Աղետալի հեղեղումներ Հայաստանում

  • 11:47 26.05.2024

Ալավերդիում աղետ է: Գիշերը տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան: Կապն աշխատում է խափանումներով, խոսվում է գետափնյա տներից անհետացած մարդկանց մասին: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Հրաչյա  Պապինյանը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։

«Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ Կոմիտեն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։

Միաժամանակ, նշվածով պայմանավորված՝ արդեն իսկ ճանապարհին գտնվող բեռնափոխադրումների մասով Կոմիտեն զերծ կմնա երթուղու չպահպանման համար նախատեսված պատասխանատվության կիրառումից և վարչական վարույթների հարուցումից։ Ճանապարհների վիճակի կարգավորվելուն պես՝ Կոմիտեն լրացուցիչ կտեղեկացնի, միաժամանակ, կարող եք հետևել լրահոսին»,- հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ և Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները:

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Տաշիր գետի վարարման պատճառով ջուրը լվել էՏաշիր քաղաքի փողոցները: Այս մասին հայտնում են օգտատերերը` հրապարակելով լուսանկարներ եւ տեսանյութեր:

Նշենք, որ Դեբետ գետի վարարման հետեւանքով Ալավերդիում աղետ է, կան փլուզումներ խոսում են կորած մարդկանց մասին:

Ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է հայտնել Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ:

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում 2024 թվականի մայիսի 26-ին ժամը 00։40-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։

Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:
Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ժ․08։00-ի դրությամբ՝

Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը  ջրածածկված է։

Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ,  երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։

Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։

Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։
Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա որում կա քաղաքացի։
Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։ Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են անվտանգ տարածք։

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկում են բոլոր դեպքերը․ ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։

ՏԿԵՆ-ից ներկայացնում են փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ.

Փակ երթուղիներ՝

  1. Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն
  2. Դիլիջան – Իջևան

Այլընտրանքային երթուղիներ՝

Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի

  1. «Գոգավան մ/տ» – Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
  2. «Բավրա մ/տ» – Գյումրի – Երևան

Հայաստանի ներհանրապետական երթուղի

  1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան