Սա հանգեցնում է Արցախի պատմական հազարամյա տարիների ինքնության նկարագրի աղճատմանն ու վերացմանը

  • 12:45 30.05.2024

Բռնի տեղահանված արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագիրը չի լուծում մարդկանց սոցիալական խնդիրները։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Հայաստանի Հանրապետությունը՝ որպես սոցիալական պետություն, իր գործունեության ընթացքում պետք է հետամուտ լիներ սոցիալական խնդիրների լուծմանը։ Այսինքն՝ դա նշանակում է, որ սոցիալական ծրագերը, որոնք ընդունվում են կառավարության կողմից, պետք է համարժեք լինեն սոցիալական խնդիրների լուծմանը։ Հատկացվող սոցիալական աջակցությունն ու այս ծրագիրը չեն լուծում սոցիալական խնդիրները։ Եվ դա անդրադառնում է ՀՀ անվտանգության վրա։ Վերջին հաշվով քաղաքացիներն իրենց գիտակցությունը ձեւավորում են շրջապատում տեղի ունեցող երեւույթները գնահատելու միջոցով։ Եթե սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ կա ոչ լիարժեք հոգածություն, ապա ակնհայտ է, որ քաղաքացիների մոտ ՀՀ իշխանության նկատմամբ ձեւավորվելու են ոչ հարգանքի վարքագծի դրսեւորման տարրեր։ Իսկ մենք գիտենք, որ անվտանգությունը մեր երկրի համար առաջնահերթ խնդիր է, որը այդ թվում՝ սոցիալական խնդիրների լուծման միջոցով պետք է բարձրացվի այն անհրաժեշտ մակարդակի, որը համարժեք է այս տարածաշրջանին»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով բնակապահովման ծրագրի շահառու դառնալու համար ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր նորմին՝ Ռաֆայել Մարտիրոսյանն ասաց, որ արցախցիների փախստականի կարգավիճակն ավելի մոտ է կանգնած նրանց վերադառնալու հնարավորությանը, քան եթե արցախցիները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերեն։ «Վերջիվերջո, այդ տվյալները գոյություն ունեն ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի տրամադրության տակ, եւ փախստականների գլխավոր հանձնակատարն էլ պետք է անհրաժեշտ հոգածություն ցուցաբերի արցախցիների նկատմամբ։ Այսինքն՝ մարդկանց մոտ այն տրամաբանությունն է, որ քաղաքացիություն ստանալու դեպքում ավելի է մեծանալու Արցախ վերադառնալու անհնարինությունը, քան այն դեպքում, երբ ունենան փախստականի կարգավիճակ»,- ասաց նա։

Ռաֆայել Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ բնակապահովման ծրագիրը կարող է պատճառ հանդիսանալ, որ արցախցիների արտագաղթի տեմպերն արագանան։ «Միանշանակ, արտագաղթի տեմպերը կմեծանան, քանի որ այստեղ սոցիալական խնդիրները չեն լուծվում, եւ կառավարության կողմից համարժեք միջոցներ չեն ձեռնարկվում։ Սա վտանգում է ոչ միայն արցախցիներին, այլ նաեւ հանգեցնում է Արցախի պատմական հազարամյա տարիների ինքնության նկարագրի աղճատմանն ու վերացմանը։ Այսինքն՝ մենք կորցնելու ենք Արցախը՝ որպես հայ ժողովրդի նկարագրի մեջ ընդգրկված մի առանձին մշակույթի օջախ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ռոզա Հովհաննիսյան

f