«Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանն ունի ծավալապաշտական նկրտումներ, դրանցից հետ չի քաշվել։ Իրենց համար սահմանազատումն ու սահմանագծումը նշանակում է Երեւանի կենտրոնում՝ Կոնդում ադրբեջանական դրոշ տնկելը»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։
Բաքուն նորանոր պահանջներ է առաջ քաշում, հիմա էլ Ալիեւը հայտարարում է, թե Հայաստանը պետք է ճանաչի այսպես կոչված «խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի»։ «Նախքան խոջալուի մասին հիշատակելը, նախ եւ առաջ պետք է հիշեն Ադրբեջանի առաջին նախագահի հարցազրույցը։ Երկրորդ, ես ուզում եմ հիշեցնել, որ զոհերն անգամ ադրբեջանցի թուրք չեն եղել, եւ կրակել էին դիմացի ուղղությունից, ոչ թե հետեւից»,- նշեց Գրիգորի Այվազյանը։ «Իրավիճակը բավական բարդ է, պետք է հաշվի առնենք, որ Ալիևը ֆինանսավորում է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» կառավարությունը եւ հեռուստաընկերությունը եւ նկատի ունի ամբողջ ՀՀ տարածքը։ Ես շատ եմ ցավում, որ ոչ բոլորն են հասկանում հարցի էությունը։
Ադրբեջանական կողմն այս հարցերում սկզբունքային է։ Ուրիշ հարց է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է փլուզվել ներքաղաքական հարցերի պատճառով, ինչպես դա եղել է 1992 թվականին։ Եվ այդ ֆոնին մենք արձանագրեցինք մեր փառահեղ հաղթանակները Արցախում։ Եվ հիմա էլ դա բացառված չէ, նամանավանդ հավշի առնելով այն դավադրությունը, որ Ադրբեջանը կատարեց, նկատի ունեմ՝ Իրանի նախագահի սպանությունը։ Դե թող Իրանի ղեկավարությունը հաշվի առնի, թե ում հետ գործ ունեն Խուդաֆերինի ջրամբարի հարցով։ Նաեւ թող տեսնեն, թե Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված տարածքները՝ Արաքսի հովիտը, ում վերահսկողության ներքո է գտնվում։ Դա աշխարհաքաղաքական մեծ խաղ է»,- ասաց Այվազյանը։
Գրիգորի Այվազյանը նաեւ նշեց, որ Տավուշում այսպես կոչված «սահմանազատումից» հետո Ադրբեջանում իրենց ծավալապաշտական խոսույթը կա։ «Եվ ինձ համար զարմանալիորեն վերջին երեք օրվա ընթացքում Հայաստանում ինտերնետի խափանումներ կան։ Որպեսզի ամբողջ տեղեկատվությանը տիրապետենք, պետք է այդ տեղեկատվությանը ազատ մուտք ունենանք։ Ադրբեջանն ամեն ինչ օգտագործում է ի օգուտ իրեն, սակայն ես Իլհամ Ալիեւին կհիշեցնեմ 1992 թվականի պատմությունը, երբ Ադրբեջանը փլուզվեց և մենք ազատագրեցինք ամբողջ Արցախը։ Դա անցյալ է, եւ դա ապագա է, այդպես էլ կլինի։ Արդյոք մենք պատրաստ կլինե՞նք այդ ապագային, պատմությունը ցույց կտա»,- հավելեց նա։
Ռոզա Հավհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: