Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է

  • 08:12 29.05.2024

Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։ Պատճառները պարզաբանելու վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Պարո՛ն նախարար, սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել Հայաստանի Հանրապետությունում ռուսական Առաջին ալիքի հեռարձակման դադարեցման վերաբերյալ։ Խնդրում ենք պարզաբանել` որքանո՞վ է տարածված տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Ի՞նչ հիմքով է դադարեցվել ռուսական հեռուստաընկերության հեռարձակումը։

-Համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ և «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ԲԸ միջև գործող պայմանագրի՝ «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք:

Ռուսական ալիքի (ՕՌՏ-խմբ.) սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը։

Խմբագրից.

Ռուսական հեռուստաալիքների փակումը և ռուսական քայքայիչ գաղափարախոսության շրջանառության դադարեցումը, իհարկե, հրամայական է։ Սակայն ռուսական ալիքների փակումը հակագաղութային ազդեցություն կունենա միայն քաղաքական քայլերի և հայկական ալիքներում նույն դիվերսիոն գաղափարախոսության կրկնօրինակման դադարեցման հետ միասին, այդ թվում՝ կեղծ արևմտամետության տեսքով։

Քաղաքացիական մակարդակում այս գաղափարախոսության հեռացումը վաղուց պահանջված է։ Դրա մասին է վկայում այն, որ, ըստ ամենայնի, ռուսական ալիքները Հայաստանում քիչ հեռուստադիտող ունեն։ Հանրությանը հասանելի հետազոտությունների արդյունքներ չկան, բայց զգացողությունն այնպիսին է, որ ռուսական ալիքները վաղուց չեն դիտվում, հատկապես, որ դրանց որակը գնալով վատանում է։ Հայաստանում, ընդհանուր առմամբ, ռուսալեզու հաղորդումներն առանձնապես չեն դիտվում։

f