ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանճարեղ բացահայտում է արել, որը Բագրատ Սրբազանին պետք է մտորելու տեղիք տա։
«Եթե հանկարծ ինչ-որ մի հրաշքով այս պրոցեսը հաջողի, ինչն, իհարկե, հեքիաթների ժանրից է, բայց, ամեն դեպքում, այդ պրոցեսի վերջնարդյունքը մեկն է՝ Հայաստանի Հանրապետության լուծարման հրամանագիր, ինչպես եղավ Լեռնային Ղարաբաղում»,- ԱԺ-ում ասաց Ալեքսանյանը։
Իսկ ի՞նչպես եղավ Արցախում, որի հայկական անվանը ՔՊ-ն տաբու է դրել։
Այսօր Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պարզ բացատրեց․ երբ Հայաստանի վզից վերջապես պոկեցին Արցախի «պավադոկը» /Նիկոլ Փաշինյանի խոսքն է/, «մեկին պետք է մեղավոր կարգեին, եւ այստեղ Արայիկ Հարությունյանը հետ է քաշվում, կոնսենուսով ընտրվում է Ղարաբաղի նախագահը, եւ 10 օր հետո Ադրբեջանը հարձակվում է»։
Փաստորեն երկու պատգամավորները նույն բանն են ասում․ երբ որ Արցախում ամեն ինչ պատրաստ էր հանձնելու եւ երկիրը լուծարելու, Արայիկ Հարությունյանը հանկարծ հիշեց, որ պիտի հեռանա, թողեց բկոկադայի մեջ, սոված, ծարավ երկիրը ու գնաց։ Ինչ-որ ուժեր հավաքվեցին, ընտրեցին մեկին նախագահ՝ ռուսների աչալուրջ հայացքի տակ։ 10 օր հետո մեկօրյա պատերազմ սկսեց, եւ Արցախի հանրապետությունը կործանվեց։ Հետո ամբողջ մեղքը դրեցին Արցախի վրա։ Թեկուզ, ինչպես ասաց Արտուր Խաչատրյանը, այդ ամենի պատճառը՝ ՀՀ իշխանությունների կողմից իրենց պարտավորություններն ուրանալն էր։ Ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, բնականաբար, ռուսներին չեն հիշատակում։
Հիմա, երբ Բագրատ Սրբազանի շարժումը սկսեց թափ հավաքել, ՔՊ-ն փոխեց հռետորականությունը․ եթե սկզբից կատեգորիկ ասում էին, որ Շարժումը ապագա չունի, հիմա չեն ժխտում, որ “լուծարմանը” պատրաստ լինելու պահին կարող են մի կողմ քաշվել եւ “թույլ տալ” իշխանափոխություն։ Ու միանգամից Շարժման վրա կդրվի Հայաստանի «լուծարման» ամբողջ մեղքը, ինչը բացահայտեց Վահագն Ալեքսանյանը։
Մնացել է մի փոքր բան․ «մաքրել» Սրբազանին եւ Տավուշը եւ ամբողջ մեղքը գցել «ղարաբաղյան կլանի վրա»։ Եւ պատահական չէր այսօր Հայկ Կոնջորյանը Դեմոսֆենի դեմքով պատմում, որ «սատանայի երրորդ կերպարանափոխությունը եկել է վեղարի տակ: Սա ուղղակի «մաստեր կլաս» է: Ես ուզում եմ Ռոբերտ Քոչարյանին արժանին մատուցել, թե ոնց կարողացավ Ռոբերտ Քոչարյանը չիմանալով «Հայր մերը» վեղարի տակ մտնել ու գալ, փրկել հայ ժողովրդին»:
Ի վերջո, հո տավուշցի սրբազանին չեն մեղադրի Հայաստանի լուծարումը ստորագրելու մեջ։ Դրա համար վաղուց նշանակված մեղավորներ կան։
Երեկ Բագրատ Սրբազանը փակ հանդիպում է ունեցել արցախյան պաշտոնյաների հետ։ Ու եւս պատահական չէ, որ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատարը հայտարարել է, որ Արցախի համար իրենք ոչինչ չեն ակնկալում, միայն համերաշխություն են ուզում եւ վառ պահել Արցախ վերադառնալու գաղափարը։