Արցախցիների ճամփորդական իրավունքը չի փոխվել, բայց դեսպանատներն իրենք են որոշում

  • 16:14 29.05.2024

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանատներ՝ հիմնականում եվրոպական, հրաժարվում են ընթացքավորել մուտքի արտոնագիր՝ վիզա տրամադրելու արցախցիների, մասնավորապես, 070 կոդով անձնագիր կրող անձանց դիմումները։ Այս մասին ահազանգել էր նաեւ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթները։

ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանին step1.am-ը հարցրեց՝ ո՞րն է պատճառը, որ օտարերկրյա դեսպանատները մերժում են արցախցիներին մուտքի արտոնագրեր տրամադրել, եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը։

Նելլի Դավթյանի խոսքով՝ յուրաքանչյուր պետություն ինքն է սահմանում իր երկիր մուտք գործելու և իր երկրից դուրս գալու, ինչպես նաև մուտքի վիզա ստանալու կարգն ու պահանջները։ Եվ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրավասու չէ պահանջվող փաստաթղթերի և դրանց ներկայացման կարգի վերաբերյալ տրամադրել պարզաբանում։

«ՀՀ կառավարության 26․10․2023թ․-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1864-Ն որոշմամբ այլ պետության քաղաքացի չհանդիսացող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Նշված որոշմամբ հաստատված հավելված 1-ին կետի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստթուղթ են անձնագիրը, որի ծածկագիրը տպագրվում է բացառապես 070 կոդով և ժամանակավոր պաշտպանության (փախստական) վկայականը՝ համաձայն նմուշի։

070 ծածկագրով տրված փաստաթուղթը 26․10․2023թ․-ի թիվ 1864-Ն որոշման շրջանակներում հանդիսանում է ճամփորդական փաստաթուղթ, սակայն նշված փաստաթուղթերը՝ համաձայն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս և Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վավեր են միայն միասին գործածելու պարագայում։

Ինչ վերաբերում է ԵՄ անդամ պետությունների հյուպատոսական ծառայությունների կողմից մուտքի արտոնագրի տրամադրման մերժման դեպքերին, ապա հայտնում ենք, որ յուրաքանչյուր պետություն ինքն է սահմանում իր երկիր մուտք գործելու և իր երկրից դուրս գալու, ինչպես նաև մուտքի վիզա ստանալու կարգն ու պահանջները, ինչով պայմանավորված՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրավասու չէ պահանջվող փաստաթղթերի և դրանց ներկայացման կարգի վերաբերյալ տրամադրել պարզաբանում»,- ասաց Նելլի Դավթյանը։

Ռոզա Հովհաննիսյան

f