Կամ՝ հաց, որի մեջ սեր կա
40 տարվա մանկավարժը ժենգյալով հաց թխելով է հոգում ապրուստը: Բռնի տեղահանումից հետո Երևանի Սվաճյան փողոցում ժենգյալով հացի թխման կետ է բացել: Փորձ ուներ, գիտեր, որ եթե համին սովորեցին՝ հաճախորդների պակաս չի ունենա:
«Ես Ռուզաննա Աբրահամյանն եմ: 40 տարի եղել եմ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, շատ սիրել եմ իմ աշխատանքը: Օրերից մի օր, երբ տեսա, որ մանկավարժի աշխատավարձով անհնար է ընտանիք պահել, որոշեցի ժենգյալով հաց թխել ու վաճառել»:
«Գործը դեռ Ստեփանակերտում եմ սկսել: Թիվ 8 դպրոցի դիմաց, որտեղ մանկավարժ էի աշխատում, մի խանութ վարձեցի, գրեցի ճակատին՝ Արցախի բրենդ ժենգյալով հաց: Ու սկսեցի ժենգյալով հաց թխել: Ուսումնասիրեցի բիզնեսի կառավարման մասին գրականություն, ինքնավստահություն ձեռք բերեցի ու սկսեցի»:
«Գյուղում մեծացած աղջիկ եմ՝ բնությանը քաջածանոթ, բույսերն անգիր գիտեի, 30 տարի ժողովրդական բժշկությամբ եմ զբաղվել, գիտեմ՝ որ բանջարն ինչ բուժական հատկություն ունի»:
Տիկին Ռուզաննան պատմում է, հետն էլ ստուգաբանում բանջարեղենի անվանումները: Հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհու համար սա լոկ մեխանիկական աշխատանք չէ, մի ամբողջ աշխարհ է՝ իր հետաքրքիր բացատրություններով:
Ժենգյալով հացը մեր պահքի ուտեստներից է: Նրա միջի բանջարներն ունեն հակաբորբոքային նշանակություն: Այն նաև նյարդերի վրա բարերար ազդեցություն ունեցող ուտեստ է, երջանկության հորմոններ ունի իր մեջ: Գուցե գաղտնիքը նրանում է, որ այն սովորաբար թխում ու վայելում ենք բարեկամներով, մտերիմներով, յուրայիններով:
Ժենգյալով հացը մի յուրահատուկ ծես է, արարողակարգ: Ընթացքը շատ աշխատատար է՝ շուրջ 3 տասնյակ բանջարեղեն պիտի հավաքես, լվանաս, մանր կտրտես, խմորը հունցես ու նոր միայն թխես: Հնից եկող ավանդույթով՝ գերդաստանի կանայք հավաքվում էին ու իրար օգնում այդ պրոցեսում: Հարսները, աղջիկները միասին զրուցում էին, երգում, հետն էլ ժենգյալով հաց թխում ու գինով վայելում: Գուցե երջանկության հորմոնը այս ամենի արդյունքում է ձևավորվում:
Ստեփանակերտում երբ թխում էի, փոքր երեխաներն այնքան էին սիրում, որ չէին համբերում. «Մամա շուտ արա, շուտ արա, ուզում եմ ուտել»,- այս բառերով էր ուղեկցվում փոքրիկների սպասումը:
Քանի՞ տեսակի բանջարեղեն են օգտագործում
Սովորաբար նշում են շուրջ 2 տասնյակ բանջարների մասին, սակայն տիկին Ռուզաննան շուրջ 6 տասնյակ բանջարի անուն ունի իր մոտ գրած: Ճիշտ է՝ այդ ամենը միշտ չէ, որ գտնվում է, տարվա եղանակների հետ կապված՝ ցուցակը նոսրանում է:
Արցախում աճող շատ կանաչիներ այստեղ փոխարինում է Հայաստանում աճող բանջարներով (ըստ նրա՝ 15 տեսակի բանջար այստեղ կարելի է գտնել): Տիկին Ռուզաննան նախ ինքն է փորձում համը, հետո միայն որոշում՝ խառնե՞լ իր բանջարեղենին, թե՞ ոչ:
Ասում է՝ պիտի իմանաս ինչ համամասնությամբ խառնել բանջարեղենը, ոնց խառնել, ինչքան ձեթ ու սոխ ավելացնել, ինչքան պահել կրակին, որ իր օգտակար հատկությունները չկորցնի:
Համեմունքային կանաչիները նրա մոտ առանձնացված են, ձմռանը չաճող կանաչիները նա չորացնում է ու խառնում, օրինակ՝ անանուխը, ռեհանը կարելի է չորացրած էլ խառնել: Անցնում է բարբառի՝ «մին պատառ սըրանա, մին պատառ նըրանա՝ համավ պեն ա ստացվում»:
Փորձարկումներ է անում. հարևանների համար նաև գազար է ավելացնում, իր ընտանիքի համար աղացած միս է խառնում: Այսպես ամեն օր մի նորույթ է մատուցում:
Ստեփանակերտի իր այգում ելակ ու ազնվամորի էր աճեցնում, սրանց տերևներն էր նաև խառնում ժենգյալով հացին:
Ինչու հենց ժենգյալով հաց
Ուտեստը պարզ բաղադրություն ունի, բնության հետ է կապված, երբ ուրիշ բան չի լինում ուտելու, արցախցի հնարամիտ կինն իր բոստանից (տնամերձից) բանջարեղեն է հավաքում, մի քիչ ալյուր շաղախում, խմոր հունցում, ժենգյալով հաց թխում՝ երեխաներին կշտացնում:
Արցախյան առաջին պատերազմի ու վերջին շրջափակման ժամանակ հենց ժենգյալով հացն էր արցախցու փրկիչ ուտեստը:
«Հիշում եմ՝ 90-ականներին տանս մի կիլոգրամի չափ ալյուր էր մնացել: Իմ բոստանից բանջար քաղեցի, մի 10 ժենգյալով հաց թխեցի ու այդ օրը մի լավ կշտացանք: Բլոկադայի ժամանակ էլ, երբ անգամ ձեթ չկար, առանց ձեթ էի թխում, հաճախորդներս չէին տրտնջում, մեկական էի տալիս, որ բոլորին ինչ-որ բան հասներ»,- պատմում է տիկին Ռուզաննան:
Արցախի ժողովուրդը բնությանը մոտ էր, ճանաչում էր իրեն շրջապատող ամեն քար ու թուփ, գիտեր՝ ինչը կարելի է ուտել, ինչը՝ոչ: Մեր տատիկներին էլ է ժենգյալով հացը օգնության ձեռք մեկնել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, երբ համատարած սով էր:
Հաց, որի մեջ սեր կա
«Մոսկվա էի գնացել՝ որդուս այցելության, հետս տարա՝ համից չէր կշտանում, ասում է՝ մամա, քո թխածն ուրիշ է, այստեղ էլ են վաճառում, գնում ենք, բայց քոնի համն ու հոտն ուրիշ է: Ասում եմ՝ սեր եմ դնում մեջը, դրանից է:
Իսկապես, այնքա~ն սիրով եմ անում իմ գործը, չեմ ալարում, հաճույքով եմ կատարում ամեն մի պրոցես, եթե անգամ տնեցիները երբեմն օգնում են, ես, միևնույն է, վերահսկում եմ՝ պիտի ամեն ինչ իմ ուզածով լինի:
Միշտ Աստծո բաժինը բաժանում եմ՝ մի չունևորի, սոված մարդու, հարևանի, երեխայի եմ տալիս, սա էլ մի հատուկ արարողակարգ է ինձ համար: Խիղճս մեջտեղ դնելով եմ անում իմ աշխատանքը, հո՞ ամեն ինչ փող վաստակելու համար չէ միայն»:
Ժենգյալո՞վ, թե՞ ջանջյալով հաց
«Ծանր, աշխատատար գործ է, կատակում ենք ՝ժենգյալով հաց չի, է~, ջանջյալով (խմբ.` ջանջյալ-դժվար` Արցախի բրբ.) հաց է: 8 տարի է զբաղվում եմ դրանով: Երեխաներիս մեծացնելիս, կրթություն տալիս շատ է օգնել ինձ:
24 տարի է, ինչ միայնակ մայր եմ: 3 զավակ եմ մեծացրել: Մեծս՝ Վահանը, 11 տարեկան էր, երբ մենակ մնացի: Չեմ ընկճվել, գիտեի՝ կպահեմ, կմեծացնեմ»:
«Ես Շոշ գյուղից եմ: Մեր հարևանները ուսուցիչներ էին՝ Թորոսյանները, միշտ մայրիկիս ասում էին՝ Նորա, շատ ես չարչարում երեխաներին, ասում էր՝ «վեչինչ, թող անէ ինձետէ, սըվերէ ուրան հետէ» (թող ինձ համար անի, իր համար սովորի): Ու իսկապես, եթե մորս այդ չարչարելը չլիներ, կյանքի հարվածներին չէի դիմանա:
Մեր Ղարաբաղի լեռներից, քերծերից այնքա~ն զկեռ եմ հավաքել, մեր սառնորակ աղբյուրներից այնքա~ն ջուր եմ կրել:
Ամենաուժեղ կրթությունն աշխատանքն է, երեխան փոքր տարիքից պիտի միտքը զարգացնի: Ես այս տարիքում էլի նոր բան եմ ուզում սովորել, բիզնես դպրոցներ կան, դասընթացներ կան, որոնց սիրով կմասնակցեի, բայց հացի խնդիր եմ լուծում, ժամանակ չունեմ:
Երեխաներիս ասում եմ՝ ինչքան կարողանում եք, սովորեք, ամեն տարիքում մի նոր բան սովորեք, ձեր իմացածին նորը ավելացրեք, դրանից միայն օգուտ կքաղեք»:
Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ
Նյութը պատրաստված է “Ստեփանակերտ” Մեդիա ակումբի նախագծի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: