Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։ Պատճառները չեն հաղորդվում, սակայն, ըստ էության, հայ-ռուսական հարաբերություններում ոչ մի նոր կամ ակնհայտ բան տեղի չի ունեցել, ուստի պետք է ենթադրել, որ նրան կանչել են հետագայի մասին խորհրդակցությունների։
Հիշեցնենք, որ Պուտինը Սերգեյ Կոպիրկինին նշանակեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում 2018 թվականի ապրիլի 6-ին, հենց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլարշավը Գյումրիից Երևան, որն ավարտվեց «թավշյա» հեղափոխությամբ և հայկական պետականության քայքայմամբ։ Կոպիրկինը Հայաստան ժամանեց ավելի ուշ եւ իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին հունիսի 4-ին, երբ Փաշինյանը արդեն վարչապետ էր։
Կոպիրկինը, ով Հայաստանում իր գործունեությունը սկսել է «փափուկ ուժի» անոնսով եւ համարվում է Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերի կուրատոր, նույնիսկ ճարտարապետը ներկայիս խորհրդարանի, որը ձևավորվել է 2021 թվականին Հայաստանի համար աղետալի պատերազմից հետո։ Նա “ռուչնոյ” ռեժիմով համակարգում է թե՛ իշխանական խմբի, թե՛ ընդդիմադիր ուժերի գործողությունները։ Եւ մինչ այժմ ամեն ինչ այնպես էր, ինչպես ցանկանում էր Ռուսաստանը։
Սակայն վերջին շրջանում արևմտյան երկրները չափազանց համառորեն են Նիկոլ Փաշինյանին առաջարկում ընտրություն կատարել. Կոպիրկինի խորամանկ բանաձևը «անվտանգություն և տնտեսություն Ռուսաստանի հետ, և փող ժողովրդավարության համար Արևմուտքից» դադարել է գործել։ Արեւմուտքն արդեն գործում է Փաշինյանի գլխավերեւում՝ նրան ու Ռուսաստանին դնելով կատարված փաստի առաջ։
Օրինակ՝ վերջերս արևմտյան քաղաքական գործիչները բացահայտ ասում են, որ արցախյան հակամարտությունը չի լուծվել, որ 1994 թվականի ստատուս քվոն խախտելն անընդունելի է, և որ «խնդիրը Փաշինյանն է», ինչպես ասաց Մակրոնը։
Արևմուտքի և Ռուսաստանի համար Փաշինյանի անհարմարությունն արդեն ակնհայտ է դառնում, և չի բացառվում, որ հենց դա է պատճառը, որ Կոպիրկինին կանչել են՝ ցուցումներ տալու։ Ինչպես պահպանել բարակ շեմը՝ կանխել Հայաստանում ազգային շահերով առաջնորդվող իշխանության ստեղծումը, միաժամանակ պատասխանատվություն չվերցնել Փաշինյանի հավանական տապալման և ռազմաքաղաքական կատակլիզմների համար։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը անմիջապես ողջունեց Սերժ Սարգսյանի հրաժարականը 2018թ։ «Մի ժողովուրդ, որն ուժ ունի իր պատմության նույնիսկ ամենադժվար պահերին չբաժանվելու և միմյանց հանդեպ հարգանք պահպանելու, չնայած կատեգորիկ տարաձայնություններին, մեծ ժողովուրդ է։ Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,- ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, ասել է Մարիա Զախարովան։ Հետաքրքիր է, կասի՞ նա նույնը մայիսի 26-ին։
Այո, Ռուսաստանը միշտ հայերի հետ է՝ հեռացնելով բոլորին. 2020 թվականին Ռուսաստանը խրախուսեց Բաքվին ռազմական գործողությունների՝ երաշխավորելով Հայաստանի պարտությունը, իր զորքերը մտցրեց Արցախ և երեք տարի անց հասավ Արցախի ամբողջական օկուպացմանը։ Ռուսաստանը կարող է ապահովել Արցախի օկուպացիայի անշրջելիությունը միայն Հայաստանին մասնատելով ու ինքնիշխանությունից զրկելով։
Մայիսի 26-ի հանրահավաքը շատ բան կորոշի։ Բայց Նիկոլ Փաշինյանի այսօրվա արկածները Կիրանցում, որտեղ նրան մերժել են, վկայում են նրա սակրալության կորստի և այն մասին, որ նա դադարել է սուրբ կով լինել բոլորի համար։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: