Հայաստանի քննչական կոմիտեն վախենում է «Ստեփանակերտ» բառն օգտագործել
ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին տեղեկացրել էր, որ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի՝ նախկին համայնքի ղեկավար Դ․Ս․-ի և երեք անձանց նկատմամբ։
Խոսքը Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի մասին է, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տեղահանության ժամանակ Արցախից բերված պետական և մունիցիպալ մեքենաները վաճառվել են փաստաթղթերով, որոնցում ցանկության դեպքում կարելի է խարդախություն տեսնել։
Քննչական կոմիտեն չի նշում «Ստեփանակերտ» համայնքը, ըստ երևույթին, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ռեգիստրներում Արցախի մայրաքաղաքն արդեն գրանցված է որպես «Խանքենդի»։
Հայաստանում իշխող խմբավորումը ոչ միայն քաղաքականապես հրաժարվեց Արցախից, այլև օրենքից դուրս հայտարարեց բոլոր արցախցիներին և ընկղմեց նրանց կատարյալ ապօրինության մեջ։ Մարդիկ չեն կարողանում անձը հաստատող փաստաթղթեր ձեռք բերել, նրանց ստիպում են ՀՀ 070 ծածկագրով անձնագիրը փոխել 099 ծածկագրով այլ անձնագրի։ Հետո պարզվում է, որ 099 ծածկագրով անձնագրեր են տրվում քաղաքացիություն չունեցող անձանց։
Բոլոր ատյաններում անիրավություն է, մարդիկ չգիտեն, թե ուր դիմեն իրենց հարցերով, ամեն ինչ որոշում է համակարգիչը, և այն ծրագրված է անողոք լինել արցախցիների նկատմամբ։
Այս մասին արցախցիները բարձրաձայն չեն խոսում, քանի որ ամաչում են խոստովանել, որ նման վերաբերմունքի են հանդիպում ոչ թե մեկ այլ տեղ, այլ Հայաստանում։
Ամոթ է, մի արեք։