Սրբազանը հարցերի պատասխանը ակնկալում է ԱԳՆ-ից․ ի՞նչ եք ասելու Ալիեւին

  • 14:21 31.05.2024

Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Գլխավոր դատախազության դիմաց ակցիա իրականացնելուց եւ ելույթ ունենալուց հետո շարունակեց իր երթը դեպի ԱԳՆ-ի շենք:

ԱԳՆ-ի շենքի դիմաց Բագրատ Սրբազանն ասաց. «Արդեն տեւական ժամանակ է, որ թուրք-ադրբեջանական իշխանությունները ձայնակցելով հայաստանյան իրենց  գործակալներին կամ ներկայացուցիչներին, ամենավերջին աստիճանով նվաստացնում են Հայաստանի ինքնիշխանությունը, սուվերենությունը եւ ՀՀ ժողովրդին: Վերջինների շարքում իրենց մեծավորի՝ Հեյդարի որդի Իլհամի հայտարարություններն են Խոջալուի հետ կապված, որ Խոջալուում տեղի է ունեցել ցեղասպանություն եւ ՀՀ իշխանությունները ներողություն են խնդրելու դրա համար:

Մենք շատ կասկածներ ունենք, որ արդեն գրավոր կամ բանավոր ներողություն խնդրել, ուղարկել են: Թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից ինչ ուզել մեզ ասել են»:

Սրբազանն ասաց, որ իրենց պահանջը այն է, որ Արարատ Միրզոյանը իջնի և պատասխան տա վերջին օրերին թուրք-ադրբեջանական կողմից արված հայտարարություններին։

«Եթե դուք չեք իջնելու, հրապարակային չեք խոսելու, ուրեմն այն բոլոր ասվածները, որ դուք դավաճան եք, գործակալ եք, ձեզ վրա եք վերցնելու, և, հետևաբար, ծառայում եք ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ թուրքական ու ադրբեջանական իշխանություններին։

Ու հիշեք, ա՛յ քնքուշներ, ձեզ չեն նվաստացրել, բոլորիս են նվաստացրել, դուք ուրացել եք բոլորիս։ Կա՛մ դուք կիջնեք ու պատասխանը կտաք, կա՛մ դուք ադրբեջանաթուրքական գործակալական ցանցի մասնակից եք:

Ձեզ վիրավորում են Թուրքիան, Հեյդարի որդին, իրենց Միլի մեջլիսի պատգամավորներ, կուլ եք տալիս, էս ժողովրդի վիրավորանքը կուլ չե՞ք տալու։ Լավ էլ կուլ եք տալու։ Էն էլ ինչ ձևի»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց՝ հստակ է դրված պահանջը, պետք է իջնել ու պատասխանել, ինչպե՞ս են արձագանքելու Խոջալուի վերաբերյալ Ալիևի հայտարարություններին, ինչ են պատասխանելու Հայաստան զորք մտցնելու մասին Թուրքիայից հնչած հայտարարությանը, Միլի Մեջլիսի պատգամավորների՝ ձեզ ուղղված վիրավորանքներին պատասխան տալո՞ւ եք, թե՞ ոչ։

 

f