Բոլորը, առանց բացառության, ովքեր վերապրել են պատերազմներ և բռնի տեղահանում, սոցիալ-հոգեբանական աջակցության կարիք ունեն
Մասիս համայնքում «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի» աջակցությամբ անցած տարեվերջին հիմնվեց «Սոցիալական աշխատանքի կենտրոն»՝ Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական խնդիրներին արձագանքելու և նոր համայնքում նրանց սոցիալական ինտեգրումը ապահովելու նպատակով։
Կենտրոնը պաշտոնապես սկսել է գործել 2023 թվականի դեկտեմբերին։ Կենտրոնի տարբեր ծառայություններից օգտվում են Մասիս համայնքում ապաստանած ավելի քան 650 տեղահանված ընտանիք։
Զարինե Պետրոսյանը, Մասիսի «Սոցիալական աշխատանքի կենտրոնի» պատասխանատուն պատասխանեց Step1.am-ի հարցերին:
–Որքա՞ն ժամանակ է, որ գործում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և ո՞րն է նրա առաքելությունը
– Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան գործում է դեռևս 2004 թվականից: Ասոցիացիան նպատակ ունի Հայաստանում նպաստել որակյալ սոցիալական ծառայությունների ներդրմանն ու տարածմանը: Մասիս քաղաքում գործում ենք արդեն 6 ամիս: Կենտրոնը այստեղ ստեղծվել է աջակցություն ցուցաբերելու Արցախից տեղահանված բնակչությանը: Ասոցիացիան նման կենտրոններ ունի Հայաստանի ևս վեցը խոշորացված համայնքներում՝ Գորիսում, Վայքում, Աշտարակում, Մարտունիում, Աբովյանում և Երևանում: Շուտով նոր կենտրոններ կբացվեն այլ համայնքներում ևս:
Կարևոր է նշել, որ մինչ Արցախի բլոկադան և արցախցիների բռնի տեղահանումը Ասոցիացիան բավականին լայն գործունեություն էր ծավալում նաև Արցախում՝ այնտեղ զարգացնելու սոցիալական աշխատանքը և սոցիալական ծառայությունները: Եվ, այսօր այստեղ, փաստացի մենք աշխատում ենք նույն մոտեցումներով, ինչպես սկսել էինք գործել Ասոցիացիայի կողմից Արցախում հիմնված Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոններում:
Մասիսում Սոցիալական աշխատանքի կենտրոնը հիմնվել է՝ Մասիսի համայնքապետարանի հետ սերտ համագործակցության արդյունքում՝ երկու աջակիցների շնորհիվ՝ Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի:
-Որպես կազմակերպություն, որը զբաղվում է Արցախցիների հիմնախնդիրներով, կարող եք նշել, թե ի՞նչ խնդիրների հետ են առնչվում տեղահանվածները:
– Կենտրոնը փորձում է հասկանալ տեղահանվածների խնդիրները տարբեր կողմերից և հնարավորինս օգնել յուրաքանչյուրին գտնել իրեն և իր ընտանիքին հարմար լուծումներ: Իհարկե խնդիրները բազմազան են, դրանց կարելի է տարբեր խմբերի մոտ հանդիպել, թե երեխաների, թե նրանց ծնողների, թե հաշմանդամություն ունեցող անձանց և այլն, սակայն գնալով նկատում ենք, որ բավականին խնդրահարույց է տարեցների հարցը, մասնավորապես միայնակ տարեցների: Հաճախ նկատում ենք, որ մարդիկ ի լրումն կենսական կարիքների բավարարմանը, ընդամենը կարիք ունեն պարզ մարդկային շփման, էներգիայի, մոտիվացիայի, ինչը կորցրել են մեզ հայտնի պատճառներով:
– Դուք նշեցիք, որ ունեք տարբեր ծառայություններ, կարո՞ղ եք մանրամասնել:
– Կենտրոնի կողմից մատուցվող հիմնական ծառայությունը՝ սոցիալական աշխատողների կողմից իրականացվող միջամտություններն են, որոնք ուղղված են բազմազան խնդիրների՝ ընտանիքների հիմնական կարիքների ապահովումից մինչև նրանց ինքնաբավության խթանում: Ի լրումն դրա, ըստ անհատական կարիքների, տրամադրում ենք նաև հոգեբանական աջակցության ծառայություններ, տարբեր թերապևտիկ միջամտությունների ձևով, այդ թվում կազմակերպում ենք օրինակ սոցիալական միջոցառումներ, սակայն ոչ միայն:
-Մի քանի ամիս առաջ նշել էիք, որ սոցիալական վիճակի հետ կապված մարդիկ գտվում են ընկճախտի մեջ, անցել է 6 ամիս արդյո՞ք ճգնաժամը հաղթահարված է:
– Պետք է նկատի ունենանք, որ պատերազմը, տեղահանումը դրանք այնպիսի երևույթներ են, որոնք երկարատև ազդեցություն են ունենում մարդկանց կյանքի վրա: Մարդկանց արձագանքն էլ դրան շատ տարբեր է: Ոմանք ավելի դիմակայուն են, հաջողվում է նրանց ավելի արագ ոտքի կանգնեցնել, ոմանց դեպքում ավելի շատ ժամանակ ու ջանքեր են պահանջվում: Սոցիալական աշխատողները հատկապես այս խմբի հետ աշխատանքում շատ մեծ դեր ունեն:
-Կան այնպիսի ընտանիքներ, որոնք ունեն աջակցության լուրջ կարիք, բայց չեն համաձայնվում օգտվել, օրինակ՝ հոգեբանական աջակցությունից, ինչպե՞ս եք հաղթահարում այս պատնեշը:
– Աջակցությունը, եթե անգամ ամենալավ նպատակներից ելնելով է արվում, չի կարող «պարտադրանք» լինել: Մեր խնդիրն է՝ որպես սոցիալական աշխատողներ, հնարավորինս պարզ ու մատչելի ձևով առաջարկել օգնությունը մեր կարիքն ունեցող մարդկանց: Հավատացած եղեք, որ երբ մարդը գիտակցում, հասկանում է, թե ինչու է դա կարևոր, ինչպես կարող է իրեն օգտակար լինել, իր համար կարողանում է ճիշտ որոշում կայացնել: Այ այստեղ, սոցիալական աշխատողի մասնագիտական հմտություններն՝ «գաղտնիքներն», են օգնության գալիս:
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: