Ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը «Ազատության» հետ զրույցում շեշտել է, որ Մոսկվան ցանկանում է Տավուշում եւ Սյունիքում ռուս սահմանապահներին տեղադրել “Հայաստան-Ադրբեջան սահմանին”։
Նա հիշեցրել է, որ ԵՄ գործընթացը հիմնականում ավարտվել է անցյալ տարվա ամռանը, քանի որ Ալիևը չի գնացել Գրանադա։ Ամերիկացիները հյուրընկալում էին արտգործնախարարներին, բայց այդ գործընթացն էլ առկախվել է։ «Այն, ինչ ունենք, իրականում երկկողմանի գործընթաց է, ինչը լավ է։ Դա ավելի լավ է, քան ոչինչ», ասել է նա:
Սակայն այն, ինչ հետո ասել է դե Վաալը, վկայում է, որ գործընթացը ոչ թե «երկկողմանի է», այլ եռակողմ՝ Ռուսաստանի հովանո ներքո։ Եւ արդյունքում Տավուշի սահմանին կհայտնվեն ոչ թե հայ, այլ ռուս «սահմանապահներ»։
Դժվար թե Փաշինյանն իր քայլերը Ռուսաստանից թաքուն անի կամ չգիտի, որ արդյունքում այնտեղ կկանգնեն ռուսները։ Եւ այդ ֆոնին Փաշինյանի կողմնակիցները մեղադրում են Բագրատ սրբազանի կողմից առաջնորդված շարժումը Ռուսաստանի օգտին գործելու մեջ։ Թեկուզ ոչ ոք ուրիշի տեղ երդումչի կարող տալ, բայց Սրբազանը միանգամից պատասխանեց, հիշեցնելով, որ հենց Փաշինյանն է, որ ռուսներին «բերել է այստեղ, հիմա ո՞ւմ է մեղադրում»։
Հիշեցնենք, որ ըստ հայ-ռուսական պայմանագրի, ռուս սահմանապահները տեղադրված են միայն Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանին։ Իսկ 102-րդ ռուսական բազայի զինվորների տեղակայումը սահմանափակված է Գյումրու եւ Էրեբունի ավիաբազայի տարածքով։ Սակայն 2020 թ․ հետո ՀՀ կառավարության «խնդրանքով» ռուսները հայտնվեցի եւ Սյունիքում, եւ, Տավուշում եւ Երասխում։
Հիմա Ռուսաստանը խնդիր ունի օրինականացնել իր ներկայությունը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանին։
«Ռուսներն իսկապես ցանկանում են մաս կազմել այս սահմանազատման գործընթացին։ Լավրովն ասել է՝ «գիտեք, մենք ունենք լավագույն քարտեզները։ Այսպիսով, դուք պետք է գաք մեզ մոտ՝ որոշելու, թե որտեղով է անցնում սահմանը»: Եվ այստեղ օրակարգն այն է, որ ուզում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին», ասել է Թոմ դե Վաալը։
Նա հիշեցրեց, որ ապրիլի 17-ին ռուս խաղաղապահները հանկարծ առանց նախազգուշացման լքեցին Ղարաբաղը, իսկ ապրիլի 22-ին Ալիևը մեկնեց Մոսկվա։ Հաջորդ օրը՝ ապրիլի 23-ին Իլհամ Ալիևը ասում է՝ «եռակողմ հայտարարությունը պետք է պահպանել»։ «Նա նկատի ունի դրա 9-րդ կետն, որտեղ ասվում է, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահները վերահսկում են Նախիջևան տանող ճանապարհային և երկաթուղային կապը: Այստեղ կարծես թե կա ադրբեջանա-ռուսական միասնական օրակարգ, որ ադրբեջանցիներն իրենց երթուղին հասցնեն Նախիջևան, իսկ դրա դիմաց դա վերահսկվելու է ռուսների կողմից», ասել է նա:
Թոմ դե Վաալը կարծում է, որ «ինչ-որ սահմանային միջադեպեր են տեղի ունենալու, ադրբեջանցիները կասեն՝ «մենք վերահսկողության տակ ենք առնում այս շրջանը /Մեղրիի շրջանը/», իսկ ռուս սահմանապահներն արդեն այնտեղ են»։
Խոսելով Փաշինյանի կառավարության քայլերից, Թոմ դե Վաալը ասում է, որ Հայաստանը, 4 գյուղ հանձնելով, երեւի ուզում է «մեղմացնել» ռուսներին։ Նա չի ասում, որ այս բոլոր քայլերը տանում են Հայաստանի լուծարնման եւ ռուս-թորքական լիակատար վերահսկողության, թեկուզ ասածից հենց դա է երեւում։
Միանգամայն իրատեսական այս սցենարի արդյունքում կստացվի, որ Հայաստանը կորցրել է Արցախը, Տավուշի եւ այլ մարզերի մասեր, իսկ ռուսական զորքերը ոչ միայն դուրս չեն եկել Հայաստանից, այլ իրենց վերահսկողության տակ են վեցրել Հայաստանի բոլոր սահմանները եւ Վրաստանից եւ Իրանից մտնող բոլոր կոմունիկացիաները։ Դրանից հետո Ալիեւը կասի, որ ճանապարհների մասին կխոսի ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ, ինչպես դա արել է Արցախում։
Նաիրա Հայրումյան