Երեւանում մայիսի 26-ի հանրահավաքից երկու օր առաջ ձերբակալվել են Ասկերանի եւ Մարտակերտի քաղաքապետեր Հայկ Շամիրյանն ու Միշա Գյուրջյանը։ Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռք բերած գույքը վաճառելու համար։
Խոսքը Արցախի պետական ու համայնքային մեքենաների մասին է, որոնք տեղահանությունից առաջ վերջին օրերին գլխացավանք դարձան բազմաթիվ պաշտոնյաների համար։ Կառավարության մակարդակով որոշում է կայացվել ավտոմեքենաները օտարել այն պաշտոնյաներին, որոնց նրանք ծառայում էին։ Շատերը չհամաձայնեցին սեփականաշնորհել, բայց այս մեքենաներով եկան Հայաստան՝ այն մտադրությամբ, որ հետո դրանք կհանձնեն պատկան մարմիններին։
Ենթադրվում էր, որ Հայաստանում Արցախի պետական մարմինները կունենան ինչ-որ կարգավիճակ, իրավական բալանս, եւ մեքենաները կգտնեն իրենց օրինական տերերին։ Այլընտրանքը մեքենաները թշնամուն թողնելն էր։
Բայց Հայաստանում Արցախի թե՛ պետական, թե՛ մունիցիպալ մարմինները հայտարարվեցին «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ», Արցախի ժողովուրդը հանկարծ դարձավ Հայաստանի ոչքաղաքացի, Արցախի պետական և այլ ունեցվածքը ոչ միայն օրենքից դուրս ճանաչվեց, այլ, ըստ էության, յուրացված արցախցիների կողմից։
Ասկերանի և Մարտակերտի քաղաքապետերին դատում են Ադրբեջանին «պատկանածը» յուրացնելու համար։ Այս տրամաբանությամբ հնարավոր է, որ խնդրո առարկա մեքենաները Հայաստանի քննչական մարմինների կողմից առգրավվեն և վերադարձվեն Ալիևին։
Հակառակ դեպքում Հայաստանում կստեղծվեր համակարգող մարմին՝ Արցախի իշխանությունների հետ միասին, որը կզբաղվեր նման հարցերով։ Կասկածից վեր է, որ այս մոտեցմամբ պետական գույք բերողներից շատերը՝ անկախ դրանից, դա արել են թշնամուն չթողնելու թե՞ պարզապես յուրացնելու համար, կներկայանային համակարգող մարմնին, թեկուզ գույքը օրինականացնելու համար։
Բայց դա չի արվել, այդ թվում, որպեսզի ճիշտ պահին հանվեն մեղադրական ապացույցները թղթապանակից։