Եռակի տեղահանված Արսեն Հայրապետովը պատրաստ է ամեն ինչ զրոյից սկսել

  • 17:01 22.05.2024

1988 թվականին, երբ Արսեն Հայրապետովը բռնի տեղահանվել է Բաքու քաղաքից, ընդամենը 10 տարեկան էր։ Տատիկի, քեռու և իրենց ընտանիքները բնակարաններ էին զբաղեցնում բազմահարկ շենքերից մեկի նույն հարկում։ Այսօրվա պես հիշում է, երբ ադրբեջանցիները ներխուժեցին իրենց բնակարաններն ու ասացին, որ այդ տներն այլևս հայերինը չեն։ Այդտեղ ապրելու է 12 հոգանոց ադրբեջանցու ընտանիք։ Ժամանակ տվեցին ընդամենը հագուստ ու տեղաշոր վերցնելու։

Արյունարբու հայացքներով այդ մարդիկ մի կերպ էին իրենց զսպում, որ հայի արյուն չթափեն։ Այդ տեսարանը երբեք չի հեռանում Արսենի հիշողությունից։

Ընտանիքը բռնում է տեղահանման դաժան ճանապարհն ու ճաշակում առաջին բռնատեղահանման դառնությունը։

Ճակատագիրը, սակայն, Արսեն Հարապետովին դարձնում է եռակի բռնատեղահանված։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Ջրաղացներ գյուղը մի շարք գյուղերի հետ անցնում է թշնամու վերահսկողության տակ, և Արսենը երկրորդ անգամ տեղահանվում է հարազատ գյուղից, իսկ 2023 թվականին երրորդ անգամ է բռնում տեղահանման ճամփան։

Արսենի որդին դիրքերում էր, միայն սեպտեմբերի 27-ին է նրան հաջողվում տուն գալ։ Հաջորդ օրը Արսեն Հայրապետովն իր ընտանիքի ու 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Քաջիկ Քարամյանի ծնողների հետ միանում է դեպի Հայաստան եկող ավտոշարասյանը։ Սեպտեմբերի 30-ին նրանք Տեղ գյուղում էին։

Աշխատանքի բերումով այժմ Արսենն ապրում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, իսկ ընտանիքը ժամանակավոր բնակվում է Մասիսի շրջանի սահմանամերձ Ռանչպար գյուղում։ Ուսումնական տարվա ավարտից հետո ընտանիքը կտեղափոխվի Վարդենիս քաղաք։

Որպես համայնքի ղեկավար, պահում է կապը համագյուղացիների հետ, հնարավորության սահմաններում հանդիպում է նրանց հետ։

-Դժվար է նկարագրել այն ապրումներն ու հույզերը, որ զգում ենք Արցախից տեղահանվածներս։ Առանձնապես ծանր է, երբ մարդ երեք անգամ է բռնի տեղահանվում ու ամեն ինչ սկսում զրոյից։ Բաքվից տեղահանվելուց հետո վերադարձանք հարազատ Ջրաղացներ, այնտեղ մեզ գյուղի ամենահին տունն էր սպասում։ Պետական միջոցներով 2008 թվականին մեզ համար տուն կառուցվեց, որի սեփականության վկայականը ստացանք 2018 թվականին։ 2020 թվականին աղջկաս ամուսնացրինք, ապա սկսվեց պատերազմը, որի հետևանքով կորցրինք մեր ձորակի մի քանի գյուղեր։ Մեր գյուղի բնակչությունը ցրվեց տարբեր տեղերով մեկ, ու մարդիկ սկսեցին նոր բնակավայրերում կրկին ոտքի կանգնել։ Մեր ժողովուրդը ստեղծարար, աշխատասեր ժողովուրդ է և կարելի է ասել, որ բոլորն էլ հույսով ու հավատով շարունակում էին կառչած մնալ Արցախի հողին։ Սպասում էին Աստղաշենի տարածքում մեր չորս գյուղերի համար նոր բնակավայրի կառուցման ավարտին, որ տեղափոխվեն ու մշտական բնակություն հաստատեն այնտեղ։ Ավա՜ղ, ամեն ինչ անկատար մնաց։ Ապրեցինք շրջափակման ծանր օրերը, մտածում էինք, որ կբացվի կյանքի ճանապարհը ու ամեն ինչ հունի մեջ կընկնի։

Իհարկե, շատ դաժան է երիցս տեղահանվել, թողնել տարիների վաստակդ։ Այդ ցավը երբեք չի կարող անցնել, այն միշտ քեզ հետ է, սակայն չեմ հուսահատվում, որովհետև իմ երեխաները չպետք է ինձ ընկճված տեսնեն։ Երբե՛ք,-ասում է Արսեն Հայրապետովը։

Արսենի վճռական ու հասատակամ տեսակին ծանոթ ենք նաև 2020 թվականից, երբ ժամանակավոր բնակություն էր հաստատել Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում։ Սովոր չլինելով անգործ մնալուն, բարեգործների աջակցությամբ նա գյուղում բացել էր հացի արտադրամաս և աշխատանքով ապահովել նաև մի շարք մարդկանց։ Շրջափակման ամենածանր օրերին, երբ Արցախում հացի խնդիրն ամենաառաջնահերթն էր, շրջվարչակազմի տրամադրված ալյուրով Արսենի արտադրամասը կարողացել է հացով ապահովել Ստեփանակերտի Արեշ թաղամասի, Խնածախի, Իվանյանի, Աստղաշենի, Խնձրիստանի, Հիլիսի և Բերքաձորի բնակչությանը։

Այսօր էլ նա շարունակում է նույն ոգով աշխատել։ Նրա միջամտությամբ արցախցի շինարարներ կարողանում են աշխատանքի անցնել “Կապավոր” ՍՊԸ-ում։

-Կարծում եմ՝ արցախցիները, որտեղ իրենց լավ ու ապահով են զգում, այնտեղ էլ պիտի ապրեն, լինի դա քաղաք, թե գյուղ։ Կարևորը, որ կարողանանք պահել մեր մշակույթը, անցյալը։ Արցախցին, որտեղ էլ լինի, միևնույն է, հազար ու մի թելով կապված կմնա հայրենիքի հետ։ Արցախը մենք ենք, մեր սերունդներն են։ Որպես համայնքի ղեկավար մի մեծ ցանկություն ունեմ ու կաշխատեմ իրականացնել դա։ Ջրաղացներն ունի իր օրը։ Ցանկությունս է՝ գոնե տարին մեկ անգամ հավաքել բոլորին ու սերունդներին պատմել մեր պատմությունը, այնպես անել, որ երբեք չմոռանան մեր լեզուն, ազգային արժեքներն ու միշտ հիշեն, թե ինչպիսի հերոսածին գյուղ է փոքրիկ Ջրաղացները,- ասում է համայնքի ղեկավարը և ավելացնում,- Արցախում թողել ենք մեր տղաների սուրբ գերեզմանները, մեր ապուպապերի շիրիմները, մենք մենակ ենք թողել նրանց։ Ահա ամենացավալին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f