Ամեն ինչ սկսվեց 44-օրյա պատերազմի օրերին, երբ «Հայորդիի» հիմնադիր Վաչե Վարդանյանը տեղափոխվեց Արցախի սահմանապահ գյուղում ապրելու: Նոյեմբերից սկսվեցին ծրագրերը, որոնց ամիսներ անց միացան նաև զոհված հայորդիների ընտանիքների անդամներն ու փոքրիկ խումբը դարձավ «Հայորդի» նախաձեռնություն: Արցախի սահմանի ամենատարբեր հատվածներում իրականացվում էին հարյուրավոր բարեգործական ծրագրեր:
Բազմաթիվ կամավորների աջակցությամբ «Հայորդին» վերաբացվեց Երևանում: Պատերազմների հետևանքով կորուստ ունեցող երեխաների համար սկսեցին գործել «Խոխա» կենտրոնը, «Հայորդի» աշխատարանը, Քննարկումների հարթակը, Արվեստի սենյակը, Գրադարանը: «Տունը այն տեղն է, որտեղ կանք Մենք»,-ասում է Վաչե Վարդանյանը: Յուրաքանչյուր ամիս 200 երեխա հաճախում է տարաբնույթ խմբակների, դասընթացների:
«Խոխա» կենտրոնը , որն առաջին անգամ բացվել էր Կարմիր շուկայում 2021թ., 3-6 տարեկան արցախցի խոխեքի համար է: Դասավանդվում է ազգային պար, երգ, նկարչություն, կենցաղավարություն և այլն: Երեխաները ամեն պարապմունքի սկզբում երգում են Արցախի օրհներգը: Իրար հետ հաղորդակցվում են միմիայն Արցախի բարբառով:
Աշխատարանում անվճար հաճախում են զանազան խմբակների:
Արվեստի սենյակում կավագործության, նկարչության և համանման խմբակների միջոցով խոխեքը արտահայտում են իրենց հույզերը: Արվեստանոցում աշխատում է նաև հոգեբանների թիմը:
Գրադարանը հարուստ է ժամանակակից գրքերով:
Քննարկումների հարթակում կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ և դասընթացներ:
Վաչեի խոսքով` «բարի գործ անելու համար հատուկ առիթ կամ օր պետք չէ: Պետք է միայն ցանկություն»:
«Հայորդիում» ամենահավեսը փրփուր փարթին է: Երբ մեծանամ զինվոր եմ դառնալու, որ հայրիկիս օգնեմ: Եթե ունենամ կախարդական փայտիկ, հայրիկիս հետ կբերեմ»,-ասում է ամենափոքր անդամներից Արմանը, որի ամենակարևոր երազանքը Հայրիկի մասին է…
«Մայրենիք» ծրագիրը մեկնարկել է 2024թ. ապրիլին: Ծրագրի նպատակն է շնորհակալ լինել այն մայրերին, որոնք հայրիկի զոհվելուց հետո ստիպված են լինում միայնակ հոգալ բոլոր կարիքները: Հոգատար հայրենակիցները պատասխանատվություն են ստանձնում 5 ամիս շարունակ դրամական աջակցություն տրամադրել ընտանիքներին:
«Աշկդ լյուս» ծրագրի շնորհիվ Արցախից բռնի տեղահանված 100 հղի կանայք yerazkids-ի կողմից ստացան խնամքի նվերների փաթեթ և մասնակցեցին ուսուցողական սեմինարի:
«Խոխա» կենտրոնի դաստիարակ Անահիտ Գրիգորյանի ամուսինը զոհվել է բենզինի պայթյունից: Սարուշենից տեղահանվելուց հետո նա անբաժան է կենտրոնից.« Շատ պարտավորեցնող աշխատանք է, քանի որ յուրաքանչյուր մանուկ ունի տրավմա ու գտնվում է ծանր հոգեվիճակում: Երեխաները գոնե այստեղ պետք է տեսնեն կյանքի գույները, մի պահ մոռանան կարոտը»: Կենտրոնում երեխաներն իրար ապրումակցում են, չեն մոռանում արցախյանը, իրենց զգում են հարազատ միջավայրում, միասին են նշում ծննդյան տոները: Վաչե Վարդանյանը նշեց, որ երեխաների պաշտպանության օրվան նվիրված բազմաթիվ հեքիաթային միջոցառումներ են սպասվում:
«Հայորդի» կազմակերպությանը կարող է օգնել մեզնից յուրաքանչյուրը: Անհրաժեշտ է նվիրատվություն ուղարկել 11815042199803 (ID bank): Հիշենք, որ կաթիլներն են ամբողջացնում ծովը…
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: