Արցախի լուծարման փաստաթուղթը չեղարկված է, բայց Հայաստանի իշխանությունները չեն խոսում այդ մասին

  • 18:59 21.05.2024

Ստեփանակերտ, սեպտեմբերի 19

Արցախի լուծարման փաստաթուղթը չեղարկված է, բայց Հայաստանի իշխանությունները չեն խոսում այդ մասին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա դիմեց ՔՊ-ականներին, ովքեր մեղադրում են Արցախի իշխանությանը Արցախը հանձնելու հարցում։ «Ի՞նչ տեղի ունեցավ Արցախում՝ հպարտությամբ այստեղից ասում եք՝ սեպտեմբերի 19-ին ստորագրվեց Արցախի լուծարման փաստաթուղթը։ Քիչ է մնում տոն հայտարարեք այդ օրը, դա ողբերգություն է, այդ փաստաթղթով որեւէ մեկը չի հպարտանում։ Բայց գիտե՞ք, թե որն է ձեր ստորագրածի ու այդ փաստաթղթի տարբերակը, մոռանում եք անընդհատ ասել, որ այդ փաստաթուղթը չեղարկվել է այդ փաստաթուղթը ստորագրած մարդու կողմից։ Եվ դուք դրա մասին իրազեկվել եք»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ անհավասար պատերազմում Արցախը մեկ օրում Ադրբեջանին 4 անգամ ավելի շատ զոհ պատճառեց, քան 44-օրյա պատերազմում միջին թիվն էր։ Դա այն դեպքում, երբ Արցախի Պաշտպանության բանակը մենակ էր մնացել։ «Արցախի բանակը մենակ էր մնացել, քանի որ աշխարհում միակ ուժը, որն ուներ սահմանադրական պարտականություն՝ պաշտպանելու եւ Արցախի կողքին կանգնելու, դա չարեց։ Դա Հայաստանի Հանրապետությունն է, որի ղեկավարը դուք եք։ Մենակ մնալով, 9 ամիս սոված մնալով, եղավ այն աղետը, որը եղավ՝ ստորագրվեց այդ փաստաթուղթը, որով ոչ մեկը չի հպարտանում։ Եվ առաջին հնարավորության դեպքում չեղարկվեց այդ փաստաթուղթը։ Այն սուտը, որն այստեղից հնչում է, չգիտեմ՝ դուք ո՞ւմ եք մեղադրում, ասում եք՝ դաշնակցականների կողմից լուծարվեց Արցախը։ Ո՞ր մեկն էր դաշնակցական, Սամվել Շահրամանյանը երբեք չի եղել դաշնակցական։ Այո, դաշնակցական է Դավիթ Իշխանյանը, եւ եթե մի քիչ մարդ լինեիք, էլ չասեմ՝ եթե հայ լինեիք, այդ մարդու անունը, որը հիմա Բաքվի բանտում է գտնվում, այդպես չէիք շահարկի»,- հայտարարեց Քրիստինե Վարդանյանը։

f