Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նսեմացրել է թուրքական անօդաչու թռչող սարքի դերը նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վայրի հայտնաբերման գործում և հայտարարել սեփական անօդաչու համակարգերի արդյունավետության մասին, հայտնում է Reuters-ը։
Իրանական կողմից մեկնաբանությունների առիթ է հանդիսացել թուրքական խոշորագույն պետական «Անադոլու» գործակալության հրապարակած հոդվածների շարքն այն մասին, որ նորագույն հարվածային անօդաչու թռչող սարք Bayraktar Akıncı-ն, Թեհրանի խնդրանքով, երկու ժամից քիչ ժամանակ աշխատելով բարդ եղանակային պայմաններում հայտնաբերել է ընկած ուղղաթիռ։ Սելչուկ Բայրաքթարը սա վերածեց գովազդի՝ ասելով, որ Աքընջիի արդյունավետության պատճառով այս փրկարար գործողությունը «հետք կթողնի ամբողջ աշխարհում»։ Այնուհետև Anadolu-ն վերլուծական հոդված է հրապարակել՝ պնդելով, որ Իրանը չունի անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են նման որոնողափրկարարական առաքելություն իրականացնել։
«Չնայած Թուրքիան անօդաչու թռչող սարք է ուղարկել, որը հագեցած է գիշերային տեսողության սարքերով և ջերմային տեսախցիկներով, անօդաչուն չի կարողացել ճշգրիտ տեղորոշել կործանման վայրը՝ ամպերի տակ հայտնաբերելու սարքավորումների և կառավարման կետերի բացակայության պատճառով», – ասվում է Իրանի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Թեհրանը նշում է, որ կործանման վայրը հայտնաբերել են իրանցի ցամաքային փրկարարները և Հնդկական օվկիանոսից հետ կանչված անօդաչու սարքերը։
Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կողմից փոխանցված ուղղաթիռի գտնվելու վայրի կոորդինատները իրական դիրքից շեղվել են 7 կմ-ով։ «Թուրքական անօդաչու թռչող սարքը հայտնաբերել է սև կետ, բայց երբ մեր ուժերը ժամանել են, պարզվել է, որ դա ուղղաթիռ չէ, որը հայտնաբերել է», – ասել է Արևելյան Ադրբեջանի նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Սարդար Ասղար Աբբասքոլիզադեն Tasnim-ին, հաղորդում է РБК-ն։