Արցախցիները Արցախ կվերադառնան միայն միջազգային երաշխիքների ու ՄԱԿ-ի մեխանիզմների ներդրման պայմաններում։ Այս մասին step1.am-ի զրույցում ասաց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
Այսօր Հայաստանի իշխանությունները չեն խոսում բռնի տեղահանված արցախցիների՝ Արցախ վերադարձի մասին։ Հարցին, թե ի՞նչ պայմաններ պետք է ապահովվեն վերադարձի համար, Դավիթ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Արցախ վերադառնալու մասին խոսելն այսօր նման է հեքիաթի, այն պարագայում, երբ Արցախի նախորդ 20 տարվա ղեկավարներն այսօր գտնվում են Բաքվի բանտերում, եւ նրանց վերադարձնելու պահանջ Հայաստանի Հանրապետությունը չի դնում։ Այս պայմաններում արցախցիներին խնդրել կամ հորդորել վերադառնալ Արցախ, դա անընդունելի կլինի։ Արցախիցները դուրս են եկել Արցախից, բայց ներկայիս պատկերացումներով, պետք է վերադառնան եւ վերաբնակեցվեն Ադրբեջանում։ Հազարավոր հարցեր կան, եւ առանց միջազգային մեխանիզմների ներդրման, առանց ՄԱԿ-ի միջամտության ու ՄԱԿ-ի կոնվենցիաների ներդրման, մեր ազգաբնակչության վերադարձը նման կլինի սպիտակ ցեղասպանության։ Բայց այսօր իմ ասած երաշխիքները չկան, նման օրակարգ ՀՀ կառավարությունը չունի։ Այսինքն՝ չի հայտարարվել, որ ՀՀ արտաքին քաղաքական նպատակներից մեկը Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայության վերադարձն է։ Եվ պարզ է, որ բանակցային սեղանին այս հարցը չի քննարկվում»։
Անդրադառնալով հարցին, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը մինչ օրս կատարված չէ, փաստաբանն ասաց, որ ՀՀ կառավարությունը շատ թերի է օգտագործում միջազգային իրավական հարթակները։ «Այո, կա արցախցիների վերադարձի որոշում, կարող է նման 10 որոշում լինել, սակայն վերադարձի որոշումը դա վերադարձի նախապայման չէ։ Պետք է լինեն վերադարձի նախապայմաններ, օրինակ, միջազգային խաղաղապահ կոնտինգենտ, ՄԱԿ-ի կոնվենցիա, որպեսզի մարդիկ հստակ երաշխիքներով վերադառնան։ Հիմա արցախցիներին ոչ ոք այդ երաշխիքները չի տալիս, նույնիսկ եթե Ադրբեջանը հայտարարի, ասի՝ եկեք, մարդիկ էլի չեն գնա։ Անհնար է վերադառնալ այն պայմաններում, երբ ղեկավարները գերու ու պատանդի կարգավիճակում Բաքվի բանտերում են, այդ նույն ճակատագիրը սպասվում է նաեւ բնակչությանը»։
Դավիթ Հավհաննիսյանը նշեց, որ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո Հայաստանը պետք է դիմեր Միջազգաին քրեական դատարան։ «Հռոմի ստատուտին միանալուց հետո Միջազգային քրեական դատարանով կալանավորված մարդկանց Հայաստանը պետք է ձերբակալի, օրինակ, Վլադիմիր Պուտինին պետք է ձերբակալել, եթե նա ժամանի Հայաստան։ Մոտ 180 պետություն միացել է Միջազգային քրեական դատարանին։ Հայաստանի իշխանությունը պետք է դիմեր դատարան, որպեսզի Ադրբեջանի գործողություններին հստակ գնահատական տար եւ Ադրբեջանի ղեկավարին ճանաչեր միջազգային հանցագործ, որպեսզի Ալեւի արտագնա այցերն էլ սահմափակեր եւ այդ գործիքակազմով ճնշում գործադրեր Ադրբեջանի վրա, ինչը չի արվել։ Սա նաեւ խոսում է այն մասին, որ ՀՀ իշխանություններն Արցախի էջն իրենց համար փակել են։ Նույնիսկ, եթե դա օգտագործելով հնարավոր է Հայաստանի շահերն ավելի արդյունավետ սպասարկել, դա էլ չի արվում»,- նշեց նա։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: