Սառնաղբյուր գյուղի Ծովինարը․ ապերախտություն է արյունով պաշտպանած հողը չպահելը

  • 12:22 22.05.2024

Վերջին շրջանում Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի անունը աղերսվում է սեպտեմբերի 19-ի ողբերգական դեպքերի՝ գյուղի երեք մանկահասակ երեխաների եղերական սպանությունների, բռնագաղթի ու առհասարակ Արցախի էթնիկ զտման հետ։

Որպես բնակավայր այն գոյություն է ունեցել դեռ միջնադարից, որի մասին փաստում են գյուղատեղիի ու միջնադարյան գերեզմանոցի հետքերը։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին գյուղը հիշատակվել է Միրշուլու, Միրիշանլու, Միվրիշենլու անուններով։ Խորհրդային տարիներին գյուղին տրվել է Աղբուլաղ ադրբեջանական անվանումը, ազատագրվելուց  հետո սկսեց կոչվել Սառնաղբյուր։ Գյուղը շատ ողբերգական ճակատագիր է ունեցել, անընդհատ գտնվելով թուրք-թաթարական խաժամուժի թիրախում։

Այն խիստ տուժել է  1992 թվականի մարտական գործողությունների ժամանակ, երբ Շուշին կորցնելուց հետո գազազած թշնամին լայնածավալ հարձակում սկսեց ու մայիսի 10-ին բռնազավթեց Սառնաղբյուրն ու շրջակա մի շարք գյուղեր։ Գյուղն ազատագրվելուց հետո տեղի բնակիչները վերադարձան հայրենի օջախների ծուխը եր տալու ու վիրավոր հայրենիքը շենացնելու հաստատակամությամբ։ Նույնը կրկնվեց նաև 2020 թվականի ողբերգական պարտությունից հետո։ Չնայած խաղաղությունը դյուրափոխ էր, անվտանգության աստիճանը շատ ցածր, բայց սառնաղբյուրցիները վերադարձան, որովհետև ապերախտություն էր արյունով պաշտպանած հողը չպահելը։

1875 թվականին այստեղ կառուցվել է Սուրբ Գևորգ եկեղեցին, որի մասին վկայում է մուտքի բարավորի արձանագրությունը, համաձայն որի եկեղեցին կառուցել են փիրջամալեցի՝ ներկայիս Վարդաձոր, Հարություն, Ծատուր, Անդրեաս, Ջումշուդ Տեր Հարությունյան եղբայրները  ի հիշատակ իրենց ծնողներ Մելքումի և Ազիզի։ Եկեղեցին նույնպես տուժել էր 1992 թվականի ռազմական գործողություններից ու գյուղ ներխուժած բարբարոսներից։

Աշնանային մի գեղեցիկ օր Սառնաղբյուր գյուղում հանդիպեցինք մի բարի ու ժիր տատիկի Ծովինար անունով։ Մեզ ուղեկցեց դեպի եկեղեցի, քանի որ դեռ առաջին պատերազմից ավերված տներ շատ կային, եկեղեցու ավերակները չէր զանազանվում, ու հեռվից դժվար էր կողմնորոշվել, տատիկը ինչքան էլ հորդորեցինք ուղղակի ճանապարհը ցույց տալ, համառեց ու մեզ տարավ ցույց տվեց։ Ըստ նրա, եկեղեցում վերջինը իր կիսուր – կիսրայրի պսակադրությունն էր,  1923 թվականին։ Դրանից հետո եկեղեցու գործունեությունն արգելվեց։

Ծովինար տատիկը Սառնաղբյուր գյուղ հարս է եկել 1956 թվականին, 67 տարի ապրել ու արարել է այս գյուղում։ Ասում էր, ուրիշ տեղ չեմ կարող մնալ, երեխաները շատ են ուզում տանել Ստեփանակերտ, բայց ես չեմ ուզում, իմ տանն իմ դռանն եմ ուզում ապրել, ինչքան կապրեմ, կապրեմ։ Հիմա տատիկը հազիվ փրկվելով հասել է Կոտայքի մարզի Պտղնի համայնք, ամեն ինչ թողնելով իր ու իր ամուսնու կառուցած հարազատ տանը։

 

2020 թվականից Սառնաղբյուր գյուղից թշնամու դիրքերը շատ հեռու չէին, բայց այնպես չէ, որ 50 մետրի վրա էր, և դա ոչ թե ուրախանալու առիթ էր, ինչպես որոշ հոգեխեղվածների մոտ, այլ մտահոգվելու և միշտ զգուշանալու, որովհետև երբեք չգիտես թշնամուն մոտ գտնվելը վաղվա քո ու քո երեխայի օրն ինչպիսին կդարձնի։

Արմինե Հայրապետյան

f