այնուամենայնիվ ստեղծում ենք․ Սիմոնյան

  • 12:55 21.05.2024

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին այսօր լրագրողները հարցրին՝ լսե՞լ է Ալիեւի հայտարարությունը, ով պարբերաբար սպառնում է, թե «մեր պահանջով թշնամի Հայաստանը վերադարձրեց Ղազախի 4 գյուղերը, եւ այսուհետ այդպես է լինելու»։

«Ես չեմ լսել դա եւ պետք է ասեմ, որ չեմ ուզում իրեն մեկնաբանել։ Դա իր ներքին լսարանի համար նախատեսված բան է։ Օրինակ՝ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցը բարձրացնում ենք, եւ մեզ համար մշտապես զարմանալի ու անընդունելի է, որ կարելի է բանակցությունների ժամանակ այլ լեքսիկոն օգտագործել։ Երբ ես բանակցում եմ իմ գործընկերոջ հետ, առնվազն դիմացի կողմից ընենց տպավորություն է, որ շատ երկար սպասված, շատ սիրալից հանդիպում է։ Եվ կա այլ խոսույթ, դրա համար մենք կարծում ենք, որ այդ ատելության խոսքը պետք է նվազեցնել, այդ հռետորաբանությունը պետք է հանել, որովհետեւ դա չի բռնում իրական բանակցությունների հետ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե ի՞նչ հույսեր ունեն իրենք՝ բռնապետ Ալիեւը իրական սահմանազատմա՞ն ու խաղաղության ճանապարհո՞վ է գնալու, չի՞ «քցելու» Հայաստանի իշխանություններին, Ալեն Սիմոնյանը պատասանեց․ «Բնական է, այդ քցելու տրամաբանությունը միշտ կա։ Բայց դու պետք է անհրաժեշտ քայլերը ձեռնարկես, որ իմանաս՝ այդ հավանականությունը դու նվազեցնում ես։ Խաղաղության պայմանագիրը, հստակ սահմանը ամենանվազեցնող բանն է, որը կարող է լինել։ Տեսեք՝ ասում ենք, որ ամրացված գիծ ենք ստեղծում։ Ո՞վ է ասում, որ այդ ամրացված գիծը կարող է 100 տոկոսով մեզ պաշտպանել, բայց մենք այնուամենայնիվ ստեղծում ենք, եւ դա կարեւորագույն գործողություն է։ Սահման ունենալը, խաղաղության պայմանագիրն ամրացված գծից էլ ավելի պինդ ու ուժեղ փաստարկ են, որը պետությունը պետք է անի։ Բայց, ինչպես տեսնում ենք, նույն Ուկրաինայում կամ աշխարհում տեղի ունեցող պատերազմները այլ բան են ցույց տալիս։ Դրա համար զուգահեռ նաեւ զբաղվում ենք բանակի ամրապնդմամբ»։

f