«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի պատգամավորների, կառավարության անդամների ու հասարակական-քաղաքական գործիչների հետ։
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Այստեղ արդեն արցախցու, իջեւանցու, գյումրեցու կամ երեւանցու կռիվ չէ, սա հայի կռիվ է։ Լինել-չլինելու հարց է ընդհանրապես։ Եվ այս շարժումը ոչ թե հույս է վաղվա, այլ սա հավատ է, վստահություն է, ինչու չէ, նաեւ վերադառնալու Արցախ։ Անկախ իշխանություններից, մենք միշտ ունենալու ենք նույն պահանջը՝ արցախցիների իրավունքների պաշտպանությունը միջազգային հարթակներում։ Եվ Բագրատ սրբազանի առաջնորդած այս շարժմամբ այդ հույսը դարձել է հավատ ու վստահություն»։
Անդրադառնալով ՀՀ իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե արցախցիներն Արցախը հանձնել են, հիմա էլ ուզում են Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Մետաքսե Հակոբյանն ասաց․ «Այդ նույն տրամաբանությամբ Կիրանցը կիրանցիներն են հանձնում, որովհետեւ նույն բանն է տեղի ունենում։ Ես փորձում եմ համեմատություններ չանել, բայց երբեմն անհնար է լինում, որովհետեւ այն, ինչ մեզ հետ տեղի է ունեցել պատերազմից հետո երեքից ավելի տարիների ընթացքում, հիմա տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Երբ զինված թշնամին քեզնից ընդամենը մի քանի մետրի վրա է, այդ վախը բերելու է նրան, որ մարդիկ ուղղակի չեն կարողանալու ապրել այնտեղ, որովհետեւ միասին ապրել նման թշնամու հետ, դա ուղղակի անհնար է։ Այդ ամենը շատ ավելի վայրագ ու արագ կերպով տեղի ունեցավ Արցախի հետ։ Սա այս իշխանությունների թեզն է, արցախցին մինչեւ վերջին վայրկյանը զոհվել է, նահատակվել է իր հողում, բայց չի թողել հողը»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: