Կովկասը չի մտնում Ֆրանսիայի շահերի գոտի, Կովկասը համարվում է ռուսական ազդեցության գոտի: Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։
Հիշեցնենք, որ նույն Փափազյանի մուտքն Հայաստան երկար ժամանակ արգելված էր, եւ միայն վերջերս, ինչպես գրել են ԶԼՄ-ները, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ուղիղ խնդրանքով, Փաշինյանը թույլ է տվել նրա մուտքը։ Եկած պահից Փափազյանը համոզում է բոլորին, որ Ֆրանսիայի վրա պետք չէ հույս դնել, ու Հայաստանը Ռուսաստան է, եւ վերջ։
«Կան այլ երկրներ, որոնք շահեր ունեն տարածաշրջանում։ Դրանց թվում են ԱՄՆ-ն ու Բրիտանիան, որոնք լուրջ հարաբերություններ են հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եւ ցանկանում են թուլացնել Ռուսաստանը։ Բայց արդյոք ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հզորացումը, Ռուսաստանի թուլացումը բխում է Հայաստանի շահերից»,-ասաց նա:
Փափազյանը կարծում է, որ ԵՄ-ն, իր հերթին, ցանկանում է Թուրքիային հզորացնել կովկասյան հարցերով զբաղվելու համար։ Փափազյանը վստահություն հայտնեց, որ Մակրոնը չի համաձայնի ԵՄ այս դիրքորոշման հետ. «Միևնույն ժամանակ, այսօր կա այնպիսի իրողություն, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, որը լուրջ կազմակերպություն է Արևմուտքի համար։ Թուրքիան լուրջ դեր է խաղում այս դաշինքում։ Սա նույնպես պետք է հաշվի առնել:
Ուստի, տունը Արեւմուտքին վստահելիս պետք է հաշվի առնել, որ նա հույսը դնելու է Թուրքիայի վրա, որը չի մոռացել իր պանթյուրքիստական ծրագրերը եւ ցանկանում է դրանք իրականացնել Բաքվի հետ միասին։
Բաքուն և Անկարան ցանկանում են տնտեսական և էներգետիկ շուկա ստեղծել Արևելքում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ մրցակցելու համար, իսկ Հայաստանը խանգարում է նրանց իրականացնել այդ նպատակը։ Սա հաշվի առնելով՝ նրանք Հայաստանում նոր իրականություն ստեղծեցին, որպեսզի իշխանությունները չխոչընդոտեն իրենց այս երազանքի իրականացմանը։ Թուրքիան կձգտի Հայաստանում հաստատել իր ազդեցությունը «փափուկ ուժի» կիրառմամբ»,- ընդգծեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը։
Կարծես ամեն ինչ ճիշտ է ասված, միայն մի բան է կասկած առաջացնում՝ արդյո՞ք Ռուսաստանը դեմ է այս ամենին եւ հենց ռուսների ձերքով չարվեց կեղտոտ գործը Արցախում։ Արդյոք 2020-2023 թթ․ հենց ռուսները չէին Արցախում եւ նրանք չեն՝ Բաքվի եւ պաշտոնական Երեւանի հետ համատեղ իրականացրել Արցախի օկուպացիան եւ բնիկ ժողովրդի արտաքսումը։
«Հայաստանին աջակցող եվրոպացի պատգամավորներից մեկն ինձ ասաց, որ հայերը չեն բանակցում, այլ միայն զիջումների են գնում Ադրբեջանին»,- եզրափակեց Փափազյանը։
Ստացվում է, որ Մակրոնը խնդրել է Փաշինյանին թույլ տալ Փափազյանի մուտքը Հայաստան, որպեսզի հայտարարի՝ ֆրանսիական նավերը չեն բարձրանա հայկական լեռներ, եւ միեւնույն է՝ Հայաստանը ռուսական գոտի է։ Փաշինյանն էլ է նույնը ասում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: