«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի համայնքապետերի վերաբերյալ հարուցված քրեական գործերին։ Այսօր հայտնի է դարձել, որ դատարանը որոշել է կալանավորել Ստեփանակերտի քաղաքապետին։ Ավելի վաղ տնային կալանք էր սահմանվել Ասկերանի քաղաքապետի նկատմամբ, ձերբակալվել է նաեւ Մարտակերտի քաղաքապետը։
«Այս մարդիկ ամբողջ Արցախը հանձնել են, կործանել են մարդկանց կյանքը, չեն ճանաչում այդ պետությունը, ո՞ւմ են ձերբակալում, մարդկանց, որոնք ի՞նչ են արել, իրենց պատճառով տնազրկվել են, իրենց հայրենիքը ուղղակի զարկված է»,- ասաց Բագրատ սրբազանը։
Գույքի յուրացման մասին մեղադրանքներին էլ անդրադառնալով՝ նա ասաց․ «Ո՞ւմ գույքը, իրենց ի՞նչ՝ ում գույքն է, ո՞ւմ գույքն են յուրացրել։ Այդ մեքենաները, որ բերել, են, պետք է թողնեին այնտեղ ու գայի՞ն։ Հսկայական տուն-տեղ, հայրենիք, սրբավայրեր, գերեզմաններ են թողել այդ մարդիկ իրենց պատճառով։ Չե՞ք զգում, որ լրիվ քաղաքական վիճակ է, վախեցնեն ու սարսափեցնեն։ Ո՞ւմ են ուզում վախեցնել, իրենք են վախեցած, մեզ չեն կարող վախեցնել, հոգեվարքի մեջ են։ Մենք նահանջելու տեղ չունենք, եթե նահանջող կա, իրենք են։ Տղաներին էլ ողջույններ եմ հղում՝ Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի քաղաքապետերին»։