«Սարդարապատը մեզ համար մեր ինքնաճանաչողության բարձրակետն է՝ ինչպիսին ենք մենք եւ ինչպիսին կարող ենք լինել։ Երբ մենք հասնում ենք այդ ինքնաճանաչողության կետին, սխրանքների ու հերոսության ազգ ենք դառնում։ Այնպես որ, մեզ առաջինը հենց դա է պակասում, եւ այս շարժումը հուսով եմ մեզ կտանի այդ ինքնաճանաչողության ակունքին»,- Սարդարապատի հուշահամալիրում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նա հիշեցրեց, որ 1918 թվականի հերոսամարտին մասնակցած մահապարտների գնդի մեծ մասն արցախցիներն էին։ Այդ գունդը կազմված էր հոգեւորականներից եւ արցախցիներից։
«Սա հատուկ շեշտում եմ բոլոր նրան համար, ովքեր ասում են՝ արցախցիները տարբեր են, ուրիշ են, բաժանարար գիծ են անցկացնում մեր սեփական ազգի միջեւ։ Այս դաշտում է կռվել մահապարտների գունդը, ըստ վկայությունների, ամենամարտունակը։ Նրանց մեծ մասը պարզ ժողովուրդն էր, ոչ զինվորականներ։ Եվ նրանք, ովքեր մեզ ասում են՝ մեր ուժերը չեն ներում, մենք չենք կարող, ուղղակի ինքնաճանաչողություն չունեն»,- ասաց Բագրատ սրբազանը։