Գործընթացը տեղափոխվում է քաղաքական դաշտ․ վարչապետի թեկնածու է քննարկվում

Հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը շատ ուժեղ ազդակ և ուղերձ էր, որ մեր ժողովուրդը որոշակի իմաստով պատրաս է ազատագրվել այս ստի, չարիքի ու կեղծիքի իշխանությունից։ Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

“Այդքան արթնություն կա ժողովրդի մեջ։ Այս հրապարակը դուք տեսաք, ըստ տվյալների, մոտ 120-130 հազար մարդ կար երեկ հրապարակում, եթե ոչ ավել։ Արթնության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Նա վստահություն հայտնեց, որ հայաստանյան քաղաքական ներկապնակում առկա ուժերը ի վերջո համախոհության որոշակի քայլերի ձեռնարկումով  կիրականացնեն այն, ինչ ժողովրդի իղձն ու փափագն է։

Այս շարժումը կենսական նշնակություն ունի մեզ համար: Մենք հասել ենք մի կրիտիկական կետի, որից այն կողմ չենք կարող անցնել: Մեր երկիրը ծվեն-ծվեն լինելով, առանց երաշխիքների, առանց  որեւէ ներքին ու արտաքին անվտանգության վերածբվելու է ուղղակի հողատարածքի: Ես չեմ կարծում, որ մարդիկ ցանկանալու են բնակվել այստեղ: Սա այս փուլում աղետը կանխելու մասին է: Ամբողջ  պատասխանատվությունը իշխանությունների վրա է: Իրենք ամեն միջոց պետք է գործադրեն, որ այս գործընթացը դադարի: Էս մարդիկ ուղղակի պետք է գնան»,-ասաց նա:

Հարցին՝ ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում, Սրբազանը պատասխանեց. «Մենք փորձել ենք գործընթացը հասցնել այս փուլին: Մեր գործը մինչեւ հիմա չի եղել քաղաքական գործընթաց: Հիմա մեր կարծիքով, պետք է քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում ծրագրվի: Երեկ փորձեցինք խորհրդարանական պատգամավորներին հանդիպել, թե ինչ ձեւերով կգնան գործընթացները: Իրենք պատրաստ են այդ գործընթացը այս փուլում շարունակելու եւ օրինական ճանապարհով փորձելու հասցնել ավարտին: Այդ ժամանակ պահանջվելու է վարչապետի թեկնածու: Այդ ժամանակ էլ երեւի կհնչի:

Անուններ բնականաբար, քննարկվում են, տարբեր անուններ են քննարկվում: Ի վերջո, համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, որ անձի շուրջ կգոյանա: Դա երկրորդ փուլն է լինելու: Հիմա ժողովրդին արթնացնելու փուլն է: Այսօր, վաղը, մյուս օրը գործնական քայլերի օրերն են»:

Նա ընդգծեց, որ վարչապետի անունի շուրջ համաձայնություն դեռ չկա. «Խորհրդարանական խմբակցությունները կքննարկեն, որոշակի խորհրդակցություն կլինի, ամբողջ քաղաքական դաշտը միախորհուրդ կլինեն այդ անձի շուրջ եւ կհռչակվի՝ ով է»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ հստակեցնելով, որ քննարկումներ գնում են միյն ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ, ՔՊ-ի հետ շփում դեռ չկա:

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ վարչապետի թեկնածուն կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, Բագրատ Սրբազանը պատասխանեց. «Բացառում եմ չէ, այդպիսի հարց չկա, մարդիկ ստեղծեցին այդ միֆը: Ես երկրորդ նախագահին կյանքումս մեկ անգամ եմ հանդիպել 2001-ին Սեւանի թերակղզում, ընդամենը 5 րոպե: Եթե ես որեւէ մեկի հետ հանդիպում ունենամ, թաքցնելու բան չունեմ»:

Հարցին՝ իսկ Արման Թաթոյանի անունը քննարկվում է, նա ասաց. «Ամեն ինչ հնարավոր է, մարդիկ իմ անունն էլ են քննարկում»:

Անհնազանդության ակցիաները սկսվել են՝ դասադուլ, փողոցների փակում

Քաղաքացիները փակել են Ազատության պողոտան:  Անհնազանդության ակցիայի մասնակիցները բարձրախոսով դիմելով վարորդներին՝ հայտարարում են. «Հարգելի՛ հայրենակիցներ, ձեր հայրենիքն են հանձնում: Դուք ասում եք՝ աշխատանքի ենք գնում: Վաղը այդ աշխատանքը չեք ունենալու: Միացեք անհնազանդության ակցիաներին»:

Նշենք, որ փողոցներ են փակվել նաեւ այլ վայրերում, այդ թվում մարզերում:  Մասնավորապես, այս պահին փակվել է Երեւան-Արարատ ճանապարհը: Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը, քաղաքացիները չեն համաձայնում:

«Ուսանող ոտքի» կոչերով ԵՊՀ ուսանողները դասադուլի և Բագրատ Սրբազանի նախաձեռնած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միանալու կոչեր են անում: Ուսանողները շրջում են համալսարանի միջանցքով ու դասին մասնակցող սակավաթիվ ուսանողներին հորդորում միանալ իրենց:

«Մենք համալսարանականներ ենք, բոլորս մի համայնքի մաս ենք: Մենք խնդրում ենք, որ ունենաք դիրքորոշում, անտարբեր չլինեք»,- դիմելով ուսանողներին` նշեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Հակոբյանը: ԵՊՀ ուսանողական խորհրդից NEWS.am-ին հայտնեցին, որ միացել են շարժմանը:

Իրավագիտության ֆակուլտետի դեկանը դասադուլի մասնակիցներին ասել է, որ Իրավագիտության ֆակուլտետը դասի չէ և ֆակուլտետում դաս չկա:

Կանգնեցնել աղետալի ընթացքը․ արդյո՞ք այս խնդիրը լուծվում է

Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայացած բազմահազար հանրահավաքին եկած մարդկանց մեծամասնությունը միայն մեկ ակնկալիք ուներ շարժման լիդերներից՝ կասեցնել երկրի ոչնչացումը։ Պահանջը ձեւակերպվել է ՝ դադարեցնել երկրի աղետալի ընթացքը, եւ դրա ամենակարճ ճանապարհը Փաշինյանի հրաժարականն է։

Փաշինյանը հրաժարական չտվեց, ավելին՝ դատելով նրա թիմի անդամների ֆլեշմոբից, նման քայլ չի ակնկալվում, հատկապես՝ Մոսկվա գնալուց հետո։ Հայտնի չէ, թե ինչ է նա խոստացել Մոսկվայում, “թիկունքում” ունենալով համաժողովրդական շարժման սպառնալիքը։

Այդ դեպքում ինչպե՞ս է լուծվելու առաջնային խնդիրը՝ կասեցնել աղետալի ընթացքը եւ երկրի փլուզումը։

«Ընթացքը» արագ շարունակվում է՝ այսօր Ալմաթիյում կկայանա Միրզոյան-Բայրամով հանդիպումը։ Դատելով այն բանից, որ հանդիպումը ողջունել է միայն ռուսական կողմը, այնտեղ ձերք բերվելիք պայմանավորվածությունները կլինեն նախկինի պես ռուս-թուրքական պլանին համահունչ։

Դա է վկայում նաեւ Փաշինյան-Պուտին միակ հրապարակային արդյունքը։ Ինչպես հայտարարվել է, նրանք համաձայնություն է ձեռք բերվել ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման մասին Հայաստանի մի քանի շրջաններից։ Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, «հայկական կողմի խնդրանքով» ռուս սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանի հատվածներում”։

Պեսկովը պարզաբանել է, որ Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել է, որ պայմանների փոփոխության պատճառով այլևս կարիք չկա Հայաստանում տեղակայել ռուս զինվորականներին և սահմանապահներին, որոնք այնտեղ առանց որեւէ հիմքի տեղակայվել են 2020 թվականի աշնանը՝ Արցախյան պատերազմից հետո։

Դուրս գալու ժամանակը չի հաղորդվում։ Սակայն հայկական ԶԼՄ-ներն արդեն գրում են, որ «այն հատվածներից, որտեղ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի, ռուս սահմանապահները հեռացվում են, հայկական բանակ չի տեղակայվում, ինչը խոսում է այն մասին, որ Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի»:

Այն, ինչ իշխող կուսակցությունը ներկայացնում է որպես մեծ ձերքբերում՝ ռուսները դուրս կբերվեն Տացուշից, Սյունիքից, Գեղարքունիկից եւ Երասխից, խոսում է «աղետալի ընթացքի» վստահ շարունակության մասին։ Եթե հրաժարական չկա, ուրեմն Փաշինյանը “յարլիկ” է ստացել Մոսկվայում։ Եվ եթե համաժողովրդական շարժումը աղետալի ընթացքը չի կասեցնում, նշանակում է, որ այդ ընթացքն իրենով ավելի կամրանա։ Եւ ամեն ինչ կմնա ռուս-թուրքական պլանի շրջանակում։

Որպես այդ ընթացքի վերջնական արդյունք չի բացառվում Փաշինյանի մասնակցությունը նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական գագաթնաժողովին, “խաղաղության”, այսինքն՝ Հայաստանի լուծարման պայմանագրի ստորագրումը եւ Ալիեւին եւ Փաշինյանին նոբելյան մրցանալի շնորհումը։

Դա անպայման կլինի, եթե աղետալի ընթացքը չկասեցվի։

Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո

Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո: Այս մասին հայտնի է դարձել մրցույթի երկրորդ կիսաեզրափակչից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին հաջորդող վիճակահանության ժամանակ: Մրցույթը կբացի Շվեդիան եւ կեզրափակի Ավստրիան՝ 26-րդ համարի ներքո:

Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափկիչում է: Շվեդիայի Մալմյո քաղաքում րոպեներ առաջ ավարտվեց մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որի արդյունքում եւս 9 երկիր ստացավ ուղեգիր դեպի Մեծ եզրափակիչ, որը կկայանա մայիսի 11-ին:

Հայաստանն այս տարվա մրցույթին ներկայացնում է «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով:

Ամենադժվարը փոքր տղայիս հարցին պատասխանելն է․ երբ է իմ հայրիկը դիրքերից տուն գալու․․․

Տիգրանը տարիներ առաջ էր տեղափոխվել մելիքանիստ Ավետարանոցից, ընտանիք կազմել ու բնակություն հաստատել Ասկերան քաղաքում։ Բարի, ազնիվ ու համեստ երիտասարդը անմիջապես գրավել է բոլորի սերն ու հարգանքը։

Տիգրանի բազմաթիվ մարդկային արժեքների մեջ առանձնանում էր հայրենասիրությունը։ Պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո ծառայության է անցել ԱՀ ՊԲ շարքերում։ Որպես պայմանագրային զինծառայող` հրետանային Դ 20-ի ավագ սերժանտն էր: Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից էր։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին մարտական ծառայության մեջ էր։

-Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, նախ իջանք մեր շենքի ապաստարանը, ապա ասացին, որ մեզ տեղափոխելու են Ստեփանակերտի օդանավակայան՝ ասելով, որ այնտեղ ավելի ապահով է։ Ամուսինս դիրքերում, ես՝ երեք երեխաներիս հետ մենակ։ Բոլորի հետ մենք ևս գնացինք օդանավակայան։ Մեքենան վարում էր դպրոցահասակ տղաս։ Դժվար է նկարագրել օդանավակայանի վիճակը, մարդկանց ապրումները։ Հրետակոծությունների ահավոր ձայները միայն վատն էին հուշում։ Հասկանում էի, որ ամեն մի զարկի հետ ընդհատվում է ինչ-որ մեկի կյանքը։ Ի՞նչ իմանայի, որ օրվա վերջում կլսեմ ամենաահավորը։

Եկան, ասացին, որ զոհվել է Տիգրանը։ Չէի ուզում հավատալ։ Մարդիկ հերթով մոտենում, ցավակցում էին մեզ, երեխաներս մնացել էին քարացած։ Զոհերն այնքան շատ էին, որ դագաղ չէինք գտնում ու Տիգրանին հուղարկավորեցինք սեպտեմբերի 24-ին։ Իսկ հաջորդ օրը՝ սարսափելի պայթյունից հետո, հեռացանք Արցախից։

Ավելի քան 40 ժամ ճանապարհ ենք անցել, և այդ ընթացում իմ գլխում լոկ մի միտք էր․ Տիգրանը մնաց առանց մեզ,-պատմում է Տիգրանի կինը՝ Լիանան ու շարունակում։ – Աղջիկս անվճար հիմունքներով սովորում է ԵՊՀ-ում, ավագ որդիս՝ ավագ դպրոցում, միաժամանակ հաճախում է “Թումո” տեխնոլոգիական կենտրոն, իսկ փոքրս գնում է մանկապարտեզ։ Իհարկե, շատ դժվար է՝ հաշվի առնելով, որ դեռևս չեմ աշխատում ու տների վարձավճարները շատ բարձր են։ Արդեն երկու բնակարան ենք փոխել ու այս պահին ևս փնտրում ենք մի քիչ ցածր վարձավճարով տուն։

Ընդամենը մեկ ամիս է, ինչ սկսել եմ որպես զոհվածի այրի նպաստ ստանալ։ Ամուսինս թեև ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն շարունակում է օգնել մեզ։ Ամուսնուս և իմ հարազատները մեզ մենակ չեն թողնում, նրանք ջերմությամբ են շրջապատում երեխաներիս, սփոփում են մեր ցավը։

Բայց ամենադժվարն այն է, որ չեմ կարողանում փոքրիկ Ալեքսանդրիս պատասխանել, երբ ասում է․ “Բա որ հայրիկը դիրքերից գա ու տեսնի մեր տան դուռը փակ, ու մենք տանը չենք։ Մի՞թե նա չի նեղանա։ Իսկ ինչո՞ւ մանկապարտեզում բոլորը հայրիկ ունեն, իսկ ես՝ ոչ։ Նա ե՞րբ է գալու դիրքերից””․․․

Սրբավայր Արցախում Տիգրանը հավերժ քնով քնած է իր բախտակից ընկերների հետ։ Այսօր ձեր տոնն է, տղանե՛ր։ Փա՜ռք բոլորիդ, հավերժ խնկարկում ձեր հիշատակին․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Արցախում ոչնչացվում են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների և զոհերի հուշակոթողները

Հայրենական մեծ պատերազմի տարիներին, 1943 թ-ին, Փառքի շքանշանով պարգևատրված առաջին խորհրդային զինվորներից մեկը արցախցի էր՝ ծնունդով ԼՂԻՄ Ներքին Սզնեք գյուղից՝ Գևորգ Իսրայելյանը։ Նա մեկն էր այն յոթ արցախցիներից, որոնք դարձել են Փառքի շքանշանի բոլոր երեք աստիճանի ասպետներ։

Պատերազմի ավարտից հետո, ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված արցախցիների՝ Արցախի բոլոր համայնքներում կառուցվել են հուշարձաններ և հուշակոթողներ։

Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում Հայրենական Մեծ պատերազմում զոհված 105 սզնեքցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը կառուցվել է 1967 թվականին։

Գյուղի տարեցները պատմում եմ, որ 60-ականներին երեք անգամ գյուղից պատվիրակություն է մեկնել Խորհրդային Ռուսաստանի տարբեր քաղաքներ, հանդիպել այնտեղ ապրող ունևոր համագյուղացիներին և խնդրել, որ գումար հանգանակեն այս հուշարձանը կառուցելու համար։

«Դպրոցում սովորելու տարիներին, հիշում եմ՝ հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներ էին կազմակերպվում, և միշտ անուն առ անուն հիշվում էին սզնեքցի զոհվածների անունները։»,- ասում է Ներքին Սզնեքի ղեկավար Էդվարդ Մուսայելյանը:

Հուշարձանի շուրջը գեղեցիկ այգի էր, նստարաններ էին տեղադրված։  Մարդիկ հավաքվում էին, զրուցում, վերհիշում անցյալը։ Տոնական և հիշատակի օրերից բացի՝ մյուս օրերին էլ այգին մարդաշատ էր։

«Գյուղի բնակիչների շնորհիվ տարածքը միշտ խնամված, ծաղկապատ էր ու գրավում էր հյուրերի ուշադությունը,-պատմում է Էդվարդ Մուսայելյանը,- 2023-ի սեպտեմբերին մտքովս անցավ գնալ հուշահամալիր ու նկարել գյուղի հուշարձանները, կարծես սիրտս զգում էր, որ զրկվելու ենք հարազատ մեր բնօրրանից։»

Հայրենական մեծ պատերազմին արցախցի 150 հազար բնակչից բանակ է զորակոչվել 45 հազար մարդ։ Նրանք կեսը՝  22,5 հազար մարդ զոհվել է:

24 արցախցի դարձել է Խորհրդային Միության հերոս, նրանցից երկուսը՝ լեգենդար օդաչու, ծնունդով շուշեցի Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը երկու անգամ են արժանացել այս կոչմանը։ Պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների համար բարձրագույն զինվորական՝ մարշալի կոչում  են ստացել  5 արցախցի՝ ռազմաճակատի հրամանատար Հովհաննես Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը՝  Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց (Սերգեյ Խուդյակով),  ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանով (Ագանյան)։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմից ու 2023 թվականի Արցախի ամբողջական հայաթափումից հետո Արցախի բնակավայրերում ոչնչացվեցին նաև Խորհրդային տարիներին հաղթանակ կերտած մարտիկների հիշատակն ամփոփող ու Հայրենական մեծ պատերազմին առնչվող համալիրներն ու արձանները։

«Հայրենական մեծ պատերազմում զոհված արցախցիների հիշատակին  Արցախում մոտ 179 հուշարձան էր կանգնեցված, որից երկու տասնյակն այսօր ոչնչացված է։ Տեղեկություններ ունենք, որ 5-ը ենթարկվել է վանդալիզմի և պղծման։,- ,-ասում է ԱՀ ԿԳՄՍ մշակույթի գծով նախկին փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը,- Հուշարձանների նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը թշնամու կողմից նոր չեն։ 1991 թվականին «Օղակ» գործողության ժամանակ Հայրենականին նվիրված հուշարձանները նունպես ենթարկվել են վանդալիզմի, օրինակ՝ Հադրութի շրջանի Խանձաձորի, Ջրաբերդի (Հին Մուրքուդարա) դեպքերը։»

2024թ-ի մարտին տելեգրամյան ալիքները հայտնեցին Ստեփանակերտում մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանը քանդելու մասին, որը գտնվում էր իր անունը կրող փողոցում։

Հադրութի շրջանի Ազոխ գյուղում ոչնչացվել է Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի` գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի հուշարձանը:

Ծովակալ Հովհաննես Իսակովի հուշարձանը ոչնչացվել է նրա հայրենի Հադրութի շրջանում: Բռնազավթված Բերձորում հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` Խաղաղության հրապարակին հարակից բլրի վրա գտնվող Փառքի հուշահամալիրը։

Պղծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոցի համայնքում կառուցված հուշահամալիրը։ Մեծ Թաղեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանը․․․

Մեծ թաղերում գործում էր նաև Արմենակ Խանփերյանցի անվան թանգարան, որտեղ նրա կյանքն ու գործունեությունը ներկայացնող լուսանկարներ և փաստաթղթեր էին:  Ադրբեջանցիները քանդել և թալանել են նաև այս թանգարանը։

Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը 2020 թվականից հետո ենթարկվել է մշակութային վանդալիզմի, իսկ 2024թ-ին գյուղն ամբողջությամբ հողին է հավասարեցվել։ Շուշիում և Ստեփանակերտում ոչնչացվել են ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի և ծովակալ Իսակովի կիսանդրիները

Լեռնիկ Հովհաննիսյանն ասում է, որ 2020թ-ի պատերազմից հետո Արցախի իշխանությունները պարբերաբար տեղեկացրել են ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությանը Արցախի  բռնագրաված տարածքներում նաև Հայրենական մեծ պատերազմի զոհերի, հերոսների հուշարձանները ոչնչացնելու մասին, սակայն այդ դիմումները հիմնականում անարձագանք են մնացել։

Կարինե Բախշիյան

Հանրապետության հրապարակում սպասում են Փաշինյանի հրաժարականին

Երեւանի Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ մինչեւ 20․00 ժամանակ են տվել Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալուհամար։ Նրանք հիշեցչել են Փաշինյանի խոսքերն առ այն, որ եթե մարդի հավաքվեն եւ պահանջեն, ես հրաժարական կտամ։

20.00-ին հրաժարական չեղավ։ Սրբազանը ներկայացնում է հետագա քայլերը։

Նա ասել է, որ առաջին քայլը կլինի Ազգային ժողովում Փաշինյանին անվստահություն հայտնելը։

Նա նաեւ ասաց, որ խաղաղ անհնազանդության քայլեր են սկսում։

Հովիկ Ավանեսով․ բոլորի պարտքն է խոսել Շուշիի ազատագրման օրվա, ունեցած քաղաքակրթական նշանակության մասին

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը ֆեյսբուքյան ասուլիսում անդրադարձել է Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման ադրբեջանական քաղաքականությանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի հանցավոր ռեժիմի կողմից ոչ միայն ոչնչացվում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը, այլ նաեւ հիմնովին ավերվում են բնակավայրեր։ Դրա վառ ապացույցը հերոսական Քարին տակ գյուղի հիմնահատակ ավերումն է։

«Եվ սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի նպատակն է ոչնչացնել հայկական հետքն ամբողջ Արցախի տարածքում։ Սա այլ բան, քան մշակութային ցեղասպանություն, մենք չենք կարող անվանել։ Ոչնչացնելով եւ Շուշիում, եւ ամբողջ Արցախում հայկական մշակութային ժառանգությունը՝ Ադրբեջանը ոչնչացնում է համաշխարհային քաղաքակրթության մաս հանդիսացող արժեքներ»,- ասաց նա։

Ըստ Ավանեսովի՝ Ադրբեջանը Շուշիի պատմության հայկական ծագումնաբանությունը հերքում է ու այն ներկայացնում որպես «իսլամական աշխարհի մշակութային կենտրոն»։ «Սրանով սկիզբ է դրվում Արցախի պատմական հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը»,- ասաց նա։

Հովիկ Ավանեսովը նշեց, որ Ադրբեջանի այս քաղաքականությանը միջազգային տարբեր կազմակերպություններ ու տարբեր երկրների ղեկավարներ ոչ միայն չեն հակազդում, այլ նաեւ մասնակցում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ այդ հանցագործ տարրերի կողմից Արցախի օկուպացված տարածքներում կազմակերպվող միջացառումներին։

«Եվ այստեղ մենք ուզում ենք հստակ արձանագրել, որ այն երկրների ղեկավարները, բարձրաստիճան պաշտոնաները, ովքեր ապօրինի կերպով այցելում են օկուպացված բնակավայրեր եւ քայլում են այն վայրերով, որտեղ նախկինում եղել են մշակութային արժեքներ, որոնք հիմա լիովին ոչնչացված են, դառնում են Ադրբեջանի մշակութային ցեղասպան քաղաքականության հանցակիցները։ Եվ հավասար պատասխանատվություն պետք է կրեն այդ մշակութային արժեքների ոչնչացման համար, քանի որ Միազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի համաձայն՝  մշակութային ժառանգության յուրացումն ու ոչնչացումը մարդկության դեմ իրականացված ծանրագույն հանցագործություն է համարվում եւ որակվում է որպես ռազմական հանցագործություն։ Նման ոտնձգությունը մշակութային արժեքների նկատմամբ ռազմական հանցագործություն է եւ չունի վաղեմության ժամկետ»,- ասաց նա։

Ավանեոսվի խոսքով՝ դեռեւս 1920 թվականի մարտի 23-ին, երբ Շուշիում իրականացվեց ցեղասպանություն, սկսեցին ոչնչացնել նաեւ հայկական մշակութային ժառանգությունը: «Սա Ադրբեջանի քաղաքականությունն է, եւ այդ արհեստածին կազմավորումը իր ձեւավորման առաջին օրերից սկսած՝ 1918 թվականից որդեգրել էր հայկական մշակութային ժառանգության յուրացման եւ ոչնչացման քաղաքականություն, որն էլ համարվում է ադրբեջանական հակահայկական քաղաքականության մաս։ Սա 1915 թ. Հայոց ցեղասպանության շարունակությունն էր, հետագայում եւս մենք նման ցեղասպանական քաղաքականության ականատես եղանք: Դա հետեւանքն է այն բանի, որ 1915 թ. Հայերի ցեղասպանությունն արժանի իրավական գնահատական չի ստացել, իրականացնողները չեն պատժվել։ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման եւ յուրացման քաղաքականությունը Ադրբեջանը շարունակեց նաեւ Խորհրդային շրջանում»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմից հետ Շուշի բերդաքաղաքն այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո, բայց մեզնից յուրաքանչյուրի պարտքն է անընդհատ խոսել Շուշիի, նրա ազատագրման օրվա, ունեցած պատմական նշանակության մասին։

Պտտվող պատմություն․ կապույտ ավտոբուսները այլևս Շուշի չեն տանում

Ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից

Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրել է․ 

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից: Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը:

Սամվել Շահրամանյանն արցախյան վերնախավի ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր

Այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը:

Նրան ուղեկցել են Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգեւորականներ, այդ թվում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը: Վերջիններս տերունական աղոթք են հնչեցրել:

Սամվել Շահրամանյանը չպատասխանել լրագրողների հարցերին: