“Արայիկ Հարությունյանը հետ է քաշվում, կոնսենուսով ընտրվում է Ղարաբաղի նախագահը, եւ 10 օր հետո Ադրբեջանը հարձակվում է”

  • 11:53 22.05.2024

«ՔՊ-ն ասում է՝ մեղավոր են ղարաբաղցիները, որ Ղարաբաղը տվեցին։ Հարյուր հազար ղարաբաղցի պետք է կռվեր 10 մլն Ադրբեջանի դեմ, այն պարագայում, երբ առաջին անգամ Հայաստանը դավաճանեց իր հանձնառությանը՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր։ Ձեր կառավարության օրոք է ընդունվել Ազգային անվտանգության ռազմավարությունը, դուք ձեր սկզբունքներին դավաճանեցիք»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ Արցախում։ Ի՞նչ քաղաքականություն են վարում Ադրբեջանն ու Թուրքիան, դա պարզ է՝ կլանել Արցախը։ Ի՞նչ քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց նա։

Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ խորհրդարանում Արցախի հարցի մասին քննարկումների ժամանակ ՔՊ-ական պատգամավորները նման արտահայտություններ են թույլ տվել։ Օրինակ՝ ՔՊ-ական Մարիա Կարապետյանն ասել է՝ «Հայաստանն Արցախի պատանդը չէ»։ Նաեւ ասել են՝ «Հայաստանն Արցախին գրավ չենք դնի»։ «Փաշինյանը հայտարարում է՝ Արցախը թոկ էր, պավադոկ էր Հայաստանի վզին”։ Բնականաբար, եթե թոկ էր, պետք էր այդ պավադոկը կտրել։ Եվ կտրվեց այդ թոկը, մեկին պետք է մեղավոր կարգեին, եւ այստեղ Արայիկ Հարությունյանը հետ է քաշվում, կոնսենսուսով ընտրվում է Ղարաբաղի նախագահը, եւ 10 օր հետո Ադրբեջանը հարձակվում է։ Շահեց Ադրբեջանը, շահեց Հայաստանի այսօրվա կառավարությունը, դա ձեր երկու կուսակցությունների՝ ՔՊ եւ Նոր Ադրբեջան կուսակցությունների շահերի համադրման հրաշալի օրինակ է։ Հիմա եկել դարդ եք անում՝ վայ, մեր տնավեր քույրեր, եղբայրներ։ Այդքան մտածում էիք, այս խորհրդարանում դուք չընդունցիք Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկը»,- ասաց նա։