«Եթե ամեն ինչ վերջացած լիներ, մեզ անընդհատ չէին ասի՝ ժողովուրդ, ամեն ինչ վերջացած է»․Գեղամյան

  • 21:32 31.05.2024

«Շատերն ասում են՝ Թուրքիային ու Ադրբեջանին ո՞նց դիմադրենք, ամեն ինչ արդեն հանձնված է, մենք այդքան ուժ չունենք, նրանք մեզանից ուժեղ են։ Բայց պայքարը վերջացած չէ, եթե պայքարը վերջացած լիներ, Թուրքիան ու Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մի քանի անգամ չէին մեծացնի իրենց ճնշումը Հայաստանի վրա, մի քանի անգամ չէին մեծացնի իրենց ռազմական բյուջեն։ Իրենք մեզնից շատ ավելի լավ են հասկանում, որ եթե մենք ոտքի ենք կանգնում, իրենք չեն կարողանում մեզ ճնշել»,- Սուրբ Աննա եկեղեցու մոտ հրավիրած հանրահավաքում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա անդրադրաձավ հարցին, որ այս օրերին Թուրքիայի եւ Արդբեջանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանին սատարող հայտարարություններ են անում, դա փաստում է, որ Հայաստանում ծավալվող պայքարը անհանգստացնում է թշնամիներին։ «Թուրքիայի եւ Ադրբեջանի տարբեր մակարդակի փորձագետներ եւ մասնագետներ կոչ են անում Հայաստան ուղարկել զորքեր կամ հատուկ ուժեր, որպեսզի աջակցեն ՀՀ դե ֆակտո իշխանությանը։ Այսինքն՝ իրենք այնքան են մտահոգված հնարավոր իշխանափոխությամբ, որ ամեն գնով առաջարկում են պահել դե ֆակտո իշխանությանը։ Սովորական հայ մարդը միանգամից պետք է հասկանա, որ եթե թշնամին ուզում է պահել այս իշխաանությանը, ուրեմն դա նպաստում է իր շահերին»,- ասաց Գեղամյանը։

«Ամեն ինչ դեռ առջեւում է, եւ այս պայքարը մղում ենք նրա համար, որպեսզի կարողանանք դիմադրել սպառնալիքներին։ Եթե ամեն ինչ վերջացած լիներ, մեզ անընդհատ չէին ասի՝ ժողովուրդ, ամեն ինչ վերջացած է։ Ով մեզ ասում է՝ ամեն ինչ վերաջացած է, ինքը նպաստում է Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ այս տարածաշրջանի նվաճմանը, մեր պետության նվաճմանը։ Ոչ մի բան վերջացած չէ, եւ, հետեւաբար, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից մեր պայքարի մասին անհանգստությունները պետք է ընդունել որպես լավ նշան, դրանից ուժ ստանալ եւ պայքարը շարունակել։ Թուրքիայում եւ Ադրբեջանում նույնիսկ մեկ գրամ շեղում չկա այն նպատակներից, որոնք սահմանված են։ Իսկ այդ նպատակը շատ հստակ է՝ հայկական պետություն եւ դիմադրություն չպետք է լինի։

Ինչքան էլ ձեզ փորձեն համոզել, որ խաղաղություն են ուզում, ուզում են այստեղ համակեցություն, չկա նման բան։ Դուք նույնիսկ ընդդիմադիր գործիչ չեք գտնի ո՛չ Թուրքիայում, ո՛չ Ադրբեջանում, որը կասի՝ հայերին մի միլիմետր հող զիջենք՝ իրար հետ խաղաղ ապրելու համար։ Խաղաղություն ցանկացողը Բաքվում 4 տարի ռազմագերի չի պահում, խաղաղություն ցանկացողը Կիրանցում դպրոցի 50 մետրը չի պահանջում մինչեւ վերջ, խաղաղություն ուզողը անդադար նոր սպառնալիքներ չի հնչեցնում ու նոր նախապայմաններ առաջ չի քաշում։ Իրենց դարդը Կիրանցը, Բաղանիսը եւ այդ չորս գյուղը չեն, այդ պահանջներով իրենք հնարավորություն են ստանում շատ ավելի մեծ զիջումներ կորզել մեզնից»,- հայտարարեց Վարուժան Գեղամյանը։