Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան): Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Month: Մայիս 2024
«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի
Առատ տեղումների հետևանքով Երևանում խնդիրներ են արձանագրվել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին կրկին զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Վերջինս ընդգծեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի:
Ալեն Սիմոնյանը Բաքվի հետ խնդիր չունի, միայն “երրորդ երկրների” հետ
«Ես ասել եմ՝ դեռ անցյալ տարվա վերջից խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն կար, քաղաքական կամք էր պետք Ադրբեջանի կողմից։ Եվ հույս ունենք՝ այս գործընթացը, որը տեղի էր ունենում, եւս մեկ ազդակ է, որ այդ պրոցեսը պետք է եւ հնարավոր է շատ արագ ավարտին հասցնել, որովհետեւ հայկական կողմն այդ ուղղությամբ գնալու է եւ մշտապես աշխատանքներ է իրականացնելու»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ալիեւը հայտարարել էր, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» նախագիծը մշակվել է Ադրբեջանի պահանջների հիման վրա։ Անդրադառնալով այդ հարցին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ամբողջությամբ միջազգային նորմեր են դրված, որոնք նաեւ մեր մոտեցումներն են։ Եվ բոլոր այն հարցերում, որտեղ հակասություններ կան, հայկական կողմը դրանք մերժում է, եւ դրա ապացույցն այն է, որ պայմանագիրն արդեն որերորդ անգամ գնում ու գալիս է։ Բա ինչո՞ւ է գնում-գալիս, որովհետեւ իրենք իրենց առաջարկն են ուղարկում, մենք ասում ենք՝ չէ, սրանք էլ մեր առաջարկներ են։ Դրա համար պրոցեսն այսպես երկարում է»։
Ալեն Սիմոնյանը հավելեց, որ Ադրբեջանի հետ տարաձայնություն չկա․ «Հերթով կետերով գնում ենք, միջազգային սկզբունքների հիման վրա է արվում։ Կարեւոր է, որ երկակի մեկնաբանություններն չլինեն, նոյեմբերի 9-ի փաստաթուղթի հետ կապված որոշ երկրներ ու քաղաքական գործիչներ փորձեցին երկակի մեկնաբանություն անել։ Եվ դա լավ դաս է բոլորիս համար, որ բոլոր ձեւակերպումները երկու կողմից համար հասկանալի լինեն, թե ինչի մասին է այդ ձեւակերպում»։
ՀՀ դատախազությունը գործ հարուցե՞լ է Արցախի հայաթափման առիթով․ Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խորհրդարանում Գլխավոր դատախազի հաղորդման ներկայացման ժամանակ հայտարարեց, որ Գլխավոր դատախազի կողմից չկա որեւիցե խոսք այն կարեւոր իրականության վերաբերյալ, որ տիրում է սահմանազատման եւ սահմանագծման կամ ավելի ճիշտ՝ միակողմանի զիջումների ընթացքում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման, տարածքային ամբողջականության դեմ իրականացվող առերեւույթ հանցագործությունների վերաբերյալ։
«Ավելի կոնկրետ՝ առանց որեւէ իրավական հիմքի, միջազգային իրավագիտության եւ առաջավոր փորձի, սկզբունքների խախտմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո գտնվող տարածքների՝ թշնամուն հանձնելու վերաբերյալ տեղեկություններ կան: Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2.4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1․2 կմ, այն էլ այնպիսի դիրքերի դասավորվածություն կա, որ բարձունքները կանխարգելիչ են, եւ հակառակորդը շատ փոքր տարածքներում է, որ կարող է ուղիղ նշանառությամբ հեռահար միջոցներով խոցել»,- ասաց նա։
Օհանյանի խոսքով՝ 2023 թվականը հայ ժողովրդի համար եղել է ամենացավալի ու ողբերգական տարին։ Ադրբեջանի կողմից կատարված հանցագործության պատճառով մի ամբողջ Արցախի Հանրապետություն հայաթափվեց, չակերտներով ասած՝ «հակաահաբեկչական» գործողություններով քողարկված հանցագործություն կատարվեց Արցախի ժողովրդի եւ նրա կողմից ընտրված օրինական ռազմական, քաղաքական ղեկավարության, Արցախի ժողովրդի ինքնորոշման պաշտպանության համար օրինական ձեւավորված Պաշտպանության բանակի հանդեպ:
“Ըստ էության, ցեղասպանության ականատես մենք դարձանք: Կա՞ արդյոք գլխավոր դատախազությունում այս ամենի՝ Արցախի հայաթափման եւ Հայաստանի ինքնիշխանության ներքո, իր տիրապետության տակ գտնվող տարածքների միակողմանի հանձնմանը գնահատականը: Արդյոք լիարժե՞ք են բոլոր այն գործողությունները, որ մենք իրականացնում ենք մեզ մոտ ու նաեւ միջազգային հարթակներում՝ Ադրբեջանի հանցագործությունը պարզելու, դատապարտելու ուղղությամբ։ Կա՞ն դավաճանական գործողություներ ՀՀ իշխանությունների կողմից, դուք տեսնո՞ւմ եք։ Իհարկե, կասեք, որ չեք տեսնում, բայց ի՞նչ գիտեք, վարույթ հարուցե՞լ եք, որպեսզի պարզեք։ Վարույթի հարուցումն է այն գործողությունը, որը պետք է պարզի այս ամեն ինչի օրինականությունը»:
Սեյրան Օհանյանը կոչ արեց բացել Ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ գրված է, որ ՀՀ իշխանությունները կկանխարգելեն Արցախի Հանրապետության հանդեպ ցանկացած բռնագաղթեցում։ Իսկ թե ինչ կատարվեց, բոլորս գիտենք։
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին իր կնոջ հետ այցելել է Շուշի և Ֆիզուլի, հայտնել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները վերջերս քննադատում էին դեսպանին, պնդելով, որ նա խուսափում է այցելել Շուշի։
«Միակողմանի զիջում չկա, մենք սահմանն ենք գծում, ուրի՞շ»
«Ի՞նչ պահանջ ու առաջարկ ունեն նրանք, ես քաղաքական գործիչ եմ, բայց քաղաքական առաջարկ չեմ լսել։ Եթե իրենց առաջարկը Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, եւս մեկ քայլով հարձակվելը, չգիտեմ, թող ջոկատներ կազմեն։ Ես նույնիսկ չեմ հասկանում՝ սա ի՞նչ պրոցես է, որովհետեւ մենք կրոնապետությո՞ւն ենք, ինչո՞վ ենք մենք հիմա զբաղված, ի՞նչն է առաջարկը։ Քաղաքացին պետք է առաջարկ ունենա, երբ ինչ-որ մեկն ասում է՝ ես սրան դեմ եմ, ինքը պետք է առաջարկ ներկայացնի»,- ԱԺ-ում լրագրողներիկ հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժմանը։
«Կասեցնել սահմանազատումը, նշանակում է, որ դեմ են սահմանազատմանը։ Հայաստանի Հանրապետությունը միակողմանի զիջումների չի գնում, ֆիքսում է իր սահմանը, եւ այդ գործընթացը շարունակվելու է, այն քարտեզներով, որոնք ունեն հիմքեր։ Իսկ այդ քարտեզներին ու իրավական հիմքերին մենք ամբողջությամբ տիրապետում ենք։ Միակողմանի զիջում չկա, մենք սահմանն ենք գծում, միջազգային նորմերին համապատասխան ենք անում, ուրի՞շ»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը միակողմանի զիջումների գնում ու հանձնում երկրի տարածքները։
Անադրադառնալով իշխանափոխության մասին հարցին՝ Սիմոնյանն ասաց․ «Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններով, որոնք տեղի են ունենալու 2026 թվականին։ 2018-ին Հայաստանում իշխանությունը ձեւավորված չէր ընտրությունների միջով, եւ ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը, ընտրեց իր ցանկացած իշխանություններին, դրանից հետո 2021 թվականին նորից գնաց ընտրությունների եւ ձեւավորեց իշխանություն։ Հաջորդ ընտրությունները կարող են ձեւավորվել միայն ընտրությունների միոջոցով»։
Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը նախատեսված է մայիսի 7-ին։
Օրերս Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քննարկում են ԵԱՏՄ նիստին իր մասնակցությունը, իսկ ՌԴ նախագահի երդմնակալության վերաբերյալ հարցն անպատասխան էր թողել։
Ռուսաստանը հետախուզում է հայտարել Ավակովի նկատմամբ
Ռուսաստանի ՆԳՆ-ն Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովին հայտարարել է հետախուզման մեջ՝ մայիսի 6-ի դրությամբ նրա անունը հայտնվել է գերատեսչության տվյալների բազայում։ Քարտում ասվում է, որ ՆԳՆ-ն փնտրում է ազգությամբ հայ Ավակով Արսեն Բորիսովիչին, որը ծնվել է Բաքվում 1964 թվականի հունվարի 2-ին։ Միևնույն ժամանակ, տվյալների բազան չի նշում, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է հետախուզվում Ավակովը, ով ավելի վաղ Ռոսինֆոմոնիտորինգը ներառել էր «ահաբեկիչների» և «ծայրահեղականների» ցուցակում։
Ավելի վաղ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել Ավակովի դեմ՝ 2018 թվականի ՌԴ նախագահական ընտրություններում քաղաքացիների քվեարկությանը խոչընդոտելու համար։ Ըստ քննիչների՝ Ավակովը դավադրության մեջ է մտել մի խումբ մարդկանց հետ և հանձնարարել է նախարարության աշխատակիցներին կանխել ռուսների մուտքը Կիևում, Լվովում, Օդեսայում և Խարկովում գտնվող ռուսական դիվանագիտական հաստատությունների ընտրատեղամասեր։
Արսեն Ավակովը Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավարն է եղել 2014-2021 թվականներին նախագահներ Պյոտր Պորոշենկոյի (2014-2019) և Վլադիմիր Զելենսկու օրոք։ 2012-2014 թվականներին եղել է Գերագույն Ռադայի պատգամավոր, իսկ 2005-2010 թվականներին ղեկավարել է Խարկովի մարզային վարչությունը։
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։
«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,-հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Նշենք, որ վիրավորին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, հետո երեւի կտեղափոխվի Երեւան:
Իսրայելը Ռաֆահի բնակիչներին կոչ է անում տարհանվել
DW
Իսրայելը, Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում ռազմական գործողության նախապատրաստման ֆոնին, սկսել է բնակչության տարհանումն այս քաղաքից։ Իսրայելի զինվորականները երկուշաբթի օրը՝ մայիսի 6-ին, Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահի արևելյան շրջանի բնակիչներին կոչ են արել տեղափոխվել «ընդլայնված մարդասիրական տարածք», որը գտնվում է մի քանի կիլոմետր դեպի հյուսիս, Ալ-Մավազի ճամբարը Միջերկրական ծովի ափին։
Իսրայելական բանակը հայտնել է, որ Ռաֆահի բնակիչներին իրազեկում է տարհանման մասին պաստառների, տեքստային հաղորդագրությունների, հեռախոսազանգերի և արաբերեն լրատվամիջոցների հաղորդագրությունների միջոցով: «Այսօր առավոտյան մենք գործողություն ենք սկսել արևելյան Ռաֆահի բնակիչներին ժամանակավորապես տարհանելու համար»,- առցանց մամուլի ասուլիսում ասել է իսրայելական բանակի ներկայացուցիչը՝ հավելելով, որ տարհանումն ընդգրկում է մոտ 100,000 մարդ։
Կահիրեում Իսրայելի և իսլամիստական արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունները՝ հրադադարի և պաղեստինցի բանտարկյալների դիմաց պատանդների ազատ արձակման շուրջ, ավարտվել են անհաջողությամբ։ Ռաֆահում մոտ 1,2 միլիոն պաղեստինցիներ ապաստան են գտել, փրկվելով իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտերից։ Իսրայելի կառավարությունը Ռաֆահը համարում է Պաղեստինի տարածաշրջանում ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետը և մտադիր է ջախջախել մնացած զինյալ խմբավորումներին։ Ենթադրվում է, որ իսրայելցի պատանդներ կան նաև Ռաֆահում:
Դաշնակիցները ամիսներ շարունակ զգուշացնում են Իսրայելին Ռաֆահում ռազմական գործողությունների մասին՝ վախենալով բազմաթիվ քաղաքացիական զոհերից, սակայն Իսրայելը հարձակումը կարևոր է համարում ՀԱՄԱՍ-ի ռազմական հնարավորությունները տապալելու համար՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում խմբավորումը միայն կուժեղանա պատերազմից հետո:
Նախօրեին ՀԱՄԱՍ-ի զինյալները հրթիռակոծել էին Իսրայելի սահմանային Քերեմ Շալոմ անցակետը, ինչի հետևանքով զոհվել էին երեք իսրայելցի զինվորներ: Քերեմ Շալոմը Իսրայելից Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման ամենակարեւոր սահմանակետն է։ Հարձակումից հետո Իսրայելը փակել է այն մարդասիրական տրանսպորտի համար և պատասխան հարվածներ է հասցրել Ռաֆահի մերձակայքում գտնվող բնակավայրին, որտեղից, ենթադրաբար, հրթիռներն արձակվել են։ Հաղորդվում է, որ ինը պաղեստինցի է զոհվել:
«Ես կարծում եմ, որ դա ահաբեկչություն էր, քանի որ բոլորը հիմնականում փորձում էին պահպանել անվտանգության կանոնները»
Գեւորգ Գասպարյանը ծնվել է 1981 թվականին Ստեփանակերտում։ Նա վերապրել է Արցախյան առաջին պատերազմի բոլոր դժվարությունները եւ ամեն ինչ հիշում է, չնայած երիտասարդ տարիքին։
Այդ պատերազմում վիրավորվել է Գեւորգի հայրը։ Գեւորգը հիշում է կրակի տակ սարսափելի անքուն գիշերները, պաշարման սոված ու ցուրտ օրերը։
Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո թվում էր, թե խաղաղություն է եկել։ Բոլորը կարծում էին, որ հաղթանակը երկարաժամկետ կայունություն կբերի տարածաշրջանին։ Սակայն 30 տարվա փխրուն խաղաղությունից հետո Արցախը կրկին ներքաշվեց պատերազմի մեջ։
Առողջական պատճառներով Գեւորգը չի կարողացել մասնակցել 44-օրյա պատերազմի մարտերին։ Բայց նա հետ չմնաց և օգնեց, ինչպես կարող էր, թիկունքում։ Ցավոք սրտի, պատերազմի ելքը ողբերգական դարձավ ողջ հայ ժողովրդի համար։ Չնայած այս արդյունքին, Գեւորգը շարունակեց ապրել և աշխատել հայրենիքում։
Նա ուներ իր բիզնեսը՝ MV տաքսի ծառայություն։ Շրջափակման ժամանակ վառելիքի պակասի պատճառով նա ստիպված է եղել դադարեցնել դերվիի աշխատանքը և համալրել աշխարհազորի շարքերը։ 2023 թվականի սեպտեմբերին, երբ սկսվեց մեկօրյա պատերազմը, նա գտնվում էր Շուշիի մերձակայքում գտնվող մարտական դիրքում։
«Ամեն ինչ հանկարծակի սկսվեց։ Մենք կանոնավոր մարտական հերթապահություն էինք իրականացնում։ Սկսվեց հրետակոծությունը։ Հակառակորդը գրոհում էր թե՛ ցամաքից, թե՛ օդից։ Ուժերն անհավասար էին, բայց մենք չհանձնվեցինք։ Հրաման է ստացվել դիմադրել մինչև հաջորդ օրը ժամը երկուսը, քանի որ, ասում էին, հրադադարի պայմանավորվածություն կա։ Հաջորդ օրը ռազմական գործողությունները դադարեցվեցին, ինչպես պայմանավորված էր: Մեզ զինաթափ արեցին ու տուն ուղարկեցին։ Տուն վերադառնալուն պես ես Կարմիր խաչի աշխատակիցների հետ սկսեցի որոնել մարտական դիրքից անհայտ կորած հարազատիս։ Բայց նրան այդպես էլ չգտանք։
Երբ վերադարձա տուն, լսեցի տարհանման մասին և որոշեցի օգնել իմ հարեւաններին, ովքեր վառելիք չունեին։ Քանի որ մեքենաս արդեն լիցքավորված էր, կարողացա բոլոր հարեւաններիս տանել վառելիքի պահեստ։ Մինչ մենք վառելիքի հերթ էինք կանգնոած, պայթյուն տեղի ունեցավ։
Ես կարծում եմ, որ դա ահաբեկչություն էր, քանի որ հիմնականում բոլորն այնտեղ փորձում էին պահպանել անվտանգության կանոնները։
Պայթյունի ալիքն ինձ գցեց չանի տակ։ Երբ արթնացա, շուրջբոլորը կրակի մեջ էր, ձեռքերով փակեցի բերանս, որպեսզի ծուխը կուլ չտամ։ Մարմնիս խորը այրվածքներ ունեի, կրծքավանդակի հատվածում՝ կոտրվածք։ Այդ պահին գլխումս մի քանի միտք անցավ. «Միայն թե երեխաս առանց հայր չմնար։ Տեր, խնդրում եմ, եթե ինձ տանես, ապա առանց ցավի տար»։ Եվ այդ պահին լսեցի անծանոթի ձայնը. «Տո՛ւր ինձ քո ձեռքը»”։
Տղամարդը նրան դուրս է բերել կրակի միջից. Փրկարարները Գեւորգին տեղափոխել են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նա տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հետագա բուժման նպատակով։ Բժիշկներին հաջողվել է փրկել Գեւորգի կյանքը, սակայն, ցավոք, չեն կարողացել փրկել նրա մատները։ Նա 29 վիրահատության է ենթարկվել։
Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի բժիշկների և մասնագետների շնորհիվ Գևորգը ապաքինվում է և պատրաստվում է ձեռք բերել մատների պրոթեզ։ Սակայն ժամանակակից պրոթեզ ձեռք բերելու համար Գեւորգը ֆինանսական աջակցության կարիք ունի։
Այժմ Գեւորգն ընտանիքով բնակարան է վարձում Երեւանում։ Ընտանիքում ոչ ոք չի աշխատում. Գևորգի հայրը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հաշմանդամ է։
Գեւորգը վստահ է, որ պրոթեզավորումից հետո կկարողանա վերադառնալ լիարժեք կյանքի եւ պահել ընտանիքը։
Արսեն Աղաջանյան
Հասարակությունը գիտակցում է, որ Արցախի հանձնումն էր, որ Հայաստանին տարավ աղետալի հետեւանքների
Ադրբեջանին հայկական հողերի միակողմանի հանձնման դեմ Տավուշում բողոքի ցույցերը վերածվեցին «Համահայկական շարժման»։ Ցուցարարները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ոտքով շարժվեցին դեպի Երեւան, որտեղ խոստանում են լինել մայիսի 9-ի կեսօրին։
Բողոքի ակցիաներին առաջին իսկ օրերից միացան տարբեր քաղաքական ուժեր, որոնք հակասություններ առաջացրեցին և ստվեր գցեցին տեղի բնակիչների պահանջների ազնվության ու արդարության վրա: Մարդիկ մտահոգված են, բառիս բուն իմաստով, իրենց տների և ընտանիքների ճակատագրով՝ «սահմանազատման և սահմանագծման» քաղաքականությունը կարող է զրկել նրանց տանիքից կամ ադրբեջանցիներին այնքան մոտեցնել իրենց տներին, որ այնտեղ ապրելը կդառնա վտանգավոր և անտանելի:
Ակնհայտ է, որ որոշ քաղաքական ուժեր փորձում են «հեծնել» բողոքի ալիքը և օգտագործել այն Ռուսաստանին ծառայելու և նրա շահերը առաջ տանելու համար։ Սակայն մյուս կողմն էլ կա՝ առանց բողոքի ոչինչ չի խանգարի իշխանություններին կյանքի կոչել հայոց պետականությունը վերացնելու ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի հանցավոր ծրագիրը։ Եվ այս մտադրությունը վարչապետ Փաշինյանը շարադրում է իր յուրաքանչյուր ելույթում։
Վերջին հայտարարությունն ամբողջովին ցնցեց հայ հասարակությանը. վարչապետն ասում է, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ ժամանակին ապրել են Հայաստանում և մասնավորապես Երևանում եւ այսօր ցանկանում են վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը։ Այսինքն՝ Փաշինյանն արդեն իրականացնում է «արևմտյան ադրբեջանի» ծրագիրը։
Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարության ղեկավարը երբեք չի հիշատակում Բաքվում, Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ), Մինգեչևիրում, Շահումյանի, Խանլարում, Շեմախայում, Շամխորի շրջաններում բնակված 500 հազար հայերի մասին, էլ չենք խոսում Արցախի և Նախիջևանի մասին։
Ի՞նչ է սա, եթե ոչ ազգային դավաճանություն և կոլաբորացիոնիզմ։ Ավելին, այս ամենը ցինիկաբար ծածկված է «հանդուրժողականությամբ» և պատերազմից խուսափելու ցանկությամբ։
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը ուղեկցվում է «Եք գնանք Արցախ» երգով, որը շատ խորհրդանշական է։ Անկախ նրանից, թե ինչպես է Հայաստանի վարչապետը փորձում մարդկանց համոզել, որ իր ողջ գործունեությունն ուղղված է իր հարևանների հետ «խաղաղություն հաստատելուն», պետական մակարդակով խորացնելով հասարակության պառակտումը, հանրությունն ավելի ու ավելի է գիտակցում, որ Արցախի հանձնումն էր, որ Հայաստանը տարավ աղետալի հետևանքների։
Արցախը և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ իրականում անկախությունը ադրբեջան կոչվող ահաբեկչական սուբյեկտից եղել և մնում են հայկական պետականության գոյության առանցքը։
Ըստ ամենայնի, ամերիկյան կողմն եւս այս ըմբռնումն ունի։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հրաժարվեց Շուշի գնալ՝ ասելով խորը ենթատեքստով հետևյալ խոսքերը. «Պարզ է, որ վերադարձված տարածքները տարբերվում են։ Այնուամենայնիվ, ես չեմ ուզում լինել ինչ-որ մեկի շոուիմասնակից եւ ինչ-որ տեղ ճանապարհորդել դրա շրջանակներում: Այնպես որ, երբ ժամանակը գա դա անելու, ես դա կանեմ»: Դիվանագիտականից սովորական լեզվի թարգմանված՝ դա նշանակում է, որ Ալիևի վստահությունը, որ Արցախի հարցը լուծված է, կասկածի տակ է դրվում։
Նույն հայտարարությունները կարվեն, եթե Փաշինյանին հաջողվի իրականացնել Ալիևի բոլոր ծրագրերն արդեն Հայաստանի տարածքում։ Ըստ ամենայնի, աշխարհը դեռ տարակուսանքի մեջ է, թե Հայաստանի իշխանությունը որքան հեռու է գնալու սեփական պետությունը կործանելու գործում։ Մինչ բոլորը զբաղված են իրենց խնդիրներով (ընտրություններ ԱՄՆ-ում, պատերազմ Ուկրաինայում, Եվրոպայի խառնաշփոթը Ռուսաստանի կողմից իրեն սպառնացող վտանգի առաջ), ռուս-թուրք-ադրբեջանական եռյակը փորձում է օգտագործել հայկական կառավարության անողնաշարությունն ու կոռուպցիան իր նպատակներին հասնելու համար։
Ցեղասպանությունից մազապուրծ արցախցիների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը, սոցիալական, քաղաքական և իրավական խնդիրների լուծելուց հրաժարվելը սպառնում է հանգեցնել Հայաստանի բնակիչների բղոքի, ովքեր սկսել են վտանգ զգալ իրենց տների և ընտանիքների համար։
Համաժողովրդական շարժման հաջողությունը կախված կլինի հանրության գիտակցությունից, թե արդյոք պետականության կործանման և հայկական տարածքները թշնամուն հանձնելու շարժման առաջնորդները կկարողանա՞ն կանխել այլ պետությունների խարդախների և գործակալների փորձերը “յուրացնել” արդար պայքարը և դրա արդյունքները։
Մարգարիտա Քարամյան