Ավետարանոցից Ասկերան ու կրկին Երեւան․ ընտանիքը դժվարությունների մեջ է, բայց հավատում է, որ մի լույս կբացվի

  • 21:47 28.05.2024

Լիլիա Ավանեսյանը Արցախից է, կրկնակի տեղահանված։ Այսօր նա գրեթե հուսահատ վիճակում է․ ինչպե՞ս հոգալ ընտանիքի կարիքները։ Ավագ դուստրերը ԵՊՀ-ի ուսանողուհիներ են, փոքրը փոխադրվել է 9-րդ դասարան։ Ամուսինը՝ Գարիկը, որ Արցախյան վերջին երեք պատերազմների մասնակից է, հիվանդություն ունի, պարբերաբար բուժում է ստանում, բոլոր դեղամիջոցները վճարովի են։ Ընտանիքը շարունակում է հաղթահարել դժվարությունները՝ մտածելով, որ շուտով մի լույս կբացվի։

2020 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Լիլիա Հայրապետյանը երեք աղջիկների հետ Ավետարանոցից դուրս եկավ, տնային խալաթով էր ու ձեռքին միայն փաստաթղթերն էին, անգամ տան եղած գումարը չէր վերցրել հետը։ Մտածում էր՝ մի քանի օրից հետ են դառնալու, իսկ հոկտեմբերի 27-ին գյուղը լքեց նաև ամուսինը․ Ավետարանոցն անցել էր թշնամու վերահսկողության տակ։

-Նոր էինք ավարտել տան վերանորոգումը, լրիվությամբ կահավորել։ Մեր հալալ քրտինքով, չարչարվելով բարեկեցիկ պայմաններ ենք ստեղծել մեր երեխաների համար։ Մեր բոլոր երազանքները թողեցինք Ավետարանոցում։ Երևանում էինք, երբ լսեցինք գյուղի անկման մասին․․․ Չկա մելիքանիստ Ավետարանոցը, ջահել մորս շիրիմը մնաց գերության մեջ։ Երբեք չեմ մոռանա մեր ապրումները, երեխաներիս ծանր հոգեվիճակը։ Բայց ինչ արած, պատերազմի ավարտից հետո վերադարձանք Արցախ ու բնակություն հաստատեցինք Ասկերանում։ Թեկուզ չկար մեր գյուղը, բայց մտածում էինք՝ Արցախում ենք, գուցե հետ ենք վերադառնում։ Միշտ հույս ու հավատ ունեինք,- պատմում է զրուցակիցս, երկար հոգոց հանում ու շարունակում,- պետության աջակցությամբ ու մեր ունեցած միջոցներով բնակարան ձեռք բերեցինք։ Երկրորդ անգամ սկսեցինք տուն ու տեղ դնել։ Դժվարությամբ, բայց ոտքի կանգնեցինք։

Երկար տարիներ Հայրապետյանների ընտանիքն Ակնայում անասնապահությամբ էր զբաղվում։ Ամեն լուսաբացի գյուղից գնում էին Ակնա, ուշ երեկոյան վերադառնում տուն։ Ընտանիքի միակ եկամուտը անասնապահության արդյունքում էին ստանում։ Պատերազմից հետո շարունակեցին իրենց աշխատանքը՝ անասունների մի մասը վերադարձնելով Ակնայից։ Ասկերանի մերձակա տարածքում էին պահում կենդանիներին։ Արցախի շրջափակման ընթացքում, երբ բոլորովին բացակայում էր վառելիքը, օրական երկու անգամ ոտքով Ասկերանից 6 կմ ճանապարհ էին գնում, որ հասնեն անասունների պահման վայրը։ Կողքից արդեն սովորական է թվում, երբ ամուսիններով ոտքով ճանապարհվում են և հետ գալիս կաթի լիքը տարաները ձեռքներին։ Հոգնատանջ, բայց միևնույն ժամանակ գոհ, որ կարող են անարատ կաթ մատակարարել դժվարության մեջ հայտնված մարդկանց, միաժամանակ իրենց ընտանիքի եկամուտն ապահովել։

– 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, անասնաֆերմայից նոր էինք վերադարձել, դեռ չէի հասցրել կաթը բաժանել մարդկանց։ Անմիջապես իջանք նկուղ, ապա՝ Ստեփանակերտի օդանավակայան։ Սեպտեմբերի 26-ին կրկին բռնեցինք տեղահանման դաժան ճանապարհը։ Երեք օր հետո Երևանում էինք, ու 2020 թվականին մեզ հարազատ դարձած մարդիկ կրկին ընդունեցին մեզ։

Այժմ ապրում ենք վարձով, ու եթե չլինի պետության կողմից տրվող աջակցությունը, մենք մեծ դժվարության առաջ կկանգնենք։ Հիվանդության պատճառով ամուսինս չի կարողանում աշխատել։ Աշխատում ենք ես ու միջնեկ աղջիկս։ Ցավ եմ ապրում, երբ մեր հայրենակիցները ստիպված հեռանում են Հայաստանից, աշխատանք փնտրում արտերկրում։ Ախր օտար հողը միշտ էլ օտար է լինելու,- ասում է Լիլիան ու աչքերը լցվում են արտասուքով․ երկու քույրերն ընտանիքով մեկնել են Ռուսաստան, մյուս քույրն էլ շուտով կհեռանա։ Բոլոր դժվարություններին կգումարվի նաև անասելի կարոտը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f