Մայիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը փորձեց վերակենդանացնել սուցիդի մոլուցքի մեջ գտնվող Հայաստանը։
Նա Հայաստանին առաջարկեց փրկիչ դեղերը՝ հարուստ իրավական թղթապանակը, սակայն Հայաստանն արդեն տենչում է մահը։ Հայաստանի խորհրդարանի սիմպատիչնի նախագահը «ընտրեց» միայն թմրացնող դեղերը, հրաժարվելով հիմնական միջոցներից։
«Բարձր ենք գնահատում մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից միաձայն ընդունված բանաձեւը Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման վերաբերյալ:
Կարեւորում ենք, որ բանաձեւում դատապարտվում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից եւ կոչ արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը` հավելելով, որ այժմ ամբողջ միջազգային հանրության կոչերն ուղղված են պաշտոնական Բաքվին` իրագործելու բոլոր պայմանները Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի համար իրենց դարավոր հայրենիք:
Ալեն Սիմոնյանը, սակայն, չտեսնելու է տվել հիմնականը։
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը հայոց խորհրդարանում հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման պարտադիր ուժի մասին։ Այսինքն՝ նա բաց տեքստով ասում է, որ Հայաստանը պետք է պահանջի ԱՄԴ որոշման անհապաղ կատարումը։ Ուրիշ ոչ ոք դա չի անելու։
Բացի այդ, Կլոդ Վիզլերը կրկին հայտարարեց, որ 1994 թվականի զինադադարի խախտող ռազմական գործողությունները պետք է դատապարտվեն։ Դա ամրագրված է Լյուքսեմբուրգի խորհրդարանի, նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի զույգ պալատների 4 բանաձեւերում։ Միջազգային իրավունքի տեսակետից առաջնային է համարվում 1994 թ․ ստատուս-քվոն, որը խախտվել է ուժով։ Կլոդ Վիզլերը ստատուս-քվոի խախտման դատապարտումը առաջարկում է որպես հիմնական դեղամիջոց, որը ցույց կրա, որ Հայաստանը դեռ կենդանի է։ Սակայն Ալեն Սիմոնյանը եւ դահլիճում նստած իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները, հայացքը թաքցնելով, մերժեցին դեղամիջոցը։ Հազիվ տաք տեղ են գտել։
Դրանից հետո հիմնական դեղն արդեն անօգութ է։ Կլոդ Վիզլերը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանն ուղղված քաղաքական գործընթացներ պետք է նախաձեռնել։ Ի՞նչ կարգավիճակ։ Իշխանական թեւը ասում է՝ Արցախ չկա եւ չի եղել, Վարդան Օսկանյանն էլ միայն անհասկանալի վերադարձն է լոբբինգ անում, բառ չասելով կարգավիճակի մասին։ Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատարն էլ կոչ է անում վառ պահել Արցախ վերադառնալու գաղափարը։
Ալեն Սիմոնյանը եւ այլոք չեն արձագանքել Կլոդ Վիզլերի իրավական դեղատոմսին, քանի որ լավ գիտեն՝ եթե այս իրավական մոտեցումը գերակշռի միջազգային հարաբերությունների մեջ, ապա Պուտինի, Ալիեւի, Նեթանյահուի եւ մնացածների հետ հայկական էլիտան եւս կանգնելու է միջազգային դատարանի առաջ՝ ցեղասպանությանը հանցակից լինելու մեղադրանքով։
Կլոդ Վիզլերը ափսոսանքով հեռացավ․ նա ասել է, որ Հայաստանը դիտարկվում է որպես կարևորագույն կրիտիկական հանգույց։ «Հայաստանն աննախադեպ հնարավորություն ունի, որպեսզի պայքարի և ստեղծի խաղաղություն, միջազգային համագործակցություն և ժողովրդավարական առաջխաղացում այս տարածաշրջանում»,- եզրափակելով խոսքը՝ հայտարարեց Վիզլերը:
Սակայն Հայաստանի էլիտան համաձայն է ոչ թե Լյուքսեմբուրի, այլ Պուտինի եւ Լուկաշենկոյի հետ, որը արդեն Կովկասի «նայող» է կարգել Ալիեւին․«Դուք արդեն պատասխանատու եք ամբողջ Կովկասում տիրող իրավիճակի համար, ինչի հույսը մենք՝ այն ժողովուրդները, որոնք Կովկասում չեն ապրում… Ժամանակն ընտրել է ձեզ, ինչպես ասում ենք, և դուք պատասխանատու եք Կովկասի համար։ տարածաշրջանը որպես առաջատար»,- ասել է Լուկաշենկոն Ալիեւին։
Ծափահարություններ։
Նաիրա Հայրումյան