Լույս էի փնտրում, չէի գտնում…

  • 18:24 24.05.2024

Արցախցիներս հաճախ ենք խոսում մեր կորուսյալ հայրենիքի, միջավայրի, ունեցվածքի, նյութական ու ոչ նյութական արժեքների մասին, փորձում հիշել ամեն մի փողոցի քարն ու թուփը, հարևանական ջերմ խոսակցությունները, տան ամեն մի անկյունը, համն ու բույրը։ Կորուստներն աներևակայելի շատ են ու դառը։ Ափսոսանքն ու դառնությունը իրար միախառնված հիշում ես, և այդ հիշողությունը մի կողմից ջերմացնում է, մյուս կողմից՝ դառնացնում։

Նկարչուհի Զարինե Բաբայանը մնացածների նման Արցախում է թողել իր հույսերն ու երազանքները, տունն ու արվեստանոցը։ Առավել ծանր է տարիների իր աշխատանքի կորուստը՝ ստեղծագործությունները, որոնցից ամեն մեկը մի երեխայի պես էր։ Օրերով, անքուն գիշերներով, հուզումներով ու ապրումներով նկարված ամեն մի կտավը մի փոքրիկ կյանք ուներ իր մեջ։

«Ցավոք, ոչ մի աշխատանք չկարողացա ինձ հետ բերել։ Ամեն ինչ մնաց այնտեղ։ Այդ ծանր իրավիճակում մտքովս չէր անցնում, որ կարելի էր աշխատանքներս վերցնել։ Վերցրել էի ամենաանհրաժեշտը՝ սահմանափակ քանակով։ Անկեղծ ասած, խուսափում եմ վերհիշել։ Կարոտն ահավոր խեղդում է․․․»,- հուզմունքը խեղդելով կիսատ է թողնում խոսքը նկարչուհին։

Դեռ մանկուց պարզ էր, որ ակնհայտ նկարչական տվյալներ ունի Զարինեն։ Նկարում էր ամեն օր, ամեն ազատ ժամանակ։ «90-ականներին՝ պատերազմի ժամանակ, երբ թուղթն էլ էր սուղ, նկարում էի նույնիսկ թերթերի ազատ տարածքների վրա։ Կարծում եմ, արվեստի հետ սերտ կապված մարդիկ այլ ընտրություն չունեն, քանի որ դա երկնային պարգև է, որից խուսափելն անհնար ու անիմաստ է։ Դա միակ աշխատանքն է, որ ինձ ուրախություն, հանգստություն է պարգևում։ Շնորհակալ եմ Աստծուն այդ պարգևի համար»,- պատմում է նա։

Ուսանողական տարիներից ակտիվ մասնակցում էր ցուցահանդեսների, մրցույթների։ Համալսարանն ավարտելուց հետո դարձավ Արցախի Նկարիչների միության անդամ։ Բազմիցս մասնակցել է Արցախի նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսներին, մրցույթներին, այդ թվում՝ արտասահմանում։ Մասնակցելով մի քանի համահայկական մրցույթների՝ զբաղեցրել է առաջին տեղեր։

«Ստեղծագործական կյանքիս ընթացքում փորձել եմ նկարչական տարբեր ուղղություններով աշխատել։ Վաղ ուսանողական տարիներիս ոգեշնչվում էի Վերածննդի վարպետների աշխատանքներով, հետո սկսեց գրավել իմպրեսիոնիստական ոճը, այնուհետև կուբիզմը, աբստրակցիոնիզմը։ Հիմա աշխատանքներս կբնութագրեի պայմանական ռեալիզմ անվանումով, որովհետև նրանց մեջ առկա են թե՛ ռեալիստական էլեմենտներ, թե՛ վերացական»,- բացատրում է Զարինեն։

Ստեղծագործական աշխատանքներին զուգահեռ՝ նկարչուհին մանկավարժական աշխատանքով էր նաև զբաղված։ Ցերեկները դասավանդում էր Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, իսկ մինչև ուշ գիշեր աշխատում արվեստանոցում։  «Ամբողջ ուժով փորձել եմ երեխաներին սովորեցնել հասկանալու արվեստի ուժը։ Կարծում եմ, հաջողվում էր, որովհետև երեխաներին սովորեցնում էի ոչ միայն նկարելը, այլև զրուցում էինք արվեստի պատմությունից, միասին քննարկում տարբեր ստեղծագործություններ։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ մեր անհագ թշնամին»,- ափսոսանքով է հիշում նա։

2020 թվականի նոյեմբերի 11-ին` 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, Զարինեն արդեն Ստեփանակերտում էր։ Ինքն իրեն խոստացել էր, որ այլևս չի լքի Արցախը՝ ինչ էլ որ լինի։ «Շատ էի փոշմանել, որ պատերազմի ժամանակ ստիպված էի դուրս գալ Արցախից։ 44-օրյա պատերազմն իր ահավոր հետքերն է թողել։ Քայլում էի ավերված քաղաքում ու Աստծուն փառք էի տալիս, որ գոնե մի թիզ մեզ մնաց։ Մինչև պատերազմը մի փոքր հողակտոր էի գնել։ Երազում էի տուն-արվեստանոց կառուցել։ Երազանքս կատարվեց, բայց ստեղծագործական աշխատանքն այդ երեք տարիների ընթացքում մի տեսակ ցավոտ էր։ Պատերազմի հետքերն ամենուր էին, այդ թվում՝ իմ հոգում և իմ աշխատանքներում»,- պատմում է նա։

Արվեստի մարդու համար շրջափակման օրերին ծանր էր այնքանով, որ ստիպված էր ստեղագործելու փոխարեն ամբողջ օրն առօրյա կենցաղային հարցերով զբաղվել՝ հերթ կանգնել, մթերք ձեռք բերելու մասին մտածել․․․

«Շրջափակման դժվարությունները մի կերպ հաղթահարելի էին։ Ամենադժվարը լույսի բացակայությունն էր։ Շատ էի ծանր տանում գիշերվա խավարը։ Ինչ ասես չէր անցնում մտքովս։ Սարսափում էի այդ մտքից, որ մի օր էլեկտրաէներգիան սպառվելու է, և մնալու ենք խավարում։ Խավար էր նաև մարդկանց մեջ։ Լույս էի փնտրում, բայց չէի գտնում։ Միակ սփոփանքս ու մխիթարությունս Աստված էր,-վերհիշում է Զարինեն։- Չէի պատկերացնում, որ կգա մի օր, երբ կլքենք Արցախը։ Ամենասարսափելի միտքն էր դա։ Աստծո ճանապարհներն անքննելի են։ Չգիտեմ ինչի համար Տերը թույլ տվեց այս ամենը, բայց ենթադրում եմ, որ մենք ենք մեղավոր, որ այդպես էլ Աստծուն չդարձանք»։

Երևանում կրկին դասավանդում է։ Այլ աշխատանքներից ևս չի խուսափում․ «Փնտրում եմ այնպիսի աշխատանք, որ կարողանամ նաև դպրոցում դասավանդել։ Ապագան անորոշ է ինձ համար, ոչինչ չեմ տեսնում, սակայն հույսս առ Աստված է։ Թող լինի Աստծո կամքը»։

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նյութը պատրաստվել է “Ստեփանակերտ” մեդիա ակումբի նախագծի շրջանակներում

f