Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրքական հատուկ ջոկատայինները. այս մասին թուրքական Sozcu TV-ի եթերում ասել է հայտնի թուրք գործիչ, Independent Turkce կայքի գլխավոր խմբագիր Նեւզեթ Չիչեքը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հայ հասարակությանը հրաժարվել մեծ Հայաստանի երազանքից և ընդունել ներկայիս Հայաստանը՝ իր սահմաններով։ Չիչեքը նաև հիշեցրել է Հայաստանի կառավարության ղեկավարի ուղղաթիռի հետ կապված վերջին միջադեպը։ Նա ընդգծել է, որ այս դեպքը մտահոգություն է առաջացրել Թուրքիայում։
Անկարայում և Բաքվում գիշեր-ցերեկ խոսում են, որ Փաշինյանը չպետք է «թողնի մրցավազքը» և պետք է ավարտի իր սկսածը։ Հայաստանը պետք է ձերբազատվի երրորդ երկրների և հայկական սփյուռքի «վատ ազդեցությունից», երեկ Իզմիրում EFES-2024 բազմազգ զորավարժությունների ժամանակ ասել է Էրդողանը։ Նա ասել է, որ «Ղարաբաղի ազատագրումից հետո» տարածաշրջանում պատուհան է բացվել կայուն խաղաղության հաստատման համար։ Հայաստանը պետք է հասկանա, որ իր ապագան կապված է տարածաշրջանային երկրների հետ, որոնց հետ դարեր շարունակ գոյակցել է։ «Հայաստանը պետք է քաջություն ունենա ամեն ինչ անելու այս նպատակին հասնելու համար»,- ասել է Էրդողանը։
Իր հերթին, Բաքուն թրոլինգ է անում Փաշինյանին և դրդում նրան քայլերի, որոնք ակնհայտորեն նրա իրավասությունների մեջ չեն, և նա այլեւս չի կարողանում ավելի հեռուն գնալ։ Անգամ պատերազմի սպառնալիքը, որը Փաշինյանը օգտագործեց Տավուշի գյուղերը հանձնելիս, ժխտվեց հանրային բողոքի ակցիաների մեկնարկով։ Բավական էր մեկ անգամ հայտարարել, որ ժողովուրդը պատերազմ չի ուզում, բայց նաև ամեն գնով խաղաղություն չի ուզում, և Փաշինյանը կորցրեց իր վերջին փաստարկը։
Անպատվաբերության քաղաքականության տոտալ հրապարակային մերժումը՝ անկախ հանրահավաքներին մարդկանց մասնակցությունից, ինչպես նաև միջազգային դերակատարների մի շարք քայլերը վկայում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը (Փաշինյանը կամ որևէ մեկը) իրավասու չէ խախտելու կարգը տարածաշրջանում։ Խոսքը վերաբերում է ինչպես 1994 թվականի ստատուս քվոյի խախտման արդյունքների չճանաչմանը (ինչի մասին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատի խոսնակը), այնպես էլ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբի մանդատը չեղարկելու լուռ մերժմանը (ինչի մասին են վկայում ԵԱՀԿ գործող նախագահի՝ Երևան և Բաքու վերջերս կատարած այցի արդյունքները)։
Անկարան և Բաքուն հասկանում են, որ տարածաշրջանի «խաղաղ» վերաբաժանման համար ռեսուրսներ չեն մնացել, և կա միայն բիրտ ուժի ճանապարհը, որը հղի է մեծ վտանգներով։ Սա ակնհայտ է հատկապես Պաղեստինի ճանաչման շքերթի, Ղարաբաղի «ճանաչումից» հետո Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման, այս համատեքստում Անկարայի ու Բաքվի նյարդայնության և պաշտոնական Թեհրանի խլացուցիչ լռության ֆոնին։
Ռուսաստանը դեռևս տոտալ վերահսկողություն է պահպանում Հայաստանի քաղաքական դասի վրա, բայց նույնիսկ նա չի կարողանում լեգիտիմացնել ուժային «կարգավորումը» Արցախում։ Այս հարցը կարող է լուծվել միայն գլոբալ վերափոխումների համատեքստում. Հայկական հարցը հարյուրավոր տարիներ եղել է աշխարհակարգի բանալին։
Նաիրա Հայրումյան